Նախագահական ընտրություններին մասնակցելու հնարավորությունից այսօր դուրս մնաց նախագահի միանգամից 5 թեկնածու՝ կարատեիստ Տարոն Աբրահամյանը, Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանը, նախկին կոմունիստ, նախկին ՕԵԿ-ական Ռոբերտ Ահարոնյանը, գործազուրկ Պավլիկ Սարգսյանն ու Ռոբերտ Սիմոնյանը:
Հիշեցնենք, որ երկու օր առաջ ընտրական 8 միլիոն դրամ գրավը չվճարած 8 թեկնածուների համար Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հատուկ նիստ էր հրավիրել եւ երկու օր ժամանակ տվել վճարման անդորրագիրը կամ փաստաթղթային այլ թերություններ շտկելու համար:
Հանձնաժողովի տրամադրած 48 ժամից օգտվեց միայն «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը:
Իսկ եւս երկու թեկնածուներ՝ ԲՀԿ-ական իրավաբան Ռուբեն Այվազյանն ու 10 տարուց ավելի գործազուրկ Մհեր Հայրապետյանը չառաջադրվելու որոշում էին կայացրել երկու օր առաջ՝ հանձնաժողովի նիստից անմիջապես հետո:
Կարդացեք նաև
Առաջիկա ընտրություններին մասնակից նախագահի թեկնածուներն են՝ ՀՀ գործող նախագահ, ՀՀԿ թեկնածու Սերժ Սարգսյանը, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը, նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը, «Ազգային համաձայնություն » կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը, «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը, էպոսագետ Վարդան Սեդրակյանը, Ռադիո հայ ընկերության ժողովի նախագահ Անդրիաս Ղուկասյանը եւ «Փախստականները և միջազգային իրավունքը» բարեգործական հասարակական կազմակերպության քաղաքական հարցերով խորհրդատու, անկուսակցական Արման Մելիքյանը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ