Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ական պատգամավոր. Ընդդիմությունը շարունակում է սխալ կանխատեսումներ անել

Հունվար 10,2013 16:59

Ո՞ւմ եք համարում գործող նախագահին հիմնական մրցակից՝ Aravot.am-ի հարցին ՀՀԿ-ական պատգամավոր Գագիկ Մինասյանը պատասխանեց, որ գերադասում է այդ հարցին անդրադառնալ թեկնածուների գրանցումից հետո:

Այնուհանդերձ, ըստ նրա , բոլոր այն թեկնածուները, ովքեր որ կգրանցվեն, «իրենք արժանի են ամենայն ուշադրության, որպես մրցակից»: Մեր դիտարկմանը՝ նույնիսկ այնպիսի էքսցենտրիկ թեկնածուները, ինչպես, ասենք, էպոսագե՞տն է, Գագիկ Մինասյանը հակադարձեց. «Ճիշտ չեմ համարում, որ այս պարագայում մարդուն մասնագիտությամբ են կոչում: Բոլորն էլ արժանի են հարգանքի եւ ճիշտ կլինի անուն-ազգանունով դիմել»:

Հետաքրքրվեցինք՝ ՀՀ նախկին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանի՞ն, թե՞ ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանին է Գագիկ Մինասյանը տեսնում երկրորդ տեղում: «Դա էական չէ, ու կարծում եմ՝ դա ընտրողը կորոշի: Ընդհանրապես, պետք չէ որեւիցե բան կանխորոշել: Ես կարծում եմ, մենք մտնում ենք բավականին հետաքրքիր շրջան, մեր պետության զարգացման մեջ: Ցանկացած նախընտրական շրջան, նախագահի ընտրությունների հետ կապված, իսկապես էպոխային փուլ է եւ այս փուլում ամեն ինչ պետք է որոշի ընտրողը: Կանխորոշելը, կարծում եմ, ճիշտ չէ, որ զբաղվենք այդ գործով, թե ո՞վ է լինելու երկրորդ տեղում: Կախված նրանից, թե ո՞վ եւ ինչպիսի՞ ծրագրեր կառաջարկի, ինչպես համոզիչ իր այդ ծրագրերը կպաշտպանի, ժողովուրդն էլ կորոշի»:

ՀՀԿ-ական պատգամավորը չի կիսում այն տեսակետը, որ այս ընտրությունները մրցակցային չեն լինելու: «Այդ տեսակետները տարածողները հիմնականում այն քաղաքական ուժի կողմնակիցները կամ համակիրներն են, որոնց ակնկալիքները ի դերեւ եղան, չարդարացան: Եվ դրա պատճառը չափազանց սխալ քաղաքական կանխատեսումներն էին: Հետեւաբար, նրանք հերթական անգամ են այդ կանխատեսումների մեջ սխալվում»,- ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ նկատի ունի ընդդիմադիր դաշտում գործող ուժերին. «Որովհետեւ, հենց նրանք են, որ այդպիսի պիտակ են փորձում կպցնել առաջիկա մրցարշավին»:

Նա նաեւ համոզված է, որ այս ընտրությունները ոչ Հայաստանի, որպես պետության, ոչ էլ ընտրվող նախագահի վարկի վրա բացասական հետեւանքներ չեն կարող թողնել. «Չափազանց կարեւոր է, որ այն ընտրություններն անցնեն բարձր որակով՝ օրենքի տառին եւ ոգուն համապատասխան: Կարծում եմ, որ ընտրությունների  արդյունքում կստեղծվի մի իրավիճակ, որը թույլ կտա էապես արագացնել մեր ընթացքը՝ դեպի այն երկիրը, որը բոլորս ենք ցանկանում տեսնել»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031