Այսօրվանից` հունվարի 10-ից, ուժի մեջ է մտնում Եվրամիության անդամ և Շենգենյան դրույթները կիրառող ԵՄ ոչ անդամ պետությունների քաղաքացիների համար մուտքի արտոնագրերի միակողմանի վերացման մասին որոշումը, որը ՀՀ կառավարությունը հաստատել է 2012թ. հոկտեմբերին։
ԵՄ անդամ պետությունների (Ավստրիայի, Բելգիայի, Բուլղարիայի, Գերմանիայի, Դանիայի, Էստոնիայի, Իռլանդիայի, Իսպանիայի, Իտալիայի, Լատվիայի, Լեհաստանի, Լիտվայի, Լյուքսեմբուրգի, Կիպրոսի, Հունաստանի, Հունգարիայի, Մալթայի, Մեծ Բրիտանիայի և Հյուսիային Իռլանդիայի Միացյալ Թագավորության, Նիդեռլանդների, Շվեդիայի, Չեխիայի, Պորտուգալիայի, Ռումինիայի, Սլովակիայի, Սլովենիայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի) և Շենգենյան դրույթները կիրառող` ԵՄ ոչ անդամ հետևյալ պետությունների (Իսլանդիայի, Լիխտենշտեյնի, Նորվեգիայի և Շվեյցարիայի) քաղաքացիներին կթույլատրվի առանց այցագրի Հայաստանում մնալ տարեկան մինչև 90 օր:
Այսպիսով` Հայաստանը Ուկրաինայից, Վրաստանից և Մոլդովայից հետո դարձավ 4-րդ երկիրը, որը միակողմանիորեն վերացրեց այցագրային ռեժիմը եվրոպացիների համար: Միաժամանակ` Հայաստանը փոխադարձ անայցագիր ռեժիմ ունի շուրջ 20 երկրի հետ, այդ թվում` Վրաստանի, Ռուսաստանի և նախկին խորհրդային երկրների մեծ մասի հետ:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 17-ին Բրյուսելում ստորագրվել է նաև Հայաստանի և ԵՄ-ի միջև մուտքի արտոնագրերի դյուրացման մասին համաձայնագիրը:
Կարդացեք նաև
«Օրակարգ»