Այսօր կառավարության նիստից հետո առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը պատասխանելով հարցին, թե ինչպիսի ընտրարշավ է կանխատեսում եւ համամի՞տ է, որ Սերժ Սարգսյանին մրցակից թեկնածու չկա, պատասխանեց. «Եկեք ես չառանձնացնեմ, թե ով է ամենաուժեղը եւ մրցակցության մեջ մյուս թեկնածուները նաեւ ինչ հնարավորություններ ունեն, այդ մասին շատ կանխատեսումներ լինում են, ես չեմ ուզում կանխատեսում անել, բայց ես գիտեմ, որ այս ընտրությունները լինելու են թափանցիկ եւ ամենաարդար ընտրությունները:
Եթե մենք նկատի ունենանք անցած քաղաքական ճանապարհները, իհարկե այստեղ կան Պարույր Հայրիկյան, Րաֆֆի Հովհաննիսյան, Հրանտ Բագրատյան, որոնք բավականին փորձառու քաղաքական գործիչներ են, եւ մենք պետք է տեսնենք, նրանք ինչպես են կազմակերպում իրենց քաղաքական քարոզարշավը, ինչ կարգախոսներով են հանդես գալիս, ինչ ծրագիր են ներկայացնում»:
Պարոն Դումանյանը թեեւ համոզված է, որ իրենց թեկնածուն` Սերժ Սարգսյանը «ֆավորիտ է», բայց գտնում է, որ ընտրությունները կլինեն մրցակցային:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ