Լրահոս
Օրվա լրահոսը

Միասնական պայքար՝ ընդդեմ Հայաստանի հասարակության

Հունվար 10,2013 10:31

Այն, որ Հայաստանում իշխանությունը, մեղմ ասած, արհամարհում է հասարակական կարծիքը, կամ համընդհանուր ընկալմամբ` թքած ունի դրա վրա, որևէ մեկի համար նորություն չէ: Ընտրություններում հասարակության դերակատարությունը գրեթե զրոյական է, իշխանությունը կատարելության է հասցրել ընտրակեղծարարության մեքենան, որը ցանկացած մեկին կարող է «դարձնել» պատգամավոր կամ նախագահ:

Բայց վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ հասարակական կարծիքի վրա թքած ունի նաև ընդդիմությունը, իրենց ընդդիմադիր համարող ուժերի մեծ մասը: Առնվազն՝ նրանք, ովքեր տարբեր պատճառներով հայտարարեցին առաջիկա նախագահական ընտրություններում թեկնածու չառաջադրելու և որևէ այլ թեկնածուի չսատարելու մասին: Բոլոր այդ ուժերը` ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, ցույց տվեցին, որ պատասխանատվության որևէ զգացում չունեն իրենց անդամների, համակիրների ու ընտրազանգվածի նկատմամբ: Ու այդպիսով նրանք անուղղակիորեն վերահաստատեցին, որ քաղաքականության մեջ իրենց հաջողությունը պայմանավորում են ոչ թե հասարակական կարծիքով, այլ իշխանության բարեհաճությամբ: Քաղաքականությունը հանրային ծառայության տեսակ է: Երբ քաղաքական ուժերը, այսպես ասած, թերանում են իրենց ծառայությունների մեջ (իսկ ընտրություններում թեկնածու չառաջադրելը ոչ այլ ինչ է, քան քաղաքական անպատասխանատվության դրսևորում), հասարակությունը դադարում է օգտվել նրանց ծառայություններից: Խոսքը, բնականաբար, նորմալ քաղաքական համակարգեր ու իրական ժողովրդավարություն ունեցող երկրների մասին է, որտեղ և՛ իշխանությունը, և՛ ընդդիմությունը հավասարապես կախված են ընտրողների քվեից:

Երբ, ասենք, որևէ պետական պաշտոնյա վատ է աշխատում, թերանում է իր պարտականությունների կատարման հարցում, նույն ընդդիմադիրներն իրար հերթ չտալով՝ բարձրաձայնում են այդ պաշտոնյային պատասխանատվության ենթարկելու մասին: Սակայն որևէ քաղաքական ուժ իրեն նեղություն չի տալիս մտածել, առավել ևս՝ խոսել սեփական պատասխանատվության մասին: Որովհետև ընդդիմությունը Հայաստանում ևս  կախված է ոչ թե հասարակության քվեից, այլ իշխանության ընտրակեղծարարությունից ու դրա արդյունքում իրեն բաժին հանված «քվոտաներից»:

Արդյունքում՝ հասարակությանը մնում է իսկապես միայն բոյկոտելու հնարավորությունը: Ոչ միայն ու ոչ այնքան նախագահական ընտրությունները, որքան քաղաքական համակարգն ու քաղաքական ուժերին ընդհանրապես: Իսկ բոյկոտի այդ տեսակը գործնականում արտահայտվում է արտագաղթով, ինչին ընդդիմությունն իր անգործությամբ նպաստում է գրեթե այնքան, որքան իշխանությունն՝ իր գործունեությամբ:

«168 ԺԱՄ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031