Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին ղեկավար Վազգեն Խաչիկյանի հետ միասին չարաշահումների մեջ մեղադրվում են նույն ոլորտի մոտ մեկ տասնյակի հասնող այլ պաշտոնատար անձինք եւս։
Բազմադրվագ մայր գործից 13 անձի մասով դրվագն առանձնացվել է, հայտարարվել այդ մասով նախաքննության ավարտի մասին և կողմերին տրվել ժամանակ գործի նյութերին ծանոթանալու համար: Ըստ «Փաստինֆո»-ի ունեցած տեղեկությունների, քրեական գործի նյութերը հասնում է մի քանի հարյուր հատորի եւ ըստ ամենայնի գործի նյութերին ծանոթանալու համար կողմերին կպահանջվի երկար ժամանակ, եթե իհարկե ծանոթանալու ցանկություն ունենան։
Վազգեն Խաչիկյանի հետ միասին, գործն դատարան ուղարկվելու դեպքում, ամբաստանյալի աթոռին կնստեն սոցիալական ապահովության պետական ծառայության (ՍԱՊԾ) և դրա ստորբաժանումների ղեկավար անձինք են: Այսպես, մեղադրյալների թվում է հիշյալ ծառայության նախկին ղեկավար Վազգեն Խաչիկյանը, ում մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով՝ առաձնապես խոշոր չափերով, կազմակերպված խմբի կողմից յուրացում և վատնում, 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերով կատարված խարդախություն, և 314-րդ հոդվածով՝ Պաշտոնեական կեղծիք: Ի դեպ, նախաքննության ընթացքում Վ.Խաչիկյանն ընտրել է լռելու մարտավարությունը եւ այդպես էլ ցուցմունք չի տվել։
ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով և 314-րդ հոդվածով մեղադրվում են՝ ՍԱՊԾ տեղեկատվական և վերլուծական վարչության սոցիալական ապահովագրության ծրագրերի տվյալների մշակման բաժնի պետ Վահագն Խաչատրյանը, ՍԱՊԾ վճարումների ծառայության պետ Հովհաննես Գրիգորյանը: Նույն հոդվածներով մեղադրվում են ՍԱՊԾ նույն ծառայության Երևանի վճարումների խմբի տեսուչ-վճարող Վիգեն Գևորգյանը, ծառայության Երևանի Արաբկիրի, Շենգավիթի, Էրեբունու տարածքային բաժինների պետեր Հովհաննես Հովհաննիսյանը, Սամվել Էլբակյանը, Սարգիս Սարգսյանը, Շենգավիթի և Քանաքեռ-Զեյթունի տարածքային բաժինների պետի տեղակալներ Համլետ Մարտիրոսյանը, Արթուր Սուքիասյանը, իսկ Խորհրդայինի տարածքային բաժնի պետ Արամ Մարտիրոսյանը գտնվում է հետախուզման մեջ:
ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով և 38-314-րդ հոդվածով՝ Պաշտոնեական կեղծիքին օժանդակելը, մեղադրվում են Արմեն Խաչատրյանը, Բագրատ Մուրադյանը և Շենգավիթի տարածքային բաժնի օպերատոր Հրանուշ Դանիելյանը:
ՀՀ ոստիկանության նախօրեին հրապարակած տվյալների համաձայն, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պաշտոնատար, պատասխանատու աշխատակիցների կողմից չարաշահումներ թույլ տալու դեպքի առթիվ քննվող քրեական գործով ընդհանուր առմամբ 2013 թ. հունվարի 8-ի դրությամբ հարցաքննվել են 8300 անձինք, այդ թվում` ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայության և այդ ծառայության ստորաբաժանումների աշխատակիցներ, կենսաթոշակառուներ, վերջիններիս հարազատներ ու հարևաններ:
Շատ ցածր տոկոս է կազմում պետության պատճառված վնասի վերականգնումը: Հանցագործությամբ պետությանը պատճառված վնասն ընդհանուր առմամբ կազմում է 376.716.903 ՀՀ դրամ, որից վերականգնվել է 51.773.902 ՀՀ դրամը:
Մեղադրական եզրակացությամբ դատարան են ուղարկվել 9 քրեական գործեր 28 անձանց վերաբերյալ: Իսկ 7 անձի նկատմամբ նախաքննության ընթացքում քրեական հետապնդումը դադարեցվել է, որոնցից 3 անձի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է համաներման ակտի կիրառման հիմքով, իսկ 4 անձի նկատմամբ` քրեական պատ ասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետները լրանալու հիմքով:
Եւս 2 մեղադրյալ ներկայումս հետախուզվում են, ինչն արդեն իսկ վկայում է, որ Խաչիկյանի գործը դատարան ուղարկելով ոստիկանությունը նախաքննությունը չի ավարտելու եւ մյուսների մասով այն դեռ շարունակվելու է։