Այսօր հրապարակվել է ամերիկյան Heritage հիմնադրամի եւ Wall Street Journal թերթի՝ աշխարհի ամենաազատ տնտեսական տարածքով երկրների վարկանիշային ցանկը, որտեղ Հայաստանն այդ բնագավառում արձանագրել է առաջընթաց՝ բարելավելով դիրքերը: Այսօր ՀՀ կառավարության 2013-ի առաջին նիստին վարչապետ Տիգրան Սարգսյանը հաջողությունը պայմանավորեց գործադիրի լարված աշխատանքով. «Պետք է լինենք լավատես եւ լավատեսությամբ նայենք դեպի ապագան, մանավանդ որ՝ դրա համար մենք ձեզ հետ միասին ստեղծել ենք լուրջ հիմքեր 2012 թվականին»: Պարոն Սարգսյանը հույս հայտնեց, որ այս տարի կառավարությունը նույնպես կկարողանա բարեփոխումներն առաջ տանել:
Վարչապետի համոզմամբ, մեր երկրին շնորհված նոր վարկանիշը նույնպես կարեւորագույն ինդեքսներից մեկն է. «Այն գտնվում է ինվեստորների ուշադրության կենտրոնում, և, բնականաբար, այդ ինդեքսի բարելավումը մեզ համար ունենալու է էական նշանակություն»,- ասաց վարչապետը:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ