Այսօր Aravot.am-ի խմբագրությունը նամակ է ստացել «Սթրես կենտրոնի» մի խումբ աշխատակիցներից, որոնք դժգում են, որ կենտրոնի՝ ամիսներ առաջ աճուրդով վաճառքից հետո մի քանի աշխատակիցներ կրճատվել են, իսկ մնացածի ճակատագիրն էլ մազից է կախված՝ ամեն օր սպասում են, որ ազատման դիմում գրելու հրահանգ կստանան: Նամակում մասնավորապես նշված է, որ մոտ 42 աշխատակից կմնան անգործ եւ ստիպված կլինեն իրենց ընտանիքների հետ բռնել արտագաղթի ճանապարհը:
«Սթրես կենտրոնը» ստեղծվել է 1988 թվականի երկրաշարժից հետո եւ տարիներ ի վեր բուժօգնություն է տրամադրել երկրաշարժից տուժածներին: Կառավարության որոշմամբ կենտրոնը աճուրդի է դրվել, իսկ նախորդ տարի «Արթմեդ» բուժհիմնարկն այն ձեռք է բերել:
Aravot.am-ը փորձեց «Արթմեդի» ղեկավարից ճշտել, թե ի՞նչ է սպասվում «Սթրես կենտրոնի» աշխատակիցներին, հայտնելով, որ մի խումբ աշխատակիցներ դժգոհել են, որ արդեն մտավախություն ունեն, որ աշխատանքից զրկվելու են:
«Արթմեդի» գլխավոր տնօրեն Արթուր Աբգարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ «Սթրես կենտրոնի» կոլեկտիվի հիմնական մասը՝ բուժանձնակազմը աշխատում է, իսկ ադմինիստրատիվ որոշ հաստիքներ կրճատվել են. «Պահակը, տարեց սանիտարկաները, հաշվապահը: Ի՞նչ կարիք կա մի քանի հաշվապահ պահելու: Գործից ազատվել են այնպիսի աշխատակիցներ, որոնց կարիքը չունենք, ու դրանք շատ փոքր թիվ են կազմում, օրինակ ի՞նչ իմաստ ուներ 2 գլխավոր բուժքույր պահել: Ես նույնիսկ մի ընտանիքից, որ 2 անձ էին աշխատում, կասիրն ազատվել է աշխատանքից, իսկ բուժքրոջը պահել ենք»:
Պարոն Աբգարյանի ներկայացմամբ՝ «Սթրեսս կենտրոնը» «հալից ընկած» ու անպիտան հիմնարկ է եղել, նույնիսկ շենք չի ունեցել. «Տարածք էր վարձակալում, բայց նույնիսկ ծախսերը չէր կարողանում փակել: Պետգույքի բալանսում է եղել, պետական, քանդված հիմնարկ էր, ե՛ւ ֆինասապես եւ գույքային կատաստրոֆիկ վիճակում էր: Եթե մի հատ լուրջ ստուգում լիներ՝ կփակվեր: Պետությունից անիմաստ գումար էին ստանում, ամեն մեկն իր ծանոթին բերել էր տեղավորել աշխատանքի: Ես այսօր այդ կենտրոնը դարձրել եմ հանրապետության լավագույն բուժհիմնարկներից մեկը՝ Արթմեդի տարածքներից մեկում: Իսկ ինչն էլ, որ գնել եմ՝ հին սովետական մահճակալներ, սպիտակեղեն եւ այլն, բերել եմ ու թափել: Այսօր կենտրոնը եվրոպական ստանդարտներով աշխատող հիմնարկ է»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ