Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյան. Ինքս էլ ազատված կզգամ գաղտնալսման բովանդակությունը չքննարկելու գործելակերպից

Հունվար 10,2013 11:25

ա) Հայ ազգային կոնգրեսի վերջին շրջանի գործունեությունը բազմաթիվ հարցեր է հարուցել, խոսակցությունների տեղիք տվել։ Դրանցից մեկն այն է, թե իբր ես ինչ-որ ամբիցիաներ եմ խաղացնում կամ խաղացրել Հայ ազգային կոնգրեսում, պահանջել եմ, որ լինեմ Կոնգրեսի թեկնածուն նախագահական առաջիկա ընտրություններում։ Սա կատարյալ անհեթեթություն է, եւ հարկ է նկատել, որ Կոնգրեսի շրջանակներում իմ պահվածքը եղել է համեստ եւ որեւէ կարգավիճակի համար երբեք կռիվ չեմ տվել, որեւէ մեկից աջակցություն չեմ խնդրել, որեւէ մեկին ակնարկ-նամյոկ չեմ արել, որեւէ մեկին «վերբովկա» անելու փորձ չեմ ձեռնարկել։

Իմ կողմից ամբիցիաներ խաղացնելու մասին խոսակցությունները այլ կերպ, քան ցնորք, չեմ կարող որակել, դրանք տարածվել են, երբ իմ փաստարկներին հակափաստարկ չի եղել, եւ բանսարկությունն է եղել միակ հնարավոր հակակշիռը։ Ինչ վերաբերվում է նախագահական ընտրություններում իմ թեկնածու առաջադրվելուն, դրա մասին խոսել կամ ակնարկել են ուրիշները, ինչին իմ պատասխանը եղել է կամ խուսափողական, կամ՝ կտրուկ բացասական։ Ավելին, մի քանի անգամ եմ հայտարարել, որ 2013թ. նախագահական ընտրություններում չեմ պատրաստվում առաջադրվել։ Մի քանի անգամ դա արել եմ հրապարակային, բայց խոսակցությունները չեն դադարել։ Չեն դադարել խոսակցությունները նաեւ իմ ամբիցիաների մասին։ Ու եթե իրերն իրենց անուններով կոչելը, հստակ դիրքորոշումներ արտահայտելը, համոզմունքին հավատարիմ մնալը, ակնհայտ փակուղային վիճակից ելքեր փնտրելը ամբիցիա է, ուրեմն՝ իմ ամբիցիաները 20 տարի եղել են հազարավոր մարդկանց աչքի առաջ, եւ կուլիսներում ամբիցիաներ խաղացնելու կարիք չունեմ։ Համ էլ խոստովանեմ. չեմ տիրապետում «բարձրաշխարհիկ այդ արվեստին»։

բ) մինչեւ օրս հետաքրքրություն է առաջացնում ՀՀՇ համագումարին իմ չմասնակցելը, ինչը, մեղմ ասած, տարօրինակ է։ Չնայած այդ կապակցությամբ մեկնաբանություն եմ տվել, որ համագումարին իմ չմասնակցելու մեջ ոչ մի քաղաքական ենթատեքստ կամ պատճառ չկա, այդ հարցը առեղծվածային ձեւով շարունակում է քննարկվել։ Այս առեղծվածը «բացահայտվեց» Տավուշի մարզի գյուղերից մեկում, երբ մի մարդ ինձ հարցրեց. «Բա ինչի՞ չէիր գնացել Հայ ազգային կոնգրեսի համագումարին»։ Խնդրի նկատմամբ հետաքրքրության պատճառն այս է, թերեւս, որ ՀՀՇ համագումարը, չգիտես ինչու, ընկալել են, որպես Հայ ազգային կոնգրեսի համագումար։ Պարզաբանենք, սակայն, որ դրանք նույն բանը չեն։ Հայ ազգային կոնգրեսի անդամ բոլոր կուսակցությունները կարող են համագումար անել եւ անում են, որոնցից ոչ մեկին ի դեպ, չեմ մասնակցել, բայց դրանք նույնացնել Կոնգրեսի համաժողովի հետ, չի կարելի։ Կոնգրեսը հիմնադրման օրվանից համաժողով չի ունեցել, չնայած՝ նրա հիմնադրման մասին հռչակագրում ասվում է. «Կոնգրեսի գործունեության ընդարձակ ծրագիրը նախատեսվում է ընդունել եւ հրապարակել նրա առաջիկա համաժողովում»։ Նման որեւէ համաժողով, փաստորեն, տեղի չի ունեցել։

գ) Վ. Օսկանյանի եւ Լ. Զուրաբյանի խոսակցության գաղտնալսման հետ կապված հստակ դիրքորոշում եմ արտահայտել եւ հրաժարվել քննարկել գաղտնալսված զրույցի բովանդակության հետ կապված որեւէ հարց։ Վերջերս սակայն, ինձ լուրեր են հասնում, որ ինչ-որ մարդիկ այդ գաղտնալսման խմբակային լսումներ են կազմակերպում, եւ դա դարձնում իմ դեմ քստմնելի բամբասանքներ տարածելու վաղեմի գործելակերպի նոր աղբյուր։ Եթե այս լուրերը հաստատվեն, ինքս էլ ազատված կզգամ տխրահռչակ զրույցի բովանդակությունը չքննարկելու գործելակերպից։ Եվ ի դեպ, սխալվում են բոլոր նրանք, ովքեր մտածում են, թե կխուսափեմ ինձ հետ կապված որեւէ հարցի հրապարակային քննարկումից։ Ոչ միայն չեմ խուսափի, այլեւ իմ հասցեին հնչած որեւէ մեղադրանքի քարը քարին չեմ թողնի։

Վերջերս ի դեպ, փորձ արվեց աղմուկ սարքել Ծաղկաձորում ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի եւ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի (որի անդամ եմ հանդիսանում) կազմակերպած սեմինար-քննարկումների ընթացքում արված մի լուսանկարից, որտեղ ԱԺ ՀՀԿ-ական երկու պատգամավորի հետ հայտնվել էի նույն կադրում։ Ազգային ժողովում ելույթ ունենալիս՝ Հովիկ Աբրահամյանի, Էդուարդ Շարմազանովի կամ Հերմինե Նաղդալյանի հետ ամեն անգամ նույն կադրում եմ հայտնվում, եթե մտածելու բան կա, թող իրենք մտածեն, որովհետեւ իմ ասելիքն ասում ու անելիքն անում եմ նաեւ նրանց ներկայությամբ։ Ի դեպ, դեմ չեմ, եթե հանրապետական պատգամավորների հետ իմ խոսակցությունների գաղտնալսումները հրապարակվեն։

Նիկոլ ՓԱՇԻՆՅԱՆ

«Հայկական ժամանակ»

Լուսանկարը՝ Արման Վեզիրյանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031