Լրահոս
Օրվա լրահոսը

Էպոսագետ, նույնն է՝ թե ընձուղտագետ. Գիտնականները՝ իրեն էպոսագետ հռչակած Վարդան Սեդրակյանի մասին

Հունվար 10,2013 16:53

ՀՀ նախագահի թեկնածուների շարքում է իրեն էպոսագետ ներկայացնող Վարդան Սեդրակյանը, որն ունի ինժեների մասնագիտություն՝ ավարտել է Երևանի Ճարտարապետա–Շինարարական ինստիտուտը: Aravot.am-ը համալսարանական և ակադեմիական գիտական շրջանակներից հետաքրքրվեց՝ արդյոք հայ էպոսագիտության բնագավառում հայտնի՞ է Վարդան Սեդրակյան անունը և նա ի՞նչ վաստակ ունի էպոսագիտության բնագավառում:

Համալսարանական շրջանակներում Վ. Սեդրակյանին ընդհանրապես չէին ճանաչում: Օրինակ՝ ԵՊՀ Բանասիրական  ֆակուլտետի դեկան Արծրուն Ավագյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ ինքը նման անունով էպոսագետ չի ճանաչում և հորդորեց ԳԱԱ ազգագրության ինստիտուտից ճշտել, արդյոք Վարդան Սեդրակյան անունով էպոսագետ ունե՞նք, թե՞ ոչ:

Ակադեմիական շրջանակներում Վ. Սեդրակյանի հասցեին մեղմ ասած դրական չարտահայտվեցին: Գիտնականները մեզ փոխանցեցին, թե էպոսագետ եզրույթ ընդհանրապես գոյություն չունի, դա նույնն է, թե ասենք ընձուղտագետ: Հետո էլ նշեցին, թե հայ էպոսագիտության բնագավառում նման անունով անձնավորություն հայտնի չէ: Վ. Սեդրակյանին ոչ պատշաճ ածականներով որակեցին, որոնք քաղաքավարության կանոններից ելնելով չենք հրապարակում:

Մեր հարցին՝ Վարդան Սեդրակյան անունով էպոսագետ ճանաչու՞մ է, թե՞ ոչ, ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Հայ բանահյուսության տեսության և պատմության բաժնի վարիչ Սարգիս Հարությունյանն այսպես պատասխանեց. «Ամեն մի խելառ կարող է իրեն առաջադրել նախագահի թեկնածու:  Թե ով է այդ էպոսագետը, ես ոչ ճանաչում եմ, ոչ էլ գիտեմ: Ես զարմանում եմ: Դուք էլ ձեր թեկնածությունն առաջադրեք, ասեք էպոսագետ ենք, կամ առակագետ, և առհասարակ որևէ բանի գետ, բայց ոչ տգետ: Ես չեմ էլ ճանաչում նրան, չեմ էլ լսել նրա ելույթները, և այդ անձը իմ կողմից շատ կտրուկ մերժվում է»:

Մեր այն դիտարկմանը, թե Վ. Սեդրակյանը նույնիսկ գիրք է գրել, պարոն Հարությունյանն այսպես արձագանքեց. «Հիմա ով ասես գիրք գրում է՝ պոռնոգրաֆիայի, ինչի մասին ասես գիրք են գրում:  Ես չեմ ճանաչում նրան, նրա արածը խենթություն է: Տեսեք, տեսեք…. էպոսագետը՝ նախագահի թեկնածու: Հեյ գիտի Մանուկ Աբեղյան, հեյ գիտի Կարո Մելիք-Օհանջանյան, որտե՞ղ էին մեր մեծերը… »:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031