Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Էդիկ Մինասյան. Եթե քեզ վիրավորում են, դատի տալու մասին պետք է մտածել

Հունվար 10,2013 16:42

ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանն այսօր Aravot.am-ի հետ զրույցում հայտարարեց, որ հրապարակված ձայնագրությունը, ըստ որի ինքն արգելում է ուսանողներին եւ դասախոսներին մասնակցել ցույցերին՝ սպառնալով հեռացնել բուհից, կեղծված է:

Մեր հարցին՝ ինչպե՞ս կարելի է ձայնագրությունը կեղծել, պարոն Մինասյանը պատասխանեց, որ հնարավոր է տարբեր թեմաներով քննարկումների ձայնագրությունների հատվածներից է չարչրկված ձայնագրությունը «հավաքվել»: «Իբր ես ասել եմ՝ ի՞նչ սահմանադրական իրավունք, մինչդեռ նման բան չէի կարող ասել, ընդհակառակը՝ ուսանողներին միշտ էլ ասում եմ՝ դասերից հետո ձեր սահմանադրական իրավունքն է, ուր ուզում եք գնացեք: Ախր ես ինքս Արցախյան շարժման մասնակիցներից եմ եղել, ու այսօր ինձ համար շատ վիրավորական է, որ փաստերն աղավաղում են: Սադրանք եմ տեսնում այդ ամենի մեջ եւ զարմանում եմ, թե ո՞րն է այդ ամենի նպատակը, մանավանդ ես այն անձնավորությունը չեմ, որին պետք է հատուկ նշանառության թիրախ դարձնել: Հավանաբար տվյալ պարագայում ուզում են իմ միջոցով ինչ-որ խնդիրներ լուծել: Հնարավոր է՝ պատվեր են կատարում»,- Aravot.am-ի հետ զրույցում նշեց դեկանը:

Հավելեց, որ «հոգուն մեղք անել» չի ուզում եւ կոնկրետ անուն չի կարող տալ, բայց արդեն մեկ-երկու ամիս շարունակվող գործընթացները իրեն հետեւյալ եզրահանգման են բերել. «Որոշ ընկերները պատվեր են կատարում, չնայած կոնկրետ փաստ չկա ձեռքիս տակ: 2008 թվականից անցել է շուրջ 5 տարի եւ 5 տարվա վաղեմություն ունեցող ի՞նչ փաստաթուղթ կարող էին բերել, մանավանդ մի տեղ հիշատակվում է, թե դեկանը 2008 թվականին, մի ուրիշ տեղ իմ մասին ասվում է ամբիոնի վարիչը, երրորդ տեղում գրում են՝ ընտրական զարգացումների ժամանակ, չորրորդում՝ հետընտրական շրջանում…Եվ սա այն դեպքում, երբ

ա) այդ ժամանակ ես անգամ քաղաքում չեմ եղել,

բ) 2008-ին դեկան չեմ եղել, ընտրվել եմ 2009-ի փետրվարին…»:

Մեր հարցին՝ նկատի ունի, որ մի մեծ պատմության մեջ ինքը դարձել է քավության նոխա՞զ, Էդիկ Մինասյանը պատասխանեց. «Այո, այո…եւ դա շատ ցավալի է: Մարդիկ այս ամենը նպատակադրված անգամ անձնական վիրավորանքի հարթություն են տեղափոխում, ինչը զայրացնում է: Եվ բնական է՝ եթե քեզ վիրավորում են, դու նույնիսկ դատի տալու մասին պիտի մտածես, ախր չեն թողնում, չեն թողնում, որ նորմալ աշխատանքային պրոցեսը գնա, ամեն ինչ լարվածության մեջ է»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031