Երեկ Գյումրու Անի թաղամասում գազից թունավորման դեպք էր գրանցվել. 13 փողոցի թիվ 2 շենքի 11-րդ բնակարանում հայտնաբերել էին 21-ամյա բնակիչ Հովհաննես Ղանդիլյանի դին: Շտապօգնությունը նրա 13-ամյա քրոջը` Արեգնազ Ղանդիլյանին տեղափոխել էր Ավստրիական մանկական հիվանդանոց, իսկ հորը` 51 տարեկան Միսակ Ղանդիլյանին՝ Գյումրու բժշկական կենտրոն:
Հենց նոր Գյումրու բժշկական կենտրոնի բժիշկ Կորյուն Թևոսյանը մեզ տեղեկացրեց, որ հիվանդի վիճակը գնահատվում է կայուն, նա հիվանդանոց է տեղափոխվել Շտապօգնության բրիգադի կողմից առավոտյան ժամը 10.00-ի սահմաններում, ընդունման պահին վիճակը եղել է միջին ծանրության, այժմ թեև կայուն է, սակայն փոփոխություն չկա: Աղջնակի վիճակը ևս կայունանում է:
Շիրակի մարզի դատախազ Դավիթ Սարգսյանը Aravot.am.-ին փոխանցեց, որ հարուցվել է քրեական գործ ` 109 հոդվածի 1-ին մասով՝ անզգուշությամբ մահ պատճառելը: Հանգամանքները կպարզվեն փորձաքննությամբ:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ