Լրահոս
Օրվա լրահոսը

Սուտ մատնության գործով՝ արդարացում

Հունվար 10,2013 13:50

ՀՀ վճռաբեկ դատարանի կայացրած որոշմամբ սուտ մատնություն կատարելու մեջ մեղադրվող 23-ամյա Շահնուր Ավետիսյանը արդարացվել եւ ազատ է արձակվել:

Դատարանը վերադարձրել է Լոռու մարզի դատախազության դատախազ Արծվիկ Ասատրյանի բողոքը՝ օրինական ուժ տալով նախորդ ատյանների կայացրած վճիռներին:

Լոռու մարզի առաջին ատյանի դատարանը, նախագահությամբ դատավոր Մուշեղ Հարությունյանի, հանցակազմի բացակայության հիմքով արդարացման դատավճիռ էր կայացրել մեկ այլ գործի շրջանակներում սուտ մատնության մեջ մեղադրվող  23-ամյա Շահնուր Ավետիսյանի նկատմամբ:

Իր հերթին ՀՀ վերաքննիչ դատարանը մերժել էր իր նախորդի կայացրած դատական ակտի դեմ դատախազ Արծվիկ Ասատրյանի բողոքը:

«Առավոտը», ավելի վաղ անդրադառնալով այս դատաքննությանը, տեղեկացրել էր, որ Շահնուր Ավետիսյանի նկատմամբ սկզբում մեղադրանք էր առաջադրվել սուտ վկայություն տալու փաստի առթիվ, ապա դատաքննության ընթացքում այն փոփոխվել էր:

Համաձայն մեղադրանքի՝ գողություն կատարելու մեջ մեղադրվող Տ. Յ.-ի դատական քննության ժամանակ Շահնուր Ավետիսյանը,  որպես վկա հարցաքննվելիս,  կատարել է սուտ մատնություն եւ գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկությունները կեղծ են՝ չեն համապատասխանում իրականությանը, հայտնել է, որ հիշյալ քրեական գործի նախաքննության ընթացքում ոստիկանության Ստեփանավանի բաժնի աշխատակիցները, 2011 թվականի սեպտեմբերի 22-ին իրեն ոստիկանության Ստեփանավանի բաժին բերման ենթարկելուց հետո, պաշտոնեական լիազորություններն անցնելով՝ ծեծի են ենթարկել՝ իր նկատմամբ բռնություն են կիրառել:

«Ինձ մի քանի օր շարունակ տանում էին, ոստիկանությունում ծեծում էին եւ տուն էին ուղարկում, այդ մասին ոչ մի տեղ չեմ հայտնել, քանի որ նրանք ասում էին՝ «որտեղ էլ ասես, կասենք՝ ընկել ես տուն գնալիս»,- նշված է Տ. Յ.-ի նկատմամբ առաջին ատյանի կայացրած դատավճռում:

Դատարանում նման հայտարարություն անելուց հետո, սակայն, Շ. Ավետիսյանը արդեն ոստիկանությունում հայտնել է, որ սուտ է ասել, իրեն ոչ ոք բռնության չի ենթարկել:

«Չեն ծեծել, ճիշտ չեմ ասել, հիմա էլ եմ ասում, որ այն ժամանակ սուտ ցուցմունք եմ տվել: Նախազգուշացվել եմ, բայց չեմ գիտակցել, չեմ պատկերացրել, որ իմ այդ ասածներիս համար պիտի դատական գործ հարուցվի: Չեմ պատկերացրել, որ այդ քայլը հանցագործություն կկոչվի»,- դատարանում իր տված ցուցմունքի մասին պատմել է Շահնուրը:

Նա նշել է, որ այդ քայլով նպատակ չի հետապնդել ոստիկանության աշխատակիցներից որեւէ մեկին դատական պատասխանատվության ենթարկելու:

«Եթե նման նպատակ ունենայի, կարող էի արհեստական ապացույցներ սարքել, կարծում էի, որ այդկերպ ուղղակի կօգնեմ Տ.-ին, սակայն նա նստեց»,- ասել է Շ. Ավետիսյանը՝ ավելացնելով միայն, որ իրեն ու Տ.-ին գողության կասկածանքով ոչ թե բերման են ենթարկել ոստիկանություն, այլ զանգով են հրավիրել բաժին:

«Շահնուր Ավետիսյանի գործողություններում բացակայում է սուտ մատնություն կատարելու հանցակազմի օբյեկտիվ կողմը, մասնավորապես, նշված քրեական գործով դատական նիստի ընթացքում արված բանավոր հայտարարությունը դիտվել է որպես սուտ մատնություն: Այնինչ, հարցաքննության ժամանակ սուտ մատնություն կատարած վկան կամ տուժողը պատասխանատվության են ենթարկվում ոչ թե սուտ մատնության, այլ սուտ ցուցմունք տալու համար:

Տվյալ գործով բացակայում են նաեւ սուտ ցուցմունք տալու համար քրեական պատասխանատվության ենթարկելու հիմքերը, քանի որ ՀՀ քրեական օրենսգրքի 338 հոդվածի 3-րդ մասը սահմանում է, որ անձը ենթակա չէ քրեական պատաuխանատվության, եթե իր արարքը նշանակություն չէր կարող ունենալ գործի լուծման համար»,- արդարացման որոշում կայացնելու հիմքերին են անդրադառնում դատարանները:

ԱՆՈՒՇ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

Վանաձոր

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031