Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հայաստանում ներդրվում է ներառական կրթության համակարգը

Հունվար 10,2013 15:45

Օրենսդրական բարեփոխումների շնորհիվ`դպրոցներում կրթությունը կազմակերպվելու է ոչ միայն սովորական աշակերտների, այլեւ համապատասխան առողջական խնդիրներ ունեցող երեխաների համար, ինչը նրանց հնարավորություն կտա լիարժեք կերպով ինտեգրվել հասարակության մեջ։

Արփի Բեգլարյան, Կովկաս 

Կովկասյան լրատու 

21-ը դեկտեմբերի, 2012թ.

Ներառական կրթության ներդրումը ենթադրում է, որ այսուհետ հանրապետության դպրոցները պետք է հարմարեցվեն հաշմանդամություն ունեցող երեխաների կարիքներին, որպեսզի նրանք հնարավորություն ունենան սովորական աշակերտների հետ դասերի հաճախել:

Ներառական համակարգի ներդրմամբ, Հայաստանը կատարում է իր միջազգային պարտավորությունը. 2010 թվականին Հայաստանի Հանրապետությունը վավերացրել է հաշմանդամների իրավունքներին վերաբերող կարեւորագույն միջազգային փաստաթուղթ, որով նաեւ պարտավորություն է ստանձնել համապատասխան խտրականությունները վերացնելու եւ միասնական ծառայություններ մատուցելու տեսակետից, այդ թվում`կրթության ոլորտում: Համակարգի ներդրման ողջ գործընթացը կավարտվի 2022 թվականին, ինչի համար բյուջեից կպահանջվեն հավելյալ ֆինանսական միջոցներ։

Դպրոցների վերազինման գործընթացն իսկապես կարող է երկար ժամանակ պահանջել, քանի որ դրանց մեծամասնությունը խորհրդային տարիներին են կառուցվել, եւ բարդ կլինի այդ շենքերը հարմարեցնել առողջական խնդիրներ ունեցող եւ սայլակներից օգտվող երեխաների կարիքներին:

Երեւանի հյուսիսային հատվածում գտնվող Քանաքեռ թաղամասի Խաչատուր Աբովյանի անվան թիվ 84 դպրոցի Ներառական կրթության բաժնի ղեկավար Նաիրա Հարությունյանը նշում է, որ դպրոցի ներառական բաժնում սովորող աշակերտների մեծ մասը մտավոր խնդիրներ ունեցող երեխաներ են, իսկ սայլակով հաշմանդամ երեխաներ չեն սովորում, քանի որ համապատասխան պայմաններ չկան։

 

«Այն թեքահարթակը, որը հիմա կա, խնդիր ունի։ Բերել են, փորձարկում են արել ու տեսել են, որ երբ սայլակն  իջնում է, կարող է վայր ընկնել։ Այդ վտանգը տեսնելուց հետո մենք կանգ ենք առել»,– ասում է Հարությունյանը:

 

Թիվ 84 դպրոցի ներառական կրթության բաժնի հոգեբան Ազնիվ Մանուկյանը ողջունում է կրթական բարեփոխումը`նշելով, որ երեխաների վրա ներառական համակարգը դրական ազդեցություն է ունենում.

 

«Ներառական համակարգը շատ ճիշտ բան է նմանատիպ երեխաների համար, որովհետեւ իրենք անպայման շահեկան դերում են լինում։ Ցանկացած սովորողի հետ, երբ տարվում է անհատական աշխատանք, անպայման արդյունք է լինում, իսկ արդեն դասարաններում, մեծ է ուսուցչի դերը, որոնց հետ էլ մենք համապատասխան աշխատանք ենք տանում»։

 

Ներառական համընդհանուր համակարգի ներդրման վերաբերյալ՝ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» եւ «Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը  2012թ. հոկտեմբերի 23-ին Ազգային ժողովի քննարկմանը ներկայացրեց Հայաստանի Հանրապետության Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը։

 

Նրա խոսքերով, ներառական կրթությունը ներդրվելու է Հանրապետության բոլոր՝ 1347 գործող դպրոցներում: Բացի այդ, հատուկ դպրոցներում մեկ երեխայի կրթական կարիքներն ապահովելու ինքնարժեքը տարեկան շուրջ 1 միլիոն դրամ է (2463 ԱՄՆ դոլար), այնինչ ներառական կրթության դեպքում այդ ցուցանիշը 4 անգամ իջնելու է՝ դառնալով շուրջ 250 հազար դրամ (615 ԱՄՆ դոլար)։

Հայաստանում այսօր գործում է շուրջ 107 ներառական դպրոց: Ամեն տարի դրանց թիվն ավելանում է 15-ով։ Համակարգի ներդրումը, սակայն, հարթ ճանապարհով չի անցել։ Հիմնական խնդիրներից մեկը հասարակության, հատկապես ծնողների հոգեբանական պատրաստվածության հարցն էր.

«3 տարի առաջ, երբ նոր էի եկել դպրոց աշխատելու, կային ծնողներ, ովքեր խնդրում էին խնդիրներով երեխային իրենց երեխայի կողքը չնստեցնել, որ իրենց երեխան լինի դասարանում, որտեղ խնդիրներով երեխաներ չկան, բայց պետք է ասեմ, որ այսօր ավելանում է այն ծնողների թիվը, ովքեր տանը հատուկ աշխատանք են տանում իրենց երեխաների հետ` սովորեցնելով նրանց, որ խնդիր ունեցող երեխան իրենց ընկերն է»,- ասում է հոգեբան Ազնիվ Մանուկյանը:

Մասնագետներին մտահոգում է նաեւ այն փաստը, որ ծնողներն են ի վերջ որոշում, թե իրենց երեխան ինչպիսի դպրոց պետք է հաճախի՝ հատո՞ւկ, թե՞ ներառական համակարգով.

 

«Ես ոգեւորված եմ, ողջունում եմ ներառական համակարգի համընդհանուր ներդրման նախաձեռնությունը, բայց պետք է խնդրեմ կառավարությանը վերանայել այն դրույթը, որով ծնողներն են ի վերջո որոշում, թե երեխան որ դպրոց պետք է հաճախի։ Ծնողներին պետք է հստակ ասել իրենց երեխան կարո՞ղ է սովորել հանրակրթական դպրոցում, թե՞ ոչ»,- նշում է Նաիրա Հարությունյանը:

Նշենք, որ ներառականության սկզբունքի ներդրմամբ, նախատեսվում է նվազեցնել հատուկ դպրոցների թիվը։ 1965 թվականից գործող Երեւանի թիվ 2 հատուկ օժանդակ դպրոցի տնօրեն Արծվիկ Արշակյանը, սակայն, կարծում է, որ դրանք անպայման պետք է գործեն։ Նրա ղեկավարած հատուկ դպրոցում սովորում է 76 աշակերտ, ովքեր դպրոցում սնվում, նաեւ՝ գիշերում են:

«Մեզ մոտ արդեն մնացել են շատ ծանր վիճակում գտնվող երեխաներ, թեթեւ վիճակում գտնվող երեխաները պետք է գնան ներառական համակարգ։ Բայց մեր դպրոցը պետք է մնա բազային, քանի որ ծանր խնդիրներով երեխաներ միշտ էլ կլինեն։ Եթե նրանք ոչ մի տեղ չգնան, կմնան դրսում»,- ընդգծել է դպրոցի տնօրենը:

«Հատուկ դպրոցները Հայաստանում չեն կարող վերանալ, ինչպես վերացած չեն եւ ոչ մի երկրում, ուղղակի այդ դպրոցների քանակը շատ փոքր է, եւ այնտեղ ոչ նպատակային երեխաներ չեն հայտնվում», -Ազգային ժողովում օրինագծի քննարկման ժամանակ ասել էր Արմեն Աշոտյանը։

Նախարարի խոսքերով, հատուկ դպրոց պետք է գնան միայն այն երեխաները, ովքեր այլեւս այլընտրանք չունեն, իսկ եթե կա գեթ մեկ հնարավորություն, որ երեխան կարող է կրթական ծրագիր յուրացնել հանրակրթական դպրոցում, ուրեմն նա պետք է հաճախի սովորական դպրոց։

«Հասարակությունը պետք է ավելի ընկալունակ, տոլերանտ լինի, հասկանա, որ տվյալ անձն իր հասարակության անդամն է, իր հասարակության երեխան է», – նշել էր նախարարը։

 

Արփի Բեգլարյանը emedia.am կայքի լրագրող է:

 

Հոդվածը պատրաստվել է IWPR-ի «Հարեւաններ» նախագծի շրջանակներում, որի նպատակն է մեղմել փոխադարձ անվստահության մթնոլորտը Հայաստանում եւ Ադրբեջանում`երկու երկրների վերաբերյալ անաչառ լրատվություն տրամադրելու միջոցով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031