Անցյալ տարվա սեպտեմբերի 22-ին Երեւանի Սայաթ-Նովայի փողոցի 25 շենքի բնակարաններից մեկում գողություն էր կատարվել:
Բացվել էր տանտիրոջ՝ Հ.Կարապետյանի բնակարանի դուռը, այնտեղից գողացվել 3 ոսկյա շղթա, դրամապանակը, որի մեջ եղել է 100 000 ՀՀ դրամ,
զենքի թույլտվության վկայականը, սոցիալական քարտը, տանտիրուհու կոսմետիկան:
Դեպքի առթիվ ոստիկանության Կենտրոնականի բաժնում հարուցվել էր քրեական գործ, եւ հոկտեմբերի 4-ին որպես կասկածյալ բաժին էր տարվել Ռոբերտ Հովսեփյանը:
Կարդացեք նաև
Նրա հայրը երկար տարիներ եղել է ոստիկանության աշխատակից, եւ մահացավ տղայի ձերբակալումից 3 օր հետո: Ռոբերտ Հովսեփյանին առաջադրվեցին մի քանի գողությունների վերաբերյալ մեղադրանքներ:Կային հաղորդումներ բջջային հեռախոսների, համակարգիչների, ֆոտոխցիկների…գողությունների մասին, սակայն թե ով էր մինչ այդ կատարել «հայտնի» չէր:
Ի դեպ, նախաքննության ժամանակ մի քանի տուժողների հեռախոսների վերծանումներից պարզվել է, որ «հանցագործության դեպքերից հետո հափշտակված հեռախոսները ՀՀ բջջային կապի օպերատորների ցանցերում չեն շահագործվել»:
Բացի այդ, տուժողներից մի քանիսի մատնադրոշմների փորձանմուշները համեմատվել են դեպքի վայրից վերցված հետքերի հետ, սակայն համընկում չի հայտնաբերվել: Հետեւաբար, 6 տուժողների բնակարաններից գողություն կատարելու կապակցությամբ Ռոբերտի նկատմամբ քրեական հետպնդումը դադարեցվել է՝ ապացույցների անբավարար լինելու հիմքով:
28-ամյա երիտասարդին, ի վերջո, մեղադրանք առաջադրվեց դեկտեմբերի 21-ին, Ն.Գեւորգյանի բնակարան մուտք գործելու, այնտեղից 230 000 ՀՀ դրամի արծաթյա զարդեր եւ «Ասուս» տեսակի նեթբուք գողանալու համար:
Ի դեպ, մեր տեղեկություններով, Ռոբերտի մերձավորները բացառում են անգամ այս դրվագով նրան մեղսագրվածի հիմնավորվածությունը:
Նախաքննությունը Ն.Գեւորգյանի բնակարանի գողության դրվագով շարունակվում է:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ