Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Բալասանյանը Վարդան Ղուկասյանից ժառանգել է ընդամենը մեկ փչացած ձյունամաքրիչ «Գրեյդեր»

Հունվար 10,2013 18:56

Չնայած Գյումրու քաղաքապետարանը  մի քանի  օր առաջ անակնկալի էր բերել  գյումրեցիներին` տեղը տեղին մաքրելով մի քանի կենտրոնական փողոցներ, սակայն այսօր քաղաքի վիճակը դարձյալ նյարդայնացնում էր բնակիչներին ու հատկապես  միկրոավտոբուսների վարոդներին, որոնք  թաղվել ու չէին կարողանում շարունակել ուղին:Եվ առհասարակ  Aravot.am-ը տարբեր ահազանգեր է ստանում գյումրեցիներից այն մասին, որ մայթերի վրա գործ չեն  անում, երկրորդական փողոցներին առհասարակ ուշադրություն չեն դարձնում, Գյումրու նորաբաց բժշկական կենտրոնում  այլևս  կոտրվածքով հիվանդների համար տեղ չկա:

Այս թեմայի շուրջ  Aravot.am-ը պարզաբանումներ խնդրեց Գյումրու քաղաքապետարանի կոմունալ  բաժնի պետ Կնյազ Մանասյանից:Մենք նրանից  հետաքրքրվեցինք` մի՞թե գյումրեցու ձմեռային ուրախությունը ընդամենը  մեկ օր է տևում,  և ե՞րբ կգա այն ժամանակը,  որ այս քաղաքի բնակիչներն էլ գոհ կլինեն իրենց ձմեռային կյանքից, մոռանան հիվանդանոցի ճանապարհը, որն,  ի դեպ, այսօր  նույնպես սառցակալված էր:

Քաղաքապետարանի պաշտոնյան  հավաստիացրեց, որ գրեթե ամեն օր գործ է արվում Գյումրու փողոցներում, հատկապես այնտեղ, որոնք ծառայում են որպես երթուղի: «Այսօր աշխատանքները սկսել ենք գիշերը ժամը 4-ից, քանի որ երեկ երեկոյան մի փոքր  սառցակալվել էին փողոցները, մենք  կատարել ենք փողոցների մշակման աշխատանքներ  աղով և ավազով , սակայն առավոտյան սկսվեց բուքը, և մեր ունեցած  տեխնիկան  անմիջապես տեղափոխեցինք քաղաքի հյուսիս-արևմտյան մասեր:Սավոյան փողոցում թաղվել էին թիվ 14 երթուղային միկրոավտոբուսները, ուղարկել ենք մեկ «Գրեյդեր» (սա ձյունամաքրիչ մեքենա է)  և մեկ տրակտոր , որպեսզի օգնեն դուրս բերելու և ճանապարհը մաքրելու:Երկու տեխնիկա ուղարկել ենք  Մուշ թաղամաս, քանի որ հյուսիսային մասից ուժեղ քամիներ էին փչում, և փակել էին Մուշ տանող բոլոր ճանապարհները:Բացել ենք Մուշի ճանապարհները, հասարակական տրանսպորտի բոլոր երթուղիները գործել են նորմալ` առանց խափանումների:Ուղիղ 4 անգամ բացել ենք Մուշ թաղամասը Ավստրիական ու Անի թաղամասերին  կապող ճանապարհը, յուրաքանչյուր  կես ժամը մեկ փակվում էր ճանապարհը, նորից էինք բացում , նորից էր փակվում, հիմա մեր «Գրեյդերներից» մեկը  գտնվում է այդ թաղամասում»,-հաշվետվության ձևով ներկայացրեց քաղաքապետարանի պաշտոնյան:

Նրա տեղեկացմամբ` փակվել էր նաև Շիրակ օդանավակայան տանող ճանապարհը, իսկ քանի  վայրէջքները այս պահին Գյումրիում են կատարվում, հետևաբար և իրենք անմիջապես  տեխնիկա են ուղարկել `օդակայանի ճանապարհը   բացելու համար:

Ըստ Կնյազ Մանասյանի,  աշխատանքներ են տարվել նաև Անի թաղամասի 3-4 կենտրոնական փողոց բացելու ուղղությամբ: Ըստ նրա, այս թաղամասի որոշ փողոցներ, օրինակ` Մինաս Ավետիսյանը խոցելի  է, քանի որ գտնվում է հյուսիսային մասում : «Որևէ երթուղի չի տուժել բացի թիվ 14 միկրոավտոբուսից, որը թաղվել էր, դուրս բերեցինք, հիմա  նորմալ գործում է», -ասաց Կյնազ Մանասյանը: Մեր այն դիտարկմանը, թե ուզո՞ւմ եք ասել` որևէ մեկը ձեզ չի՞ կարող մեղադրել աշխատանք չկատարելու համար, պաշտոնյան պատասխանեց. «Դա թողնում եմ իրենց խղճին»: Նա նաև ասաց, որ Գյումրու քաղաքապետարանի ունեցած տեխնիկան բավարար  չէ քաղաքը լիարժեքորեն մաքրելու համար: «Ես բազմիցս եմ նշել, որ մեր տեխնիկան 3 անգամ պակաս է , քան անհրաժեշտ է և բնականաբար այդ տեխնիկայով քաղաքը լիարժեք մաքրել ձյան շերտից,  հնարավոր  չէ:Մայթերի մասով ասեմ, մենք ընդունում ենք, որ մայթերը ամբողջությամբ չենք կարող մաքրել, կան օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ, մի պատճառը, արդեն ասացի. չունենք անհրաժեշտ քանակի տեխնիկա, համապատասխան բանվորական ուժ: Մյուս պատճառն այն է . դուք գիտեք, որ հիմնականում օբյեկտները սեփականաշնորհված են , նոր կառուցված  օբյեկտներ են, և յուրաքանչյուր  սեփականատեր իր կառույցի դիմաց իր ճաշակին հարմար, իր հնարավորությունների սահմաններում կառուցել է մայթեր, ավելի ճիշտ  աստիճանավանդակներ:Այդ աստիճանավանդակների մեծ մասը զբաղեցրել են մայթերի հատվածները, նույնիսկ մայթ գոյություն չունի, մարդիկ անցնում են փողոցով, բնականաբար դրանք խոչընդոտ են  հանդիսանում մայթերի մաքրմանը: Չնայած պիտի ասեմ, որ սա երբևիցե չի արդարացնում մեզ»:

Մեր ճշտող այն հարցին էլ` նախորդ քաղաքապետի օրոք  տեխնիկա չի՞ եղել, որ հիմա նեղն եք ընկել,  Կնյազ Մանասյանը տեղեկացրեց, որ իրենք  ժառանգություն են ստացել լիովին անսարք վիճակում գտնվող մի «Գրեյդեր» , որի վրա երկու ամիս  չարչարվել են` սարքելու համար, երեկ նոր միայն հաջողվել է հանել փողոց:Ըստ պաշտոնյայի, քաղաքապետարանը գնել է նոր մի «Գրեյդեր» ևս, աշխատեցնում են  նաև Գագիկ Ծառուկյանի նվիրած 10 տրակտորներից 5-ը, որը համարացրել են Գյումրու եղանակային պայմաններին ու նաև ունեն նախկինից ժառանգած 3 ջրացան մեքենաներ:

Իսկ  հնարավոր չէ՞  Գյումրին մաքրել տեխնիկա վարձակալելով, անցած տարի կարծես թե նման պրակտիկա եղավ Գյումրիում, հարցրեցինք մենք: «Ինչքան ինձ հայտնի է,  անցած տարի Գյումրի բերեցին ձյուն մաքող հզոր  մեքենա Էջմիածնից,  եթե չեմ սխալվում մարզպետ Աշոտ Գիզիրյանի խնդրանքով  եկել էին մեր քաղաքին օգնության , բայց չգիտեմ վարձակալել էին, թե ոչ:Իսկ վարձակալելը թանկ հաճույք է, բնականաբար մենք այդքան միջոցներ չունենք  մենք մեր պարկը պետք է ստեղծենք»:Իսկ ե՞րբ , կգա՞ երանելի այն ժամանակը, երբ Գյումրին պատրաստ կլինի ձմռանը, հիվանդանոցներում որևէ մեկը չի պառկի կոտրվածքներով կամ ուղեղի ցնցմամբ, և ի վերջո գյումրեցին գոհ կլինի փողոցների վիճակից: «Ես դժվարանում եմ ասել, երբ կլինի, բայց որ մենք ձգտում ենք դրան հասնել, էդ հաստատ, քաղաքապետը մեծ ցանկություն ունի մեր սեփական պարկը ստեղծելու, անցած տարվա մեջ մեր պաշտոնավարման  երկրորդ ամսում մի Գրեյդեր արդեն  ձեռք ենք բերել: Քայլ առ քայլ  մեր տնտեսած, խնայած միջոցների հաշվին պետք է ձեռք բերենք մեր պարկը, ոչ մեկից օգնություն չենք սպասում, թեև եթե նվիրաբերեն լավ կլինի, բայց հույսը մեր վրա պետք է դնենք»,- ասաց պաշտոնյան` նշելով, որ Գյումրու ունեցած  տեխնիկան ընդամենը բավարարում է մի շատ փոքր քաղաքի համար:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031