Անցյալ տարվա նոյեմբերից աժիոտաժ է սկսվել ԵՊՀ պատմության ֆակուլտետի կողմից հրատարակված բուհական դասագրքի շուրջ: «Մարտի 1» հ/կ-ն առաջիկա օրերին պատրաստվում է դիմել դատարան՝ բողոքարկելու ԿԳ նախարարի այն որոշումը, որով թույլատրվել է տպագրել դասագիրքը։ Բացի սրանից, լայն քննարկման առարկա է դարձել նաեւ Ոստիկանության կենտրոնականի բաժնի՝ «Հակահարված» art խմբի ակտիվիստների հետ Երեւանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում անցած տարվա նոյեմբերի վերջին տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ քրեական գործի հարուցման մերժումը՝ հանցակազմի բացակայության պատճառով:
Aravot.am-ի հետ զրույցում ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը, ում անունն ամենաշատն է հոլովվում երկու պատմությունների հետ կապված, ասաց. «Մենք երիտասարդների թշնամին չենք, ուղղակի ես խիստ եմ կարգապահական խախտումների առումով, ինչու պիտի դասապրոցեսը կամ մարդկանց կրթություն ստանալու իրավունքը խախտվի»:
Ինչ վերաբերում է պատմության դասագրքին, պարոն Մինասյանը նշեց. «Շատ խնդիրներ կան, որոնք կարող են վերանայվել, հարցեր կան, որ հետագայում քննության ընթացքում կարող են վերաշարադրվել: Ոչինչ դոգմա չէ, այսօրվա տվյալները փաստացի կարող են վաղը հեշտությամբ փոխվել, կամ այլ կարծիք լինի դրանց վերաբերյալ, ուղղակի որոշ մարդիկ այդ ամենը շահարկում են այլ նկատառումներով»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ