Հանրապետության հյուսիսային շրջաններում` Շիրակի, Լոռու մարզերում, հունվար ամսին տեղացած ձյունը արդեն հասել է միջին ամսական նորմայի սահմանին, իսկ որոշ վայրերում` նույնիսկ գերազանցել է այն: Մայրաքաղաքում օրվա երկրորդ կեսին կդադարեն տեղումները, իսկ Սյունիքի եւ Վայոց Ձորի մարզերում ձյուն կտեղա մինչեւ ուշ գիշեր: Այսօր «Զարկերակ» ակումբում այս մասին հայտարարեց Հայպետհիդրոմետ ծառայության օպերատիվ հիդրոօդերեւույթաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը:
Հիդրոօդերեւույթաբանության կենտրոնի պետի հավաստմամբ` ամենացուրտ գիշերները կլինեն հունվարի 12-ին եւ 13-ին:
«Ամսի 12-ի եւ 13-ի գիշերը Շիրակում սպասվում է մինչեւ 28 աստիճան ցուրտ, առանձին լեռնային շրջաններում` մինչեւ 23, իսկ Արարատյան դաշտավայրում մինչեւ 13 աստիճան ցուրտ:
Մայրաքաղաքում այսօր ցերեկը սպասվում է մինչև 4 աստիճան ցուրտ, իսկ գիշերը կլինի 6-8 աստիճան: Հունվարի 14-ից հարավից տաք հոսքի ներթափանցում է սպասվում, եւ գիշերային ջերմաստիճանի որոշակի բարձրացում»,- նկատեց տիկին Պետրոսյանը` ընդգծելով, որ հունվարի 11-ից հանրապետությունում կդիտվի առանց տեղումների եղանակ:
Կարդացեք նաև
Ասուլիսին ներկա մյուս բանախոսի` ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնի պետ Հովհաննես Խանգելդյանի հավաստմամբ` հունվարի 10-ի ժամը 11:00-ի դրությամբ, Վայոց Ձորի կողմից փակ է միայն Սելիմի լեռնացքը, իսկ հանրապետության մնացած ավտոճանապարհները բաց են` տեղ-տեղ դժվար անցանելի:
«Հունվարի 1-ից 10-ը ընկած ժամանակահատվածում գրանցվել է 154 արտակարգ դեպք, որոնցից միայն 25-ն են կապված եղել եղանակային պայմանների հետ: Նախորդ տարվա համեմատ` այս տարի զգալի նվազել է հրդեհների եւ թունավորումների թիվը»,- տեղեկացրեց ճգնաժամային կենտրոնի պետը` նկատելով, որ ճգնաժամային կենտրոնը փորձում է բոլոր ահազանգերին արձագանքել:
Աշոտ ԱԹԱՅԱՆ