Պարզվում է՝ նախագահի կարատեիստ թեկնածուն՝ Տարոն Աբրահամյանը, որը հայտարարեց ընտրապայքարից դուրս գալու մասին, տիրապետում է հիպնոսի որոշակի տարրերի: Ասում է, որ դա մարտարվեստում պետք է՝ սեփական անձը կառավարել կարողանալու համար:
Նա Aravot.am-ին վստահեցրեց, որ երկրի նախագահը պարտադիր պիտի կարողանա հիպնոսի տիրապետել, որ հակառակորդին ուղղորդի այն միտքը, որն ուզում է. «Դա պարտադիր է: Ցանկացած պետության ղեկավարի կարելի է ուղղորդել: Քաղաքականության մեջ լրջորեն կիրառվում է խոսքային հիպնոսը»: Դրա միջոցով, ըստ կարատեիստի, հնարավոր է Ղարաբաղյան հարցն էլ լուծել՝ թշնամուն ներշնչել, որ ճանաչեն ԼՂՀ ինքորոշման իրավունքը:
Մենք խնդրեցինք մասնագիտական գնահատական տալ, թե ՀՀ երեք նախագահներից ով է ավելի շատ տիրապետում հիպնոսի գաղտնիքներին. «Խոսքային ազդեցիկ հնարավորություններից ՀՀ ներկա նախագահը կարողանում է խոսել, բայց ազդեցիկ մասը չի կարողանում տեղ հասցնել: Պետք է աշխատել»,- ասաց Տարոն Աբրահամյանը՝ ավելացնելով, որ նա պարապելու տեղ ունի: Ինչ վերաբերում է Լեւոն Տեր-Պետրոսյանին, ըստ մեր զրուցակցի՝ «նա 2008-ին փորձում էր կիրառել հիպնոսը՝ շարժումներով անգամ, բայց չստացվեց, իսկ Քոչարյանը հիպնոսից հեռու էր, փորձեց այլ մեխանիզմներ օգտագործել, որն իրեն հանեց արենայից»:
Մեր հարցին՝ պատրա՞ստ եք պարապել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ՝ նա պատասխանեց. «Ե՞ս: Չէէէ: Ես ժամանակ չունեմ: Ես իմ ռեսուրսը իմ սպորտում եւ իմ գործունեության մեջ եմ օգտագործում, դրա համար մինչեւ հիմա ձեր կողքը նստած եմ»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ