Լրահոս
Օրվա լրահոսը

Վրաստանում համերգները ձրի են

Հունվար 10,2013 13:52

Պրոդյուսեր Արման Ծատուրյանի ասելով՝ պետությունը չպետք է շոու-բիզնեսի հետ գործ ունենա

Իսպանացի աշխարհահռչակ երգիչ, «Գրեմմի»-ի ասպետ Խուլիո Իգլեսիասը կգա Երեւան եւ մարտի 18-ին համերգ կունենա Մարզահամերգային համալիրում: Այս մասին «Առավոտին» հայտնեց համերգի պրոդյուսեր Արման Ծատուրյանը (լուսանկարում): Այս լուրը տեղադրված է նաեւ երգչի  պաշտոնական կայքէջում:

Համերգը Իգլեսիասի 2013թ. համերգային շրջագայության շրջանակներում է: «Վաղուց աշխատում ենք մենեջմենթի հետ, որը նաեւ համագործակցում է Էնրիկե Իգլեսիասի հետ: Նրանց կողմից առաջարկ եղավ, մենք էլ համաձայնեցինք: Խուլիո Իգլեսիասը հայ ընկերներ ունի, որոնք ասել են, թե իրեն այստեղ շատ են սիրում, ինքն էլ որոշել է համերգ ունենալ Հայաստանում: Հիմա դրել ենք այդ համերգը: Ու քանի որ շատ պրոյեկտներ եմ ղեկավարել, ինձ հրավիրեցին որպես պրոդյուսեր: Համերգն 90 րոպե է տեւելու: Իգլեսիասի հետ շուրջ 35 հոգի է լինելու՝ պարողներ, բեք-վոկալ, մի խոսքով՝ գեղեցիկ շոու է սպասվում»,- նշեց Արման Ծատուրյանը: Նա հավելեց, որ տոմսերը մատչելի կլինեն՝ սկսած 5000 դրամից, ինչը հնարավորություն կտա ցանկացողներին ներկա գտնվել միջոցառմանը, իսկ հրավիրատոմսեր համարյա չեն լինի:

Ծատուրյանը հայտնեց, որ ինքը որպես պրոդյուսեր ներգրավված է այլ նախագծերում եւս, որոնց արդյունքում հնարավոր է Հայաստան ժամանեն Ստինգը, Յանին, Մարկ Էնտոնին եւ ուրիշներ: Նրա ասելով, ամեն ինչ կախված է սկզբնական նախագծերի շահութաբերությունից, որովհետեւ շոու-բիզնեսը եւս բիզնես է:

Հաճախ հայաստանցի արվեստագետները քննադատում են նման նախագծերը՝ փաստելով, որ փոխանակ հայաստանյան մշակութային «արտադրանքը» քարոզելու, մեծ գումարներ են ներդրվում՝ դրսից «մարած» կամ «ծագող աստղեր» հրավիրելու նպատակով:

Արման Ծատուրյանը ինչ-որ առումով համամիտ է այս մտքի հետ: «Իսկապես աստղեր կան, որոնց չարժի հրավիրել, ինչ վերաբերում է Խուլիո Իգլեսիասին, այն համաշխարհային աստղ է եւ մարած չէ, որովհետեւ ամեն տարի համերգային շրջագայությունների մեջ է: Մի բան էլ՝ շոու-բիզնեսը բիզնես է, եւ մարդիկ առաջին հերթին գումար են ներդնում այնտեղ, որտեղ goodwill կա՝ վարկանիշ եւ 1000 ու մի բան: Մեր շոու-բիզնեսի շուկան շատ թույլ է, քանի որ հարկվում է մյուս ոլորտների նման, մինչդեռ շոու-բիզնեսը ոչ միայն ծախսատար է, այլեւ ռիսկային: Շատերը վախենում են գումար ներդնել տեղական շոու-բիզնեսի մեջ: Մենք չունենք ինֆրակառուցվածքներ, լավ դահլիճներ, միայն «Կարեն Դեմիրճյան» մարզահամերգային համալիրն է, ու եթե զբաղված է լինում, ուրիշ համերգներ հնարավոր չի լինի կազմակերպել: Բազմաթիվ այլ հանգամանքներ կան, որոնք չեն խթանում շոու-բիզնեսի զարգացմանը Հայաստանում»,- կարծում է մեր զրուցակիցը: Չնայած թվարկվածներին, պրոդյուսերի համոզմամբ, Հայաստանում վիճակն ավելի բարվոք է, քան Վրաստանում. «Մեզ մոտ վիճակն ավելի լավ է՝ վրացիների համեմատ, նրանք անգամ նորմալ համերգային դահլիճ չունեն, ամենամեծ դահլիճն էլ 2000-3000 տեղանոց է: Հետո իրենց մոտ վատ են սովորեցրել՝ համերգների մեծ մասը պետությունն է կազմակերպում՝ պետբյուջեի հաշվին, ժողովուրդը դադարել է տոմս գնել, իրենք սովորել են անվճար համերգի գալ: Իսկ գումար չի մտնում շոու-բիզնեսի ոլորտ, այն չի զարգանում: Շոու-բիզնեսն այնպիսի բան է, որին պետությունը պետք է մաքսիմալ քիչ խառնվի»:

Ծատուրյանը հավելեց, որ ի տարբերություն անցյալ տարվա Յանիի համերգի, որի պրոդյուսերը դարձյալ ինքն էր, լրագրողները հնարավորություն կունենան առաջիկա նախագծերի ժամանակ շփվել հրավիրված արտիստների հետ:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031