Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Բոստանջյանն ու Ծառուկյանը զրուցել են, Բոստանջյանը չի կարողացել տալ իրեն հուզող հարցը

Հունվար 09,2013 22:38

«Ես չեմ էլ մտածել ԲՀԿ-ից դուրս գալու մասին»,- այսօր Aravot.am-ի հետ զրույցում ԲՀԿ անդամ Վարդան Բոստանջյանն այսպես պատասխանեց մեր հարցին՝ Դուք դեռ ԲՀԿ անդա՞մ եք:

Հիշեցնենք, որ ԲՀԿ-ի համամասնական ցուցակում չհայտնվելուց մի քանի օր հետո Վարդան Բոստանջյանը ՀՅԴ-ի նախընտրական ծրագիրը ներկայացնելիս անակնկալ ջերմ ելույթ ունեցավ ՀՅԴ-ի մասին՝ ասելով, որ միակ կուսակցությունն էր, որտեղ ցուցակը կազմելիս ոչ մի խռովություն չեղավ. «Նման պարագայում ո՞նց չուզես, որ իրենք կարողանան առաջնորդել մեր ազգի հաջողությունները»: Նրա ելույթից հետո նույնիսկ Աղվան Վարդանյանը կոչ արեց պարոն Բոստանջյանին քվեարկել «խղճի մտոք», այսինքն՝ ՀՅԴ-ի օգտին: Այնպիսի տպավորություն էր, որ ԲՀԿ-ական Վարդան Բոստանջյանը շուտով համալրելու է ՀՅԴ շարքերը:

Այսօր պարոն Բոստանջյանը իր այդ խոսքերն այսպես մեկնաբանեց. «ՀՅԴ-ի ծրագիրը շատ դրական կողմեր ուներ, ես արտահայտվեցի ու խոսեցի այդ մասին, բայց դա դեռ ոչինչ չի նշանակում: Եթե հիշում եք, ես չի եղել այդպիսի բան, որ ասեմ, որ դուրս եմ գալիս ԲՀԿ-ից: Ես հիմա էլ դաշնակներին էլի բարձր եմ գնահատում: Իրենք բարձր են, պատասխանատվության ինտիտուտն է բարձր: ՀՅԴ-ն այն միակ  կուսակցությունն էր, որը բոլոր պարագաներում կառավարման ղեկին մոտ գտնվող կամ կառավարման ղեկի մոտ եղած իրենց մարդկանց միջոցով իրենց ընդգծված պատասխանատվությունն են կրել եւ հիշատակեք մի ոլորտ, որտեղ նրանք ունեն բացթողում: Այդպիսի բան չի եղել: Ես դա եմ ասել ու հիմա կրկնում եմ, նորից եմ ասում: Դաշնակցականները, ցանկացած պարագայում, եթե նրանց հանձնարարվում է գործ, նրանք դրան մոտենում են ամենամեծ պատասխանատվությամբ»:

Համամասնական ցուցակում չհայտնվելու խառը օրերին պարոն Բոստանջյանը «Իրավունքի» հետ զրույցում նշել էր, որ իրեն թվացել է, որ իր եւ Գագիկ Ծառուկյանի հարաբերությունները շատ նորմալ են եղել: Իսկ թե ինչու չկա ցուցակում՝ երեւի իր տեսակը ԲՀԿ-ին պետք չի եղել: Պարոն Բոստանջյանի խոսքերով՝ «Ես փաստորեն անուղղակի ձեւով ուզել եմ ասել, որ իմ համար էլ զարմանալի եղավ համամասնական ցուցակում չհայտնվելը եւ, պայմանավորված այդ հանգամանքով, ես կարող էի, չէ՞, դա ասել»: Մեր հարցին՝ հիմա Ձեր հարաբերությունները Գագիկ Ծառուկյանի հետ ինչպիսի՞ն են՝ Վարդան Բոստանջյանը վստահեցրեց, որ շատ լավ, որ իրենք հանդիպում են, զրուցում են: Խորհրդարանական ընտրություններից հետո էլ հանդիպել են, նորմալ շփվել. «Իսկ ինչի՞ պիտի նորմալ չլիներ, նորմալ շփվել ենք: Ես ոչ թե նեղացած եմ եղել, դա ոչ թե նեղացածություն էր, այլ՝ երեւույթների դժվար ընկալում: Ես կարծում եմ, որ մտածող մարդը երբեք չպետք է նեղանա ոչ մի բանից»: Այնուամենայնիվ, իրենց զրույցի ընթացքում Վարդան Բոստանջյանը Գագիկ Ծառուկյանին չի տվել իրեն հուզող հարցը՝ ինչո՞ւ իրեն հանեց համամասնական ցուցակից. «Պատճառների մասին չհարցրեցի: Ես ինքս ինձ բարձր եմ գնահատել , դրա համար երբեւիցե պատճառների մեջ չեմ մխրճվում: Եթե կարող եմ՝ ինքս կհասկանամ, իսկ եթե հանկարծ չեմ հասկանում, ուրեմն հետաքրքրվելով՝ պատճառներ չեմ իմանում»: Դուք բաց էիք խոսում եւ հաճախ կատարում ԲՀԿ-ի ընդհանուր տեսակետին հակառակ մեկնաբանություններ, դա կարո՞ղ էր պատճառ հանդիսանալ, Վարդան Բոստանջյանը չբացառեց. «Հնարավոր է նաեւ դա լիներ պատճառը, որ ես ցուցակից դուրս մնացի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031