Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Երիկամը հեռացրել են, որ վաճառե՞ն (Տեսանյութ)

Հունվար 10,2013 16:20

Արգանդը, ձվարանները, փողերն ու երիկամը հեռացրած կնոջ ամուսինը՝ Կարապետ Կարապետյանը այսօր «Հենարան» ակումբում եւս մեկ անգամ ներկայացնելով վիրահատությունների հետեւանքները, անդրադարձավ նաեւ կնոջը վիրահատած «Մոր եւ մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի» գլխավոր բժիշկ Գեորգի Օկոեւի պարզաբանումներին:

Ամուսնու այն մեղադրանքներին, որ պարոն Օկոեւը անփույթ վիրահատություն է կատարել եւ անտեղի հեռացրել կնոջ արգանդը, փողերն ու ձվարանները, բժիշկը պարզաբանել էր. որ հիվանդի ամուսինը նյութերը ուղարկել է անկախ դատա-բժշկական քննության` Գերմանիա, եւ այնտեղից ստացվել է եզրակացություն, որ վիրահատության ծավալը ընտրված է ճիշտ եւ եղած դեպքը միանշանակ համարվում է տվյալ միջամտությանը բնորոշ բարդություն, այլ ոչ թե բժշկական սխալ: Իսկ Կարապետ Կարապետյանն էլ այսօր պնդեց, որ Գերմանիայի բժիշկը գրել է, որ եթե անգամ այդ վիրաբուժական միջամտության ժամանակ չհեռացվեին տիկնոջ վերը նշված օրգանները, նրա կյանքին վտանգ չէր սպառնում: Այսինքն՝ բժիշկը կարող էր կնոջն ու ամուսնուն ժամանակ տրամադրել մտածելու եւ որոշում կայացնելու համար, ոչ թե ինքնակամ հեռացնել օրգանները:

Բժշկի այն պարզաբանմանն էլ, որ նախապես հիվանդի եւ վիրահատող բժշկի միջեւ համաձայնագիր է ստորագրվել, պարոն Կարապետյանն ասաց, որ դա ունիվերսալ համաձայնագիր է եւ անգամ նշված չէ թե կոնկրետ ինչ տեսակի վիրաբուժական միջամտությանն է վերաբերում:

Բժշկի այն պարզաբանմանն էլ՝ «Կատարված վիրահատության ընթացքում բարդությունները իրոք բարդություններ են, այլ ոչ թե բժշկական սխալ, հաստատված է ՀՀ տարածքում անցկացված բազմաթիվ դատա-բժշկական քննությունների արդյունքներով», հիվանդի ամուսինը կարծիք հայտնեց, որ այդ փորձաքննությունների հանձնաժողովներում բժիշկ-կոլեգաներ են աշխատում, մեկը մյուսի դեմ դուրս չի գա:

Նշենք, որ միզածորանը կարելուց հետո հիվանդի երիկամն էլ է վնասվել, ուստի «Նաիրի» բուժկենտրոնում հեռացրել են այն: Հիվանդի ամուսինը կարծում է, որ երիկամը ուղղակի հանել են, որ վաճառեն, քանի որ ինքը պահանջել է կնոջ երիկամն իրեն տալ, սակայն «Նաիրիից» վստահեցրել են, որ այն ուղարկված է փորձաքննության:

Պարոն Կարապետյանը նաեւ նշեց, որ կնոջը 7 ամսում 5 անգամ վիրահատել են՝ Օկոեւի վիրահատությունից հետո առաջացած հետեւանքները վերացնելու համար:

Պարոն Կարապետյանի պատմելով՝ բժիշկ Օկոեւի վիրահատության համար 2008 թվականին պիտի վճարեին 700 դոլարին համարժեք դրամ. «Բայց վիրահատությունից հետո բան չասեց, որ իմացավ աղմուկ ենք բարձրացնում, առանց մեզ պետպատվեր է ձեւակերպել: Ինչո՞ւ, եթե ոչ՝ լռելու համար: Օկոեւը մեզ բացատրեց, որ վիրահատական ծավալները ընդլայնվել են, դրա համար է պետպատվեր գրել: Վիրահատությունը հոկտեմբերի 30-ին է եղել, ինքը 29-ին պետպատվեր է ձեւակերպել: Ես վճարունակ եմ, ինչի՞ համար են պետպատվեր ձեւակերպել: Տեսավ չեմ լռելու, ասաց՝ բոլոր վիրահատությունների անդորագրերը բեր, ես կվճարեմ: Մեր վիրահատությունների արժեքը, էն 4-ն իրար հետ, 2.5 միլիոն դրամ էր: Մտել եմ մոտը, ասեց՝ ոչ, միայն 2 վիրահատության համար կվճարեմ»:

Պարոն Կարապետյանի ներկայացմամբ՝ իրավապահ մարմիններին էլ էր դիմել, քրեական գործ էր հարուցվել, սակայն որոշ ժամանակ անց այն կասեցվել է: Արդեն հաշմանդամ դարձած եւ աշխատանքից զրկված ու անգործունակ կնոջ ամուսինը պատրաստվում է դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Այսօր ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը անդրադառնալով Կարապետ Կարապետյանի բողոքին, ասել է. «Ես կարծում եմ, որ պրոֆեսոր Օկոեւվը սպառիչ պատասխան է տվել, բացի այդ այս գործով նաեւ իրավապահներն էին զբաղվում եւ նրանք էլ սպառիչ տվել են այս խնդրի պատասխանը»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031