Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ադրբեջան. պատերազմի վետերանները դժգոհում են բժշկական աջակցության վատ որակից

Հունվար 10,2013 16:01

Ղարաբաղյան պատերազմի նախկին մասնակիցները`հաշմանդամության խնդիր ունեցող վետերանները, բողոքում են, որ հանրապետության վերականգնողական կենտրոններում անհրաժեշտ բուժում չեն ստանում, իսկ ստացած ամսական նպաստը բավարար չէ բուժման ծախսերն ինքնուրույն հոգալու համար:

Գյուլար Մեհդիզադե, Կովկաս 

Կովկասյան լրատու # 670

21-ը դեկտեմբերի, 2012թ.

Պատերազմի վետերանները պնդում են, որ հաճախ զրկված են լինում իրենց հասանելիք անվճար բժշկական ծառայություններից եւ դեղորայքից:

Սումգայիթի 40-ամյա բնակիչ Ուլֆաթ Մամեդսալահովը վիրավորվել է 1993-ի ապրիլին հայկական զինված ուժերի վերահսկողության տակ անցած Քելբաջարի (Քարվաճառ) շրջանի վերջին մարտերի ժամանակ: Նա կորցրել է ձախ ոտքի մատերը, գլխի վրա 42 կար կա, իսկ ձախ ոտքի կրճիկային հյուսվածքը հյուծվում է:

«Երբ էլ որ դիմում եմ որեւէ վերականգնողական կենտրոն, այնտեղ երբեք ազատ տեղեր չեն լինում: Ստիպված այլ հիվանդանոցներ եմ գնում, իսկ այնտեղ հաշմանդամություն ունեցողներին որեւէ զիջում չեն անում, ոչ բուժզննման ժամանակ, ոչ էլ դեղորայքով ապահովելու հարցում», – դժգոհում է Մամեդսալահովը:

Ադրբեջանում այսօր ղարաբաղյան պատերազմի 11,500 վետերաններ են հաշվառված, եւ նրանք օրենքով պետք է անվճար բժշկական աջակցություն ստանան հանրապետության 13 վերականգնողական կենտրոններում:

Իշխանությունները խոստովանում են, որ պատերազմի նախկին մասնակիցներին երբեմն չի հաջողվում օգտվել համապատասխան վերականգնողական կենտրոններում իրենց հասանելիք բժշկական ծառայություններից, քանի որ երկրի բոլոր շրջաններում բնակվող հիվանդները գերադասում են բուժում ստանալ Բաքվում, մինչդեռ շրջաններում եղած կենտրոններում հաճախ ազատ տեղեր են լինում:

Հաշմանդամների հանրապետական վերականգնողական կենտրոնի գլխավոր բժիշկ  Սաադաթ Յունիսգըզին նշում է, որ չնայած Ադրբեջանի ողջ տարածքում վերականգնողական 13 կենտրոն է գործում, իրենց մոտ նաեւ շրջաններից եկող հիվանդներ են բուժվում, ինչի հետեւանքով ազատ տեղեր չեն լինում:

«Այլ բժշկական հաստատությունները նույնպես մեզ մոտ են ուղարկում իրենց հիվանդներին: Ոչ ոքի չի հետաքրքրում`կան այստեղ ազատ տեղեր, թե`ոչ:  Հիմնականում դիմում են հեռավոր շրջաններից, ինչպիսիք են Աստարան, Լերիկը, Շեմքիրը եւ Նախիջեւանը: Մինչդեռ նախարարությունը հիանալի վերականգնողական կենտրոններ է կառուցել շրջաններում: Բայց, չգիտես ինչու, բոլորն այստեղ են գալիս: Հնարավոր չէ նրանց մերժել: Արդյունքում`քաղաքի բնակիչները բողոքում են կենտրոնում ազատ տեղերի պակասից»:

Ադրբեջանի աշխատանքի եւ բնակչության սոցիալական պաշտպանության նախարարության հաշմանդամների սոցիալական աջակցության քաղաքականության վարչության պետ Սադայ Աբդուլլաեւն այս ամենը բացատրում է այն հանգամանքով, որ քաղաքի բնակիչների մի մասը շրջանների գրանցում ունի:

«Շրջաններում ոչ ոք չի մնացել: Բոլորը տեղափոխվում են Բաքու: Դիմողները Բաքվի բնակիչներն են, ովքեր գրանցված են շրջաններում: Շրջաններում կառուցված վերականգնողական կենտրոնները համալրված են ժամանակակից սարքավորումներով: Նրանցից յուրաքանչյուրը նախատեսված է 14 հիվանդների համար: Խնդիրը դեպի մայրաքաղաք ուղղված մարդկային հսկայական հոսքն է»:

Ղարաբաղի վետերանների միության նախագահ Ֆիրուդին Մամեդովն այն կարծիքին է, որ շրջաններում հիմնված վերականգնողական կենտրոններն այնքան էլ լավ պայմաններ չեն առաջարկում:

«Շրջանային վերականգնողական կենտրոններում բուժումը սխալ է ընթանում, այդ պատճառով հիվանդները նախընտրում են մայրաքաղաքում գործող կենտրոնները: Իրականում, շրջանների բնակիչների համար ավելի հեշտ է բուժվել տեղական վերականգնողական կենտրոններում: Բուժման անհրաժեշտություն կա, սակայն որակ չկա»:

Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիեւի 1999թ. հրամանով`Աշխատանքի եւ բնակչության սոցիալական պաշտպանության նախարարությունը պարտավորվում է ամեն տարի պատերազմի տասնյակ վետերանների ուղարկել արտասահման`բուժման նպատակով:

Սադայ Աբդուլլաեւն իր հերթին նշում է, որ այս տարի աշխատանքի եւ բնակչության սոցիալական պաշտպանության նախարարությունը բուժման նպատակով 85 հիվանդների ուղարկել է Ղրիմ, եւս 30-ի`Բուլղարիա:

 

«Դիմողները շատ են, այդ պատճառով փորձում ենք բոլորին հերթով ուղարկել», -նշում է նա:

Իլհամ Մահերրամովը որպես կամավոր մասնակցել էր ղարաբաղյան պատերազմին եւ ծանր վիրավորվել Ագդերի մարտերի ժամանակ`1994-ի հունվարին: Նրա մարմնին 30 բեկորային վնասվածքներ կան, որոնք ամեն օր հիշեցնում են նրան պատերազմի մասին: Նա այն վետերանների թվում է, որոնց ուղարկել էին Ուկրաինա`բուժման: Մահերրամովը, սակայն, դժգոհ է Ադրբեջանում մատուցվող բժշկական ծառայությունների որակից:

«Ես մինչեւ կյանքիս վերջին օրը հաշմանդամ կմնամ: Միակ ցանկությունս ինքնուրույն սեփական մարմինս կառավարելն է: Այդ պատճառով էլ չեմ ուզում ընդհատել բուժումը: Տարին մեկ անգամ պետական օգնության շրջանակներում մեկնում եմ Ուկրաինայում գտնվող վերականգնողական կենտրոն: Անհրաժեշտ դեղամիջոցները սեփական ուժերով եմ գնում: Մեկ շաբաթ առաջ եմ վերադարձել Ուկրաինայից, իսկ ինձ արդեն120 մանաթ արժողությամբ դեղատոմս են ուղարկել: Ինքս պետք է այդ ամենը գնեմ`չնայած պետությունը միջոցներ է հատկացնում ղարաբաղյան պատերազմի վետերանների բուժման եւ սոցիալական աջակցության համար»:

Որպես ղարաբաղյան պատերազմի վետերան եւ 1-ին խմբի հաշմանդամ, նա ստանում է սոցիալական օգնություն 174 մանաթի չափով (210 դոլար) եւ 99 մանաթ (120 դոլար) կազմող նախագահական թոշակ: Բայց մի ամիս բուժում ստանալու համար անհրաժեշտ է 250-300 մանաթ (310-370 դոլար)

Ադրբեջանի առողջապահության եւ աշխատանքի ու բնակչության սոցիալական պաշտպանության նախարարությունները հրաժարվեցին տեղեկատվություն տրամադրել հաշմանդամություն ունեցողներին հատկացվող գումարների եւ ծախսերի վերաբերյալ`նշելով, որ հոգում են միայն պատերազմի վետերանների դեղորայքի, կեցության եւ տրանսպորտային ծախսերը:

Տնտեսական նախաձեռնությունների աջակցության միության տնտեսական հարցերով փորձագետ Ռովշան Ագաեւն այն կարծիքին է, որ հաշմանդամություն ունեցողներին հատկացվող պետական աջակցությունը չափազանց չնչին գումար է կազմում նրանց ամսական ծախսերը հոգալու համար:

«Հաշմանդամություն ունեցողներին հատկացվող սոցիալական օգնությունը  չի կազմում պետության իսկ սահմանած կենսապահովման համար անհրաժեշտ գումարի 50 տոկոսը: Հաշմանդամություն ունեցողներն ավելի շատ ծախսեր ունեն, քան առողջ մարդիկ: Հաշվի առնելով այս ամենը`թոշակը չափազանց փոքր գումար է կազմում»:

Մամեդսալահովը երկար տարիներ 2-րդ խմբի հաշմանդամ էր համարվում, բայց վերջին բուժզննման արդյունքում հաշմանդամության 3-րդ խմբի մեջ է ընդգրկվել:

«Սա բացատրվում է առողջական վիճակիս բարելավմամբ: Երբ 3-րդ խմբի հաշմանդամ էի, սոցիալական օգնության հետ միասին 210 մանաթ էի ստանում, իսկ այժմ ինձ 50 մանաթի չափով սոցիալական օգնություն է հասնում եւ 90 մանաթի հասնող հաշմանդամության թոշակ: Ամբողջը միասին կազմում է 140 մանաթ, ինչը բավական չէ անգամ ընտանիքը պահելու համար, էլ չխոսենք բուժման մասին», – դժգոհում է Մամեդսալահովը:

 

Գյուլար Մեհդիզադեն ազատ լրագրող է Ադրբեջանում:

Հոդվածը պատրաստվել է IWPR-ի «Հարեւաններ» նախագծի շրջանակներում, որի նպատակն է մեղմել փոխադարձ անվստահության մթնոլորտը Հայաստանում եւ Ադրբեջանում`երկու երկրների վերաբերյալ անաչառ լրատվություն տրամադրելու միջոցով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031