Նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը վաղը կկատարի Ամանորից առաջ տված խոստումը: Նա բոլոր ընդդիմադիր թեկնածուներին առաջարկելու է միասնական հանել իրենց թեկնածությունները: Ըստ նրա. «Այն թեկնածուներին, ովքեր չեն միանա այդ առաջարկին, դիտարկելու եմ որպես Սերժ Սարգսյանի կողմնակիցներ»:
Պարոն Ղուկասյանը թեկնածուներին իր հայտարարությանը արձագանքելու համար վերջնաժամկետ է սահմանելու հունվարի 15-ը: Այդ օրը , թեկնածուների գրանցման օրենքով սահմանված վերջնաժամկետն է:
«Մինչեւ հունվարի 15-ը թեկնածուները կարող են կողմնորոշվել՝ իրենք վերցնո՞ւմ են պատասխանատվություն մեր հանրության առջեւ այս ընտրությունների համար, թե՞ ոչ: Այսօր թեկնածուները հնարավորություն ունեն ընդունել հանրության համար կարեւոր նշանակություն ունեցող որոշում՝ թողնելով Սերժ Սարգսյանին այս ընտրությունների միակ մասնակիցը, այսկերպ դաշտ են բացում, որ հանրությունը եւ քաղաքական ուժերը հանդես գան Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջով: Եթե թեկնածուները, ինչ-ինչ պատճառներով, չընդունեն, ինձ համար կնշանակի՝ իրենք ծառայում են Հայաստանի քրեաօլիգարխիկ համակարգին եւ իրենց վրա կվերցնեն պատասխանատվություն՝ հետագա բոլոր զարգացումների համար: Նրանք կլինեն հանրության համար պատասխանատու եւ ոչ թե Սերժ Սարգսյանը»:
Նա դեռ չի պատկերացնում՝ ինչպես են արձագանքելու նախագահի թեկնածուներն իր հայտարարությանը. «Վաղը կտեսնենք»:
Կարդացեք նաև
Անդրեաս Ղուկասյանը չի շտապում դատողություններ անել՝ թեկնածուներից ով է իշխանության դրած արհեստական թեկնածու. «Չեմ ուզում այդ հարցի շուրջ որեւէ կարծիք հայտնել, որովհետեւ վստահ եմ, որ վաղվա հայտարարության վերաբերյալ թեկնածուների դիրքորոշմամբ այս հարցին պարզաբանում կլինի»:
Հիշեցնենք՝ պարոն Ղուկասյանը Ռադիո Հայ ընկերության խորհրդի նախագահն է:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Լուսանկարը՝ PanArmenian Photo-ի