Լրահոս
Օրվա լրահոսը

12-12-12, կամ «Համերգ Սենդիից տուժածների համար»

Հունվար 10,2013 14:03

2012-ը բազմաթիվ հետաքրքրաշարժ եւ անակնկալ պահեր պարգեւեց ռոքի սիրահարներին, սակայն թերեւս ամենաանսպասելի եւ հետաքրքիր իրադարձություններից մեկը տեղի ունեցավ 2012-ի դեկտեմբերի 12-ին: 12-12-12. ոմանք այս ամսաթվից շատ բան էին սպասում: Կարծես ինչ-որ կախարդական բան կար այս թվերի պարի մեջ: Շատ մարդիկ անպայման ցանկանում էին իրենց կյանքի կարեւոր իրադարձությունը կապել այս ամսաթվի հետ: Այս նույն օրը Նյու Յորքի Մեդիսոն Սքուեր Գարդեն ստադիոնում տեղի ունեցավ համերգ, որի նպատակն էր գումար հավաքել Սենդի փոթորիկից տուժածների համար ԱՄՆ Նյու Յորք, Նյու Ջերսի եւ Կոննեկտիկուտ նահանգներում: Կատարողների իսկապես աստղային կազմով այս համերգը, որի մասին Միք Ջագերն ասաց, թե դա «պատմության մեջ տարեց անգլիացի ռոքերների մեծագույն հավաքածուն է», իրոք լի էր երաժշտական անակնկալներով: Համերգին մասնակցեցին այնպիսի հանրահայտ երաժիշտներ եւ խմբեր, ինչպիսիք են Բրյուս Սփրինգստինը, Bon Jovi-ն, Էրիկ Կլեպտոնը, Բիլլի Ջոելը, The Rolling Stones-ը, Քրիս Մարտինը՝ Coldplay-ից, The Who-ն, Էդդի Վեդերը՝  Pearl Jam-ից, Ռոջեր Ուոթերսը, Փոլ Մաքքարտնին եւ ուրիշներ: Համերգը հեռարձակվում էր հեռուստատեսությամբ, ռադիոյով, համացանցում եւ կինոթատրոններում՝ աշխարհի բոլոր մայրցամաքներում: Տոմսերը վաճառքի հանվեցին դեկտեմբերի 3-ին եւ չնայած նրան, որ դրանց արժեքը տատանվում եր 150-ից 2500 ԱՄՆ դոլարի սահմաններում, բոլոր տոմսերը վաճառվեցին հաշված րոպեների ընթացքում: Համերգի ողջ հասույթը պետք է փոխանցվեր Robin Hood հիմնադրամին:

Համերգը սկսեց Բրյուս Սփրինգստինը (ով արմատներով Նյու Ջերսիից է) եւ նրա E Street Band-ը: Նրանց կատարմամբ շատ սիմվոլիկ հնչեց Land of Hope and Dreams (Հույսի եւ երազանքների երկիր) երգը, իսկ Born to Run երգի ժամանակ Սփրինգստինին միացավ նաեւ Բոն Ջովին: Երեկոն ավելի թեժացրեց Pink Floyd-ի նախկին շարժիչ ուժ Ռոջեր Ուոթերսը, ով կատարեց փինքֆլոյդյան այնպիսի դասական երգեր, ինչպիսիք էին In the Flesh, Another Brick in the Wall Part 2, Money, ինչպես նաեւ Comfortably Numb՝ Pearl Jam-ի Էդդի Վեդերի հետ միասին: Bon Jovi-ին  կրկին բեմ դուրս եկավ կատարելու խմբի հանրահայտ հիթերը՝ It’s My Life, Wanted Dead or Alive եւ Livin’ on a Prayer եւ վերադարձնելու պարտքը Բրյուս Սփրինգստինին՝ նրան բեմ հրավիրելով երգելու «Who Says You Can’t Go Home» Ջերսիի ոգով լցված հիմնը: Էրիկ Կլեպտոնը համեմեց երեկոն իր անկրկնելի բլյուզային կատարումներով՝ Nobody Knows You When You’re Down and Out, Got to Get Better in a Little While, Crossroads:

Զարմանալիորեն կարճ, սակայն դրանից ոչ պակաս հզոր էր The Rolling  Stones-ի ելույթը՝ You Got Me Rocking ու Jumpin’ Jack Flash: Սակայն Ռոլլինգների կարճ ելույթի «տեղը հանեցին» The Who-ն՝ նվագելով երեկոյի ամենաերկար սեթը, նրանք կատարեցին Who Are You, Bell Boy, Pinball Wizard, See Me, Feel Me, Baba O’Riley, Love, Reign o’er Me, Tea & Theatre երգերը: Հատկանշական էր, որ Bell Boy-ի ժամանակ կրկին հնչում էր Քիթ Մունի վոկալը. դրա համար օգտագործվել էին Quadrophenia-ի ձայնագրությունն ու 1974թ. The Who-ի համերգի արխիվային տեսագրությունը: Այնուհետեւ իր դաշնամուրի դիմաց նստեց լոնգայլենդցի Բիլլի Ջոելը՝ կատարելու մի շարք հիթեր, որոնց թվում էին Movin’ Out, New York State of Mind (իհարկե) եւ Have Yourself a Merry Little Christmas: Չնայած այս ամենին, երեկոյի իսկական «մեխը» դեռ առջեւում էր: Փոլ Մաքքարտնին զբաղեցրել էր իր սովորական տեղը համերգի վերջում: Նա սկսեց իր ելույթը աղմկոտ Helter Skelter-ով, այնուհետեւ մի փոքր թեթեւացնելով լարվածությունը՝ The Wings-ի Let Me Roll It-ի ժամանակ: Դրան հաջորդեց եւս մի ստեղծագործություն Band On The Run ձայնասկավառակից՝ Nineteen Hundred and Eighty-Five: Մաքքայի նոր հիթերից My Valentine-ի կատարման ժամանակ նրան միացավ Դայանա Կրոլը: Կրկին վերդառնալով բիթլերի երգացանկին՝ Մաքքարտնին երգեց նուրբ ակուստիկ Blackbird-ը: Հաջորդ երգից առաջ սըր Փոլն ասաց. «Վերջերս մի քանի տղաներ խնդրեցին ինձ գալ եւ նվագել միասին… դե ես էլ եկա՝ պատրաստ ջեմ անելու… Ու այդ ամենի ընթացքում այդ տղաներն անընդհատ կրկնում էին. «մենք չենք նվագել միասին երկար տարիներ»: Այս խոսքերով Փոլ Մաքքարտնին հայտարարեց ամենաանհավանականը՝ Nirvana-ի ողջ մնացած անդամների վերամիավորումը: Հարվածահար Դեյվ Գրոլի, բաս կիթառահար Քիրստ Նովոսելիչի եւ կիթառահար Փատ Սմիրի հետ միասին (որոնք չէին նվագել միասին գրեթե 20 տարի) Մաքքարտնին կատարեց նոր երգ, որն այս կազմը հատուկ գրել էր Գրոլի գալիք վավերագրական ֆիլմի համար: Երեկոն ավարտվեց հրավառությամբ՝ համեմված Live And Let Die-ով: Այս արտասովոր համերգն արդեն պատմություն է, բայց նախաձեռնած բարի գործը դեռ շարունակվում է: Ցանկացողները կարող են նվիրատվություն անել համերգի կայքում՝ www.121212concert.

org, ինչպես նաեւ գնել բարեգործական ձայնասկավառակը: Բացի այդ, համերգի կայքում աճուրդով վաճառվում են մասնակիցների կողմից ստորագրված երաժշտական գործիքներ եւ իրեր, որոնց վաճառքի հասույթը նույնպես կփոխանցվի Սենդիից տուժածներին:

Հայկական ռոք ասոցիացիա

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031