Լրահոս
Օրվա լրահոսը

Երեքը մեկում. Դիլիջանում չի «թույլատրվում» հիվանդանալ

Հունվար 10,2013 11:38

Դիլիջանը ֆինանսական և զբոսաշրջային կենտրոն վերածելու կառավարության որոշման արդյունքում այժմ մեր հիվանդանոցը վերածվել է «երեքը մեկում» վիճակի:

Քաղաքի բնակիչներից Լիլիթը, ում «բախտ էր վիճակվել» ընդամենը մի քանի ժամ գտնվել Դիլիջանի բժշկական հիվանդանոցում, պատմում է, որ նույն սենյակում իր հետ միասին կաթիլային էին ընդունում 2-3 տարեկան երկու երեխաներ:

«Ես ալերգիայի մեջ էի, ամբողջ մարմինս էլ ուռած,- ասում է նա,- ինձ հանգիստ էր պետք, իսկ էդ երկու երեխաներն էնպես էին գոռում-ճչում, էդտեղ հանգստանալ կլինե՞ր»:

Մինչ ստեղծված իրավիճակը քաղաքն ուներ 2 հիվանդանոց, որտեղ գործում էին տարբեր բաժանմունքներ  և կար առանձին պոլիկնինիկա:

Երբ որոշվեց Դիլիջանը դարձնել ֆինանսական կենտրոն՝ չգիտես ինչու որոշեցին քանդել հիվանդանոցներից մեկը,  որտեղ գործում էր վիրաբուժական բաժանմունքը և ծննդատունը, և դրա տեղում կառուցեցին կենտրոնական բանկը:

Կարծես թե բնավորություն է դարձել.  նոր շենք կառուցելու համար պարտադիր պետք է մեկ ուրիշը քանդել: Քանդված հիվանդանոցի բաժինները տեղափոխվեցին մյուս հիվանդանոց, որտեղ արդեն իսկ գործում էին ինֆեկցիոն, թերապևտիկ բաժանմունքները և շտապ բուժօգնությունը:

Սակայն սա էլ կարծես քիչ էր, և հերթը հասնավ պոլիկնինիկային: Պոլիկնինիկայի շենքը վաճառվեց, որը վերանորոգվեց և շուտով գործածման կհանձնվի որպես դիագնոստիկ կենտրոն: Այն լինելու է Նաիրի կենտրոնի մասնաճյուղ: Դժվար թե այս կենտրոնից կարողանան օգտվել դիլիջանցիները, քանի որ  սպասարկումները թանկ կլինեն կապված այն բանի հետ, որ քաղաքը տուրիստական է՝ օտարերկրացիներն այստեղ շատ են այցելում:

Այս ամենի հետևանքով,  Դիլիջանի մեկ հիվանդանոցը, փաստորեն, վերածվեց հայտնի ռեկլամի, որտեղ ասվում է. «երեքը մեկում», քանի որ  բոլոր բաժինները խտացվեցին մեկ տեղում և գործում են «անթիվ, անհամար» բաժիններ: Դա նշանակում է, որ  բոքսում պառկած ծանր ինսուլտով կամ ինֆարկտով հիվանդների առօրյան լցված է  երեխաների լացով ու ճիչերով:

Շենքի նեղվածության պատճառով անընդհատ հերթեր են գոյանում, միջանցքներում անընդհատ մարդկանց խմբեր են հավաքված, ովքեր ժամերով սպասում են իրենց «հերթին»: Առավոտն էլ գնաս՝ հերթ է, մի քիչ ուշ էլ գնաս՝ հերթ է:

Դիլիջանցի Էդիկը պատմում է, որ առավոտ շուտ գնացել էր բժշկի, որպեսզի  աշխատանքից չուշանա, սակայն հնարավոր չէ. «Ամենաքիչը երկու ժամ պետք է աչքիդ առաջ ունենաս»:

Հիվանդանոցի ետնամասից մտնելով  առաջին հարկ, ձախ կողմում, որտեղ գինեկոլոգիական բաժանմունքն է, կհանդիպեք մի խումբ հղի կանանց, ովքեր կանգնած ժամերով սպասում են, իսկ աջակողմյան հատվածում, որտեղ լաբորատորիան է, մեկ ուրիշ խմբի կհանդիպեք: Այդ հարկի մի փոքրիկ անկյուն էլ տրամադրել են ստոմատոլոգիական բաժանմունքին:

Երբ հիվանդանոցն ունի այսպիսի շենքային պայմաններ, ավելորդ է դառնում խոսել հիվանդանոցի սարքավորումներից, սենյակների հիգիենիկ վիճակից, մահճակալներից, հարմարավետությունից և այլն:

Այս բոլորին պետք է ավելացնել նաև այն, որ այս մի «խտացված» հիվանդանոցը սպասարկում է ոչ միայն Դիլիջանին, այլև մոտակա գյուղերին՝ Թեղուտ, Հաղարծին, Գոշ:

Քանի որ սրա վերջը չի երևում,  ժողովրդին միայն մի բան է մնում.  չհիվանդանալ և չընկնել հիվանդանոցի «ճիրանները»:

iregion.org

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031