«Մարդիկ կան, որոնք հաշվարկները սխալ են անում եւ երկրորդ-երրորդ անգամ դառնում են երկրի նախագահի թեկնածու` ունենալով ընդամենը 1-2 հազար ձայն: Դա նրանց իրավունքն է, ես չեմ կարող ոտնահարել այն, բայց այդ մարդիկ իրատես են: Եթե այդպես են հայտարարել, որ չեն ուզում մասնակցել, ուրեմն իրենք այդպես են մտածում իրենց կարողությունների, իրենց հնարավորության մասին: Դա ինչքան կապ ունի իրատեսության հետ` դժվարանում եմ ասել»,- այսօր «Ազդակ» ակումբում Aravot.am-ի խնդրանքով ՀՀԿ պատգամավոր Մկրտիչ Մինասյանը այսպես մեկնաբանեց նախագահի երկու թեկնածուների` ընտրապայքարից դուրս գալը:
Նախագահի նախկին թեկնածու Ռոբերտ Ահարոնյանն այսօր հրավիրած ասուլիսում հայտարարել էր, որ « Սերժ Սարգսյանը գաղափարապես պարտություն կրեց: Քանի որ Հայաստանում սոցիալիստները չունեն այդքան հնարավորություններ` պայքարել գումարով ՀՀԿ-ի դեմ, մենք գտնում ենք, որ այն գումարը, որը հավաքված է մեր անդամների միջոցով, 32 հազար դոլարը անիմաստ կծախսենք»: Նա ակնկալում էր, որ Սերժ Սարգսյանը ֆինանսապես կօգնի իրեն, եթե ուզում է գաղափարապես հզոր մրցակից ունենալ: Այս առնչությամբ Մկրտիչ Մինասյանը պատասխանեց, որ «Եկեք լուրջ բաներից խոսենք: Թեկնածուին չէի ուզենա վիրավորել, բայց դուք էլ գիտեք, որ հարցադրումը լուրջ չի»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ