Ձմռան գալուն զուգընթաց հեռուստատեսությամբ գրեթե ամեն օր մենք լսում ենք, թե քանի նոր տեխնիկա է ներմուծվել, ինչքան աղ ու ավազ է գնվել և այն, որ արդեն պատրաստ են ձմռան գալուստին:
Ինչպես հանրապետության գրեթե ողջ տարածաշրջանում՝ Վանաձորում նույնպես հունվարի 9-ին առատ ձյուն տեղաց: Սակայն ձյուն մաքրող մեքենաները կարծես ի սպառ վերացել էին:
Ժամը 16:00-ի դրությամբ ձյան մաքրման աշխատանքները նոր էին սկսվում, այն էլ՝ միայն Հայքի հրապարակում: Ժամը 17:00-ի դրությամբ որոշ չափով մաքրված էր Տիգրան Մեծ փողոցի միայն մի փոքրիկ հատված: Մինչդեռ ձյան տեղումները սկսվել էին դեռևս գիշերը:
Աղի եւ ավազի մասին նույնիսկ խոսք չի կարող լինել:
Չմաքրված փողոցների պատճառով խաթարվել էր հասարակական (և ոչ միայն) տրանսպորտի աշխատանքը: Մարդիկ կանգնում էին կանգառներում ու սպասում… 5 րոպե, 15 րոպե, 30 րոպե… Ոմանց նյարդերը տեղին էին տալիս և ստիպված տաքսիներից էին օգտվում: Իսկ նրանք, ովքեր չունեին այդ հնարավորությունը, հազիվ, մյուսների օգնությամբ իրենց տեղավորում էին երթուղայինի մեջ և դրսում կանգնած ինչ- որ մեկին խնդրում, որպեսզի փակեն դուռը:
Իսկ 18:00-ից հետո նույնիսկ այդ 30 րոպեն մեկ եկած տրանսպորտը չկար: Ճանապարհները սառել էին, եւ երթուղայինների վարորդները սեփական կամքով որոշել էին դադարեցնել երթեւեկությունը՝ խուսափելով դժբախտ պատահարներից:
Թեհմինե Վարդումյան՝ (mynews.am)