Լրահոս
Օրվա լրահոսը

Սայաթ-Նովան բավարար չի քարոզվել

Հունվար 10,2013 13:55

Իսկ գուսանին վերաբերող նյութերը նկուղներում են

Ամանորի շեմին ՀՀ վարչապետի մոտ հրավիրվել է նիստ, որտեղ ի մի են բերվել 2012թ. Սայաթ-Նովայի ծննդյան 300-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումները: Ներկա են եղել արվեստագետներ, այդ թվում՝ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն Ավիկ Իսահակյանը, ԳԱԱ արվեստի ինստիտուտի տնօրեն Արարատ Աղասյանը, երաժշտագետ, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Ալինա Փահլեւանյանը, երգիչ, ՀՀ ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթեւոսյանը եւ այլք: Հրավիրվածների թվում չի եղել 1950-ականներից Սայաթ -Նովայի արվեստի եւ անձնական իրերի հավաքածուի տեր, արվեստաբան, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սերգեյ Առաքելյանը:

Մեզ հետ հանդիպման ժամանակ Սերգեյ Առաքելյանը, հաստատելով լուրը, ասաց միայն, որ վատառողջ լինելու պատճառով չի մասնակցել նիստին: Հետաքրքրությանը, թե ի՞նչ գնահատական կտա աշուղին նվիրված տարվա միջոցառումներին, մեր զրուցակիցն ասաց. «Չեմ ուզում դաժան գտնվել, բայց չեմ կարող չասել, որ մեծ հաշվով հանրությունը պարզապես անտեղյակ մնաց անցկացված միջոցառումներից»: Հետո էլ հավելեց՝ «Հարցախույզ անցկացրեք թեկուզ երեւանցիների շրջանում, եւ պատկերը պարզ կդառնա»: Արվեստաբանը գտնում է, որ աշուղի հոբելյանին նվիրված տարվա ընթացքում արժեքավոր որեւէ աշխատություն, ուսումնասիրություն, հոդվածների ժողովածու, նոր խոսք ու բացահայտում այդպես էլ չեղավ սայաթնովայագիտության մեջ: Պարոն Առաքելյանից հետաքրքրվեցինք նաեւ, թե ինչպես են, օրինակ, գուսանի անձնական իրերը հայտնվել իր մոտ: Արվեստաբանը սկսեց հեռվից. «1963թ. ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշմամբ իսկապես տոն էր գուսանի ծննդյան 250-ամյա հոբելյանի առիթով, որը ստացավ միջազգային հնչեղություն: Սկսած 1962-ի վերջերից, մանկապարտեզներից մինչեւ ակադեմիա ու կենտկոմ, զբաղված էին Սայաթ-Նովայով: Անվանակոչվեց փողոց, երաժշտական դպրոց: Վերջինիս առջեւ դրվեց Սայաթ-Նովայի արձանը, հրատարակվեցին ավելի քան 30 գիտական աշխատություններ, հայտարարվել էին մրցույթներ արվեստի բոլոր ճյուղերում, որոնց իրենց մասնակցությունը բերեցին այն տարիներին արդեն անվանի արվեստագետներ՝ նկարիչներ Էդվարդ Իսաբեկյանը, Հրաչյա Ռուխկյանը, Սարգիս Մուրադյանը, քանդակագործ Երվանդ Քոչարը, կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանը, երգիչներ Շարա Տալյանը, Ավագ Պետրոսյանը, Արաքսի Գյուլզադյանը, Օֆելյա Համբարձումյանը եւ մյուսները»: Մեր զրուցակիցը նշեց, որ այդ թվերին ինքը Աբովյան քաղաքի մշակույթի տան գեղարվեստական ղեկավարն ու ռեժիսորն էր, իսկ մշակույթի տան գեղարվեստական խորհրդի նախագահը՝ Պարույր Սեւակը: Վերջինս, որ «Սայաթ-Նովա» մենագրության համար միանգամից գիտությունների դոկտորի աստիճան էր ստացել, հորդորել է, որ գործի դնելով մտերմությունը մշակույթի մեծերի հետ, կազմակերպել նաեւ մեծ ցուցահանդես: Մեր զրուցակցի խոսքերով՝ 1963թ. կազմակերպած ցուցահանդեսը դարձել է միջոցառումների մեխը: Հրավիրվել էին գուսանի ծոռները՝ մասնագիտությամբ երգիչ Հարություն Սայաթ-Նովան եւ գրադարանավար Աննա Սայաթ-Նովան: Այսօր ողջ է միայն Հարությունի թոռը՝ Նաթելլա Սայաթ-Նովան, ով, ինչպես տեղեկացրեց մեր զրուցակիցը, ցավոք, նշանավոր տոհմի վերջին շառավիղն է: Իսկ 1978թ. գուսանի 275-ամյակի առիթով Չարենցի տուն-թանգարանում իրականացված ցուցահանդեսը, կառավարության որոշմամբ, շրջել է ԽՍՀՄ-ով մեկ:

Անդրադառնալով իր մոտ գտնվող Սայաթ-Նովայի գործունեությանը վերաբերող նյութերին ու անձնական իրերին, Սերգեյ Առաքելյանը նշեց, թե սկսած 1952թ. Սայաթ-Նովայի բոլոր հրատարակություններն ու հրապարակումները, մեծանուն վարպետների՝ Սարյանի, Ռուխկյանի եւ մյուսների՝ գուսանին առնչվող օրիգինալ գեղանկարները, անձնական իրերը, որ նվիրել են Սայաթ-Նովայի թոռները, պահվում են իր հավաքածուում: Մանրամասնեց նաեւ, որ 1988թ. մոսկովյան վերջին ցուցադրությունից հետո, երբ այդ հսկայական նյութերը տեղափոխվել են Երեւան, ինքը ստիպված դրանց մի մասը պահ է տվել նաեւ ընկերոջ արվեստանոցում եւ քրոջ տան նկուղում: Հարցին, թե այս մասին պատկան մարմինները չգիտե՞ն, արվեստաբանն ասաց միայն, որ մշակույթի նախարարի մոտ կա գաղափար՝ հենց իր նյութերի բազայի վրա հիմնել Սայաթ-Նովայի թանգարան. «Հասմիկ Պողոսյանն իմ մտերիմներին՝ Էդվարդ Միրզոյանին, Երվանդ Ղազանչյանին, Վլադիլեն Բալյանին ասել էր, որ համոզեն ինձ՝ հավաքածուս նվիրել: Բայց… թույլ տվեք չշարունակեմ»:

Կապվեցինք ՀՀ մշակույթի նախարարության Ժամանակակից արվեստի եւ ժողովրդական արհեստների վարչության պետ Սեյրանուհի Գեղամյանի հետ: Հարցին, թե գուսանի հոբելյանական միջոցառումների շարքի վերջին ակորդը ո՞րն է լինելու եւ երբեւէ կլինի՞ նրա անվան թանգարան, տիկին Գեղամյանը հայտնեց. «Վարչապետի գլխավորությամբ կայացած անցյալ տարվա վերջի նիստում որոշվեց, որ 2012թ. մեկնարկած սայաթնովյան հոբելյանական տարին եզրափակել այս տարվա գարնանը՝ Հաղպատում: Ինչ վերաբերում է թանգարանին, ապա հանձնարարվեց ուսումնասիրել հնարավորությունները եւ ներկայացնել վարչապետին»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031