Լրահոս
Օրվա լրահոսը

Լյուդմիլա Սարգսյան.«ՍԴՀԿ վարչության անունից հնչող իշխանամետ հայտարարությունները կեղծ են»

Հունվար 09,2013 18:31

«Դա ինքնակոչերի կողմից արված հայտարարություն է, որը ոչ մի իրավական հիմք չունի: Բոլոր այն հայտարարությունները, որոնք կհնչեն ՍԴՀԿ վարչության կողմից եւ ի պաշտպանություն գործող իշխանությունների, կեղծ են: Այդ ինքնակոչերը ոչ մի իրավական հիմք չունեն նման հայտարարություններով հանդես գալու»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՀԱԿ պատգամավոր ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը՝ անդրադառնալով ՍԴՀԿ վարչության անունից տարածված այն հայտարարությանը, որով տեղեկացվում է, որ առաջիկա նախագահական ընտրություններում ՍԴՀԿ-ն սատարելու է Սերժ Սարգսյանի թեկնածությունը:

«Տիգրան Սարգսյանի հովանավորչությամբ եւ Հրայր Թովմասյանի անմիջական աջակցությամբ ակնհայտ կեղծված փաստաթղթերը պարտադրվեց պետռեգիստրին գրանցել՝ այս պահի համար, որպեսզի ապահովեն ավանդական մայր կուսակցության աջակցությունը Սերժ Սարգսյանին՝ նախագահական ընտրություններում»,- ասում է Լյուդմիլա Սարգսյանը՝ հիշեցնելով, որ արդեն տարիների պատմություն ունեցող այդ կոնֆլիկտը դեռ դատական ընթացքում է եւ որեւէ մեկը, բացի Գուրգեն Եղիազարյանի եւ Լյուդմիլա Սարգսյանի անունից որոնք ընդդիմադիր դաշտում ակտիվ գործունեություն են ծավալում, հայտարարություներ անել չի կարող: Տիկին Սարգսյանը նաեւ մեծահոգություն է ցուցաբերում եւ առաջարկում է, որ որեւիցէ մեկը երկու անձի անուն հնչեցնի այն ՍԴՀԿ-ից, որը հանդգնել է իշխանություններին պաշտպանող հայտարարություն անել, որոնց մարդիկ կճանաչեն: Այդ պարագայում նա չի բացառում, որ այլընտրանքային հնչակյանները կարող են լեգիտիմություն վիճարկել:

«Հրայր Թովմասյանը փորձեց օրինականացնել ակնհայտ կեղծված փաստաթղթերը, բայց հույս ունեմ, որ դատարանը արդարացի վճիռ կկայացնի: Ես դրա համար ամեն ինչ կանեմ: Իսկ Հրայր Թովմասյանը դեռ պատասխան կտա: Նա նույնիսկ այնքան քաջություն չունեցավ, որ խուսափեց իմ՝ պատգամավորիս առաջարկից՝ հանդիպել եւ քննարկել այդ հարցը: Ես մտածում էի հանդիպման ժամանակ ցույց տալ այն ակնհայտ կեղծիքները, որոնք հնարավոր է, վրիպել էին նախարարի աչքից: Երեւի շատ լավ հասկացավ, որ դեմ առ դեմ հանդիպման ժամանակ ինքը պարտվելու է, քանի որ բացահայտվելու էին այն բոլոր գործողությունները, որոնք նա կատարել է՝ ՍԴՀԿ-ն տապալելու համար»,- ասաց Լյուդմիլա Սարգսյանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031