Լրահոս
Օրվա լրահոսը

Կաշառքը տրվում է պաշտոնատար անձին, մինչդեռ ընտրողը պաշտոնատար անձ չէ

Հունվար 10,2013 13:49

Մեր երկրում գերագույն պետական իշխանությունը ձեւական բնույթ է կրում եւ այն կենտրոնացվել է միանձնյա ղեկավարի ու նրան սատարող քաղաքական կառույցի ձեռքում: Հեռու չգնանք. մայիսի 6-ի ընտրություններում ռեժիմը անբարո խոչընդոտելով քաղաքացիների ընտրելու իրավունքի ազատ իրականացմանը, ժողովրդին զրկեց Սահմանադրությամբ երաշխավորված պետական կառավարմանը մասնակցելու իրավունքից (Սահմանադրության թիվ 30 նորմը ուժը կորցրել է): Բացի դրանից, Ռ. Քոչարյան-Ս. Սարգսյան երկյակը կամ ռեժիմի պարագլուխները կամաց-կամաց օրենքները հարմարեցրել են իրենց շահերին, ինչը առերեւույթ է հատկապես քաղաքացիների ընտրելու իրավունքի հարաբերությունները կարգավորող քրեաիրավական նորմերում եւ ընտրական օրենսդրությունում:

Այսպես, 2008թ. ընտրություններից առաջ Քրեական օրենսգրքում կատարված փոփոխությամբ ընդունվել է թիվ 154 2 պրիմ նորմը (2007թ. հունվար):

Նորմի առաջին մասը պատասխանատվություն է նախատեսում թեկնածուի օգտին կողմ կամ դեմ քվեարկելու, ընտրություններին մասնակցելու կամ մասնակցելուց հրաժարվելու պայմանով թեկնածուներից անձամբ կամ միջնորդի միջոցով կաշառք ստանալը, իսկ երկրորդ մասը ընտրողին այդ գործողություններին հարկադրելը կաշառք տալու միջոցով արարքների համար: Ստորեւ հակիրճ դիտարկենք առանձին-առանձին:

1-ին մաս. Նկատենք, որ կաշառք ստանալը արարքի էությունը կայանում է նրանում, որ պաշտոնատար անձն իր պաշտոնեական լիազորությունների կամ զբաղեցրած պաշտոնի կապակցությամբ ցուցաբերած վերաբերմունքի համար ուրիշ անձանցից ակնհայտ անօրինական կարգով ստանում է նյութական պարգեւատրում կամ հատուցում: Տվյալ հանցագործության սուբյեկտ կարող են լինել մշտապես, ժամանակավորապես կամ առանձին լիազորությամբ իշխանության ներկայացուցչի կամ պետական մարմիններում, տեղական ինքնակառավարման մարմիններում, նրանց կազմակերպություններում եւ այլն գործառույթներ իրականացնող անձինք: Բանը նրանում է, որ ընտրողը հիշյալ գործողությունները իրականացնող պաշտոնատար անձ չէ, հետեւաբար Քրեական օրենսգրքի 154 2 պրիմ նորմի առաջին մասի դիսպոզիցիայում շեշտադրված գործողությունները բնավ կաշառք ստանալը արարքի օբյեկտիվ կողմի կազմի մեջ չեն մտնում եւ այդ հանցակազմը չեն առաջացնում:

2-րդ մաս. Կաշառք տալը նշանակում է անձամբ կամ միջնորդի միջոցով պաշտոնատար անձին կաշառելը, իսկ էությունը կայանում է նրանում, որ անձը անձամբ կամ միջնորդի միջոցով պաշտոնատար անձին անօրինական տրամադրում է նյութական արժեքներ իր կամ ներկայացրած անձանց օգտին պաշտոնատար անձի կողմից իր լիազորությունների շրջանակում գործողություն (անգործություն) կատարելու համար: Կաշառք տալը արարքի սուբյեկտ հանդիսանում է 16 տարին լրացած ՀՀ քաղաքացին, արտերկրացին կամ քաղաքացիություն չունեցող անձը:

Ինչպես նկատվեց, կաշառքը տրվում է պաշտոնատար անձին, մինչդեռ ընտրողը պաշտոնատար անձ չէ, ուստի դիտարկվող նորմի 2-րդ մասի դիսպոզիցիայում շարադրված կողմ կամ դեմ քվեարկելու համար ընտրողին հարկադրելը կաշառք տալու միջոցով գործողությունը կաշառք տալը արարքի հանցակազմ չի առաջացնում: Ավելին, այդ բառակապակցությունը անհեթեթություն է, քանզի քրեական իրավունքի տեսությունում եւ դատական պրակտիկայում կաշառքի նման ձեւ գոյություն չունի: Ըստ այդմ, պաշտոնատար անձի կողմից գործողություն կատարելու սպառնալիքով կաշառք ստանալու պահանջը առաջացնում է կաշառքի շորթում ինքնուրույն հանցակազմը, իսկ երբ կաշառք տալու միջոցով պաշտոնատար անձին հակում են (դրդում) ակնհայտ ապօրինի գործողություն կատարելուն, ապա կաշառք տվողը, բացի կաշառք տալը, քրեական պատասխանատվության է ենթարկվում նաեւ պաշտոնատար անձի կատարած հանցագործության համար, որպես դրդող (հանցակցություն):

Պետք է նկատենք, որ երբ քաղաքացու ընտրելու իրավունքը խոչընդոտելը զուգորդվում է նյութական գայթակղումներով, ապա այդ արարքը ինքնին առաջացնում է ընտրողին կաշառել (պոդկուպ) հանցագործության կազմը: Ըստ էության կաշառել նշանակում է թեկնածուի օգտին կողմ կամ դեմ քվեարկելու համար անձամբ կամ միջնորդի միջոցով ընտրողին նյութական պարգեւատրումը: Օրինակ, դրամ վճարելը, արժեքներ տալը, նյութական բնույթի հատկացումներ կատարելը, պարտքերի վճարումից ազատելը եւ այլն: Գործող քրեական օրենսդրությամբ այս օբյեկտը չի պաշտպանվում եւ դաշտը բաց է: Բանը նրանում է, որ Ռ. Քոչարյանի օրոք ընդունված նոր քրեական օրենսդրությամբ (2003թ. ապրիլ՝ նախագահական ընտրություններից առաջ) ընտրողին կաշառելը հանցագործությունը ապաքրեականացվել է (հին Քրօրենսգրքի 133 հոդված) եւ ռեժիմը ավելի քան 10 տարի է դրամ վճարելու, արժեքներ տալու, պարտքերի վճարումից ազատելու եւ այլ աճպարարություններով համատարած կաշառում է ընտրողներին եւ հաղթող ճանաչվում ցանկացած ընտրություններում (օրինակ, մայիսի 6-ի ընտրություններից առաջ կառավարությունը գյուղաբնակներին 40 մլրդ դրամ գույքահարկի պարտքից ազատելը միտված էր դրան): Տրամաբանական հարց է ծագում. ընտրողին կաշառելը արարքը, որի պարագայում պարգեւավճարով գայթակղվածները հիմնականում չքավոր ու աղքատ անձինք են, ինչու է օրենսդիրը որակում կաշառք ստանալը արարք, երբ դրա սուբյեկտը միայն պաշտոնատար անձն է: Բանը նրանում է, որ կաշառելը արարքի դեպքում քրեական պատասխանատվության ենթակա են կաշառողները եւ կազմակերպիչները, իսկ կաշառք ստանալը արարքի պարագայում՝ կաշառք ստացողը, այսինքն՝ ընտրողը: Ռեժիմը մեղքի նենգափոխմամբ նախ պարտակում է իր համախոհ կաշառողներին եւ կազմակերպիչներին, իսկ քրեական հարկադրանքի ուժով ընտրողին սաստում՝ կաշառվել ես՝ լռիր:

Իմիջիայլոց, ՌԴ քրեական օրենսդրությամբ ընտրողին կաշառելը արարքը ամրագրված է (141 հոդված, 2-րդ մաս): Մեր օրենսդիրը այդ նորմից արտագրել է Քրեական օրենսգրքի 149 հոդվածը (ընտրելու իրավունքի իրականացմանը խոչընդոտելը), բայց ընտրողին կաշառելը արարքը անտեսել է:

ԱՐԱՄ ՄԽԻԹԱՐՅԱՆ

իրավաբան, Մոսկվա

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031