Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ահարոն Ադիբեկյանի սոցիոլոգիական հարցման արդյունքներով՝ Սերժ Սարգսյանը ունեցել է իրականում 4.1 տոկոս

Հունվար 10,2013 10:58

Հանրահայտ Ահարոն Ադիբեկյանը, ով ոչ առանց հիմքի, պալատական սոցիոլոգի համարում ունի, երեկ հերթական սոցիոլոգիական հարցման արդյունքներն է հրապարակել առաջիկա նախագահական ընտրությունների թեմայով։ Ճիշտն ասած, մեծ զարմանք ապրեցի, երբ Ադիբեկյանի ներկայացրած թվերի հետ ծանոթացա։ Զարմանքիս պատճառն այն է, որ դրանք ավելի քան, վստահություն ներշնչող եւ իրականությանը մոտ էին թվում։ Այսպես, Ադիբեկյանը հայտարարել է, որ դեկտեմբերին, այն ժամանակ, երբ հայտնի են դարձել, թե ովքեր են լինելու նախագահական ընտրությունների հիմնական թեկնածուները եւ ովքեր չեն լինելու թեկնածու, իրենք մայրաքաղաքի եւ մարզերի բնակիչների շրջանում հարցում են անցկացրել։ Արդյունքում պարզվել է, որ առաջիկա նախագահական ընտրությունների նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում միայն ընտրողների 52 տոկոսը։ Այս թիվը կարող ենք նույնիսկ, մի փոքր ուռճացված համարել, սակայն դրանից բան չի փոխվի, միեւնույնն է, այն արդեն չափազանց վատ ցուցանիշ է։

Այսինքն այն փուլում, երբ եկող նախագահական ընտրությունների առումով երկրում ամենամեծ աժիոտաժն էր տիրում, հավանական թեկնածուները մեկը մյուսի ետեւից հայտարարում էին իրենց առաջադրվել-չառաջադրվելու մասին, իսկ ընտրություններին երկու ամսից էլ պակաս ժամանակ էր մնացել, այդ ամենը հետաքրքրում էր ընտրողների միայն 52 տոկոսին։ Իսկ հաշվի առնելով, որ դրանից հետո ընտրությունների համատեքստում որեւէ հետաքրքիր բան չի կատարվել եւ ընդունված կարծիքի համաձայն, չի էլ կատարվի, նշանակում է, այդ տոկոսը ոչ թե աճի, այլ նվազման միտում ունի։ Սակայն, շարունակենք Ադիբեկյանի հրապարակած թվերն ուսումնասիրել։ Սոցիոլոգը նաեւ հայտարարել է, որ հետաքրքրված ընտրողների, այսինքն՝ ընդհանուրի 52 տոկոսի, միայն 32 տոկոսն է որոշել, որ պետք է գնա ընտրության։ Իսկ ահա, ընտրության գնացողների 28 տոկոսը կողմնորոշվել է, թե ում է ընտրելու։ Նրանցից 72 տոկոսը, ըստ Ահարոնյանի, մտադիր է ընտրել Սերժ Սարգսյանին, իսկ 20 տոկոսը՝ Րաֆֆի Հովհաննիսյանին։ Իհարկե, 73 տոկոսը շատ ճոխ է հնչում, եւ երեկվա լրատվական թողարկումների զարդն այն էր, թե կողմնորոշված ընտրողների 72 տոկոսը սատարում է Սերժ Սարգսյանին, սակայն, փաստը մնում է փաստ, որ դա չափազանց փոքր թվի 72 տոկոսն է։

Եւ երբ այդ տոկոսները վերածում ենք թվերի, պալատական սոցիոլոգի

ներկայացրած պատկերը «հաղթող թեկնածու» Սերժ Սարգսյանի համար, մեղմ ասած, պարզապես, ծաղրանք է դառնում։ Այսպես, Հայաստանում առկա իրական ընտրողների (գոյություն չունեցող 800 հազարը չենք հաշվում) միայն 52 տոկոսն է հետաքրքրված ընտրություններով՝ մոտ 900 հազար հոգի։ Սրանից միայն 32 տոկոսն է գնալու ընտրության՝ մոտ 300 հազար հոգի։ Սրանից 28 տոկոսը կողմնորոշված է՝ մոտ 84 հազար հոգի։ Իսկ ահա, սրա 73 տոկոսը ընտրելու է Սերժ Սարգսյանին, մոտ 70 հազար։ Սա կազմում է ՀՀ-ում առկա ընտրողների 4.1 տոկոսը, իսկ ցուցակներում ավելացրած եւ գոյություն չունեցող 800 հազար ձայնը Սերժ Սարգսյանին նվիրելու դեպքում, կստացվի, որ ընտրողների պաշտոնական թվի միայն մոտ 35 տոկոսն է գործող նախագահինը։ Ստացվում է, որ համաձայն Ահարոն Ադիբեկյանի սոցիոլոգիական հարցման արդյունքների, նախագահական ընտրությունների քվեարկության օրվանից երկու ամիս էլ պակաս ժամանակ առաջ, Սերժ Սարգսյանը ունեցել է իրականում 4.1 տոկոս։ Իսկ եթե սրան գումարում ենք նաեւ 800 հազար գոյություն չունեցող ընտրողներին, նույնիսկ Ահարոն Ադիբեկյանի տվյալներով, Սերժ Սարգսյանի ռեյտինգը չի գերազանցում 35 տոկոսը։ Սակայն սա իրական ցուցանիշ չէ։ Սդիբեկյանի ներկայացրած թվերով Սերժ Սարգսյանի իրական ռեյտինգը 4.1 տոկոս է։ Այսինքն վարչական ռեսուրս, գումարած տնեցիների մի մասը։

Աննա Վ. ՀԱԿՈԲՅԱՆ

«Հայկական ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031