Թեև համընդհանուր գնահատականն այն է, որ 2013 թվականի նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանը, ըստ էության, լուրջ մրցակիցներ չունի, այնուամենայնիվ, պետք է արձանագրել, որ կա ամենալուրջ մրցակիցը, որ կարող է երբևէ լինել որևէ թեկնածուի համար: Դա Հայաստանում առկա իրավիճակն է՝ իր գրեթե բոլոր կողմերով, բացի, իհարկե, քաղաքական ամայությունից: Մնացյալ բոլոր առումներով Հայաստանում առկա ծանրագույն վիճակը լուրջ, չափազամց լուրջ մրցակից է ցանկացած նախագահի թեկնածուի համար, ով էլ որ նա լիներ և ինչպես էլ հաջողացրած լիներ ամայացնել ու փոշիացնել մնացյալ ամբողջ դաշտը:
Երևի թե որևէ երկրի նախագահի թեկնածու չէր կամենա ունենալ այնպիսի մրցակից, ինչպիսին Հայաստանում առկա վիճակն է, սոցիալ-տնտեսական, բարոյահոգեբանական, իրավա-քաղաքական ծանր խնդիրները, համակարգային արատները, որոնք պահանջում են շուտափույթ լուծում: Այդ ամենը հասել է կրիտիկական աստիճանի, կամ կհասնի շատ մոտ ապագայում: Այդ վիճակը ձգելը այլևս դառնում է ավելի ու ավելի դժվար և նույնիսկ պրակտիկորեն անհնար:
Հայաստանը դատարկվում է, Հայաստանում նվազում են ներդրումները, Հայաստանի շուրջը ծավալվում են զարգացումներ, որոնք պահանջում են ներքին ռեսուրսների մոբիլիզացում, սակայն դա տեղի չի ունենում, քանի որ իշխող օլիգարխիան շարունակում է մսխել այդ ռեսուրսներն ու հանդիսանալ հասարակական լիարժեք և օբյեկտիվ մոբիլիզացիայի ծանրագույն խոչընդոտ:
Սերժ Սարգսյանը կարող է անգամ 100 տոկոս հավաքելով իրեն հռչակել Հայաստանի նախագահ, բայց դրանով որևէ խնդիր չի պակասելու, և նա ստիպված է լինելու վաղ թե ուշ բախվել այդ իրավիճակին դեմ առ դեմ, թեև երևի արդեն իսկ բախվել է: Պարզապես այդ իրավիճակը, ի տարբերություն քաղաքական մրցակիցների հետ հարաբերությունների, հնարավոր չէ հանգուցալուծել տարբեր գործարքներով, առևտրով և այլն:
Կարդացեք նաև
Այս իրավիճակը Սերժ Սարգսյանի համար ունի կամ-կամ հանգուցալուծում. կա՛մ Սարգսյանը թողնում է հանրության աչքին քող հանդիսացող կոսմետիկան և վերջապես ձեռնամուխ է լինում խնդիրների լուծմանը, քանի դեռ Հայաստանը վերջնականապես չի դադարել որպես քիչ թե շատ կենսունակ ինքնիշխանություն գոյություն ունենալուց, կա՛մ այդ խնդիրները լուծում են Սերժ Սարգսյանի հարցը: Միայն թե ցավալին այստեղ այն է, որ մինչ դրանք Սերժ Սարգսյանի հարցը լուծեն, զուգահեռաբար կլուծվի նաև Հայաստանի հարցը:
Այստեղ է, որ հասարակությունն ինքը իրավունք չունի մնալու դիտորդի կարգավիճակում՝ տրվելով ինչ-որ քաղաքական գործիչների անհաջող «բիզնեսի» հովերին և գլուխն առնելով ափերի մեջ: Սերժ Սարգսյանը մեն-մենակ է մնացել իր գլխավոր մրցակցի` Հայաստանի ծանր իրավիճակի դեմ, և հասարակությունը պարտավոր է տեր կանգնել այդ մենամարտին՝ թույլ չտալով, որ դրանում հանկարծ պարտվի Հայաստանը:
«Ժամանակ»