Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ի պայմանը՝ ԲՀԿ-ին. «Եթե վերադառնան կոալիցիա՝ պաշտոններ կլինեն»

Հունվար 10,2013 20:50
mkrtich minasyan

Այսօր Aravot.am-ը ՀՀԿ պատգամավոր Մկրտիչ Մինասյանից հետաքրքրվեց, թե ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ Սերժ Սարգսյանը համաձայնության չի՞ եկել` հետընտրական շրջանի համար` տալ նրան ինչ-որ պաշտոններ, վարչապետի պորտֆելը: Նա պատասխանեց. «Ես այդպիսի քննարկումներից տեղյակ չեմ: Նման քննարկում խորհրդում գոնե չի եղել, չկա: Ճիշտն ասած, ես  չեմ էլ հավատում այդպիսի բաների, որ կարող են համաձայնության գալ: Դա եթե լինի` հրապարակային կլինի: Եթե ԲՀԿ-ն կոալիցիոն կազմում չէ, ո՞նց եք պատկերացնում, որ նա լինի կառավարության կազմում, այն էլ` վարչապետի պաշտոնում: Սա աբսուրդ է: Նման բան չի կարող լինել: ԲՀԿ-ն պայքարում էր, որ ԱԺ-ում բացարձակ մեծամասնություն ունենային, որը չունեցան: Եթե ունենային` նոր վարչապետի պաշտոնը իրենցը կլիներ, որովհետեւ Սահմանադրությամբ այդպես է նախատեսված»:

Մկրտիչ Մինասյանը նշեց այն պայմանը, որի դեպքում նոր միայն հնարավոր է Սերժ Սարգսյանը ԲՀԿ-ին որոշ պաշտոններ տա. «Եթե իրենք ցանկություն հայտնեն վերադառնալ կոալիցիա, բնականաբար, այդ դեպքում պաշտոններ կլինեն: Բնական է, կոալիցիայի կազմում գտնվող բոլոր կուսակցությունները իշխանության մաս պիտի կազմեն»:

Թե ի՞նչը հիմք հանդիսացավ, որ Գագիկ Ծառուկյանը որոշեց չմասնակցել ընտրություններին եւ չսատարել ոչ մեկի, արդյո՞ք իր բիզնեսները պահպանելու ցանկությունը ստիպեց ընդունել, որ Սերժ Սարգսյանի հետ չարժե առճակատման գնալ՝ այս հարցին Մկրտիչ Մինասյանը պատասխանեց. «Կարծում եմ` հիմք հանդիսացավ ավելի շատ իր քաղաքական վերլուծությունը, իր շուրջ հավաքված մարդկանց խորհուրդները: Նրանք այդ վերլուծությունների ընթացքում համոզվել են, որ այն հնարավորությունները, որոնց մասին խոսում էին, չունեն, ավելի լավ է կեսից հետ կանգնեն»:

Ըստ Մկրտիչ Մինասյանի, ԲՀԿ-ականները եւ հանրությունը պետք է առանձնապես մեծ անակնկալի չգային Գագիկ Ծառուկյանի որոշումից, որովհետեւ «վերջին հաշվով մենք հստակ գիտենք, որ Գագիկ Ծառուկյանի առաջադրման դեպքում եւս Սերժ Սարգսյանը հսկայական առավելություններ ուներ: Սա աներկբա է: Դա իրականությունն է»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031