Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ-թուրքական սահմանն է՞լ կբացվի

Հունվար 10,2013 13:43

Ծով ելք չունեցող պետությունների տարանցիկ առեւտրի մասին միջազգային կոնվենցիան վավերացնելով՝ մասնագետները կարծում են, որ սահմանն էլ կբացվի:

Վրաստանը վերջերս նավահանգիստ էր աճուրդի հանել, որը Հայաստանը հանգիստ կարող էր ձեռք բերել, ինչը կթեթեւացներ մեր գործարարների հոգսը, եւ ապահովագրված կլինեին այլ նավահանգստի սեփականատերերի քմահաճույքներից, սակայն մերոնք այդպես էլ որեւէ հետաքրքրություն չցուցաբերեցին: Մինչդեռ Հայաստանի նման ծով չունեցող երկրի համար նավահանգիստ ունենալը շատ կարեւոր է, ու չնայած ուշացումով, բայց կարծես թե արդեն որոշակի քայլեր մերոնց կողմից արվում են՝ դեպի ծով ելք ունենալու համար:

Նախորդ տարի Ազգային ժողովում քննարկվել է դեպի ծով ելք չունեցող պետությունների տարանցիկ առեւտրի մասին 1965թ. կոնվենցիայի վավերացման հարցը. այն, ամենայն հավանականությամբ, կհաստատվի:

Իսկ թե ինչո՞ւ այսքան ուշացումով ենք կոնվենցիայով հետաքրքրվում՝ այն դեպքում, երբ մեր հարեւան Վրաստանն ու Թուրքիան վաղուց արդեն օգտվում են այդ համաձայնագրից, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը հետեւյալ կարծիքը հայտնեց. «15 տարի է՝ խոսում ենք դրա անհրաժեշտության մասին՝ որ Հայաստանը պարտավոր է միանալ, որպեսզի մեր ձայնը կարողանանք բարձրացնել, այդ երկրներից պահանջենք մուտք դեպի ծով: Իսկ այդ մուտքը տրամադրվում է անվճար եւ անարգել՝ ի տարբերություն ներկայիս իրավիճակի. այսօր տրանզիտի համար այդ երկրները մեզանից մեծ գումարներ են վերցնում: Ես ենթադրում եմ, որ արտգործնախարարությունն այս տարիների ընթացքում բավարար տեղեկացված չի եղել, կամ բանիմացության պակաս է եղել: Մյուս պատճառը, որ այսքան տարի ոչինչ չեն արել, այն է, որ տնտեսական դիվանագիտությունը մեզանում կաղում է եւ, կարելի է ասել, բացակայում է, իսկ Վրաստանը, Իրանը, Թուրքիան ու Ադրբեջանը փայլուն տիրապետում են այդ դիվանագիտությանը»:

Կոնվենցիան վավերացնելը, ինչպես ասաց պարոն Մանասերյանը, Հայաստանի համար միանշանակ ձեռնտու է, հատկապես տեղական արտադրողների համար, որոնք կարող են արտահանել իրենց ապրանքը, իսկ ներմուծողներն էլ բավականին էժան գներով կարող են ապրանք բերել:

Մեր այն հարցին՝ չունենալով Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ՝ արդյոք կարո՞ղ են Թուրքիայի ծովեր մուտք ունենալ, եւ արդյոք Թուրքիան խոչընդոտներ չի՞ ստեղծի մեզ համար, մասնագետն ասաց. «Կոնվենցիային միանալու դեպքում հայ-թուրքական սահմանի բացման քաղաքական քայլերը շատ ավելի բարձր մակարդակով կդրվեն միջազգային նորմերի վրա, եւ արդեն պահանջ կդրվի Թուրքիայի հանդեպ, այլ ոչ թե քմահաճույք՝ բացե՞լ, թե՞ չբացել սահմանը: Թուրքիան պարտավոր է դեպի ծով ելք բացել»: Պարոն Մանասերյանի կարծիքով՝ կոնվենցիայի վավերացմամբ անուղղակի կերպով կբացվի հայ-թուրքական սահմանը. «Թուրքիան միջազգային կազմակերպությունների մեծ մասին անդամակցում է, քանի տարի է՝ ձգտում է Եվրամիություն եւ բնականաբար՝ չի կարող դա անել փակ սահմաններով եւ ոտնահարելով նման կարեւորագույն համաձայնագրերը»:

Ինչ վերաբերում է Վրաստանին, որի տարածքից օգտվելու պարագայում մոտ 30 տոկոս մաքսատուրք է վճարվում այդ երկրին, արդյոք խոչընդոտներ մեզ համար չի՞ ստեղծի, քանի որ ըստ կոնվենցիայի՝ այլեւս մաքսատուրքեր էլ չեն վճարվելու, պարոն Մանասերյանը լավատեսական գնահատական տվեց: Տնտեսագետի կարծիքով՝ Վրաստանի նոր վարչապետը շատ ավելի լավ է հասկանում գործարար շահերից եւ գիտի, որ պետք է լինեն փոխշահավետ հարաբերություններ. «Վրաստանի պարագայում ավելորդ երկչոտությունը նախորդ տարիներին, որ մեր կառավարությունը դրսեւորել է բոլոր վարչակազմերի օրոք, անտեղի եմ համարում, որովհետեւ պետք է հիշենք, որ մենք տարիներ շարունակ էլեկտրաէներգիա ենք մատակարարել Վրաստանին: Եվ հենց տնտեսագիտական դիվանագիտության իմաստն էլ այն է, որ կարողանանք ճիշտ փոխշահավետ հարաբերություններ ստեղծել, կարողանանք էլեկտրաէներգիայի դիմաց Վրաստանի պետական պարտքը, որը մենք մի քանի անգամ երկարացրել ենք, շատ կարեւոր առարկա է բանակցությունների համար, պետք է օգտագործենք: Քաղաքակիրթ ձեւով հիշեցնել՝ Վրաստանն էլ Հայաստանի հետ Առեւտրի համաշխարհային կազմակերպության անդամ երկիր է, որի գլխավոր սկզբունքը ոչ խտրական վերաբերմունքն է, իսկ մինչ օրս Վրաստանը մշտապես խտրական վերաբերմունք է դրսեւորել մեր նկատմամբ: Այն, որ Վրաստանը ԱՀԿ-ի կողմից չի պատժվել, դրա պատասխանատուն մենք ենք, մենք չենք բարձրաձայնել, պետք է դիմեինք ու ասեինք՝ այս երկիրը ոտնահարում է ԱՀԿ-ի սկզբունքները»:

Կոնվենցիայի վավերացումը, ըստ մասնագետի, կհանգեցնի նաեւ մենաշնորհների վերացմանը, առողջ մրցակցությանը եւ առողջ տնտեսական հարաբերությունների. «Ուշացումով է, բայց շատ կարեւոր քայլ է, վստահ եմ՝ ԱԺ-ն կհաստատի, եւ կվավերացնենք կոնվենցիան»: Վավերացումից հետո էլ փաստորեն հայկական դրոշով նավեր կունենանք այն ծովերում, որոնք մուտք ունեն օվկիանոսներ, եւ նավահանգիստներ կունենանք նման ծովերում:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031