Լրահոս
Օրվա լրահոսը

Ամարյան. «Տարածաշրջանում աղանդավորների քանակությամբ Հայաստանն առաջին տեղում է»

Հունվար 09,2013 17:24

«Հայաստանի հոգեւոր դաշտի իրադարձությունները չեն վերահսկվում: Փորձեցինք համապատասխան օրենք ընդունել, որի նախագիծը սառեցվեց: Նոր նախագիծն  էլ Վենետիկյան հանձնաժողովն է մերժում` այն համարելով կրոնական անհանդուրժողականություն: Մինչդեռ ոչ մեկը չի ասում, որ ԵՄ անդամ մի շարք պետություններ այնպիսի բարդ օրենքներ ունեն, որոնք  կրոնական կառույցների կողմից խախտումների դեպքում խիստ պատիժներ են սահմանում: Բայց այդ նույն պետությունները մեզ թույլ չեն տալիս նման օրենք ընդունել: Մեր օրենքը միայն թույլ է տալիս գրանցել, իսկ թե ինչ է, օրինակ, հոգեորսությունը, չի սահմանում»,-այսօր «Տեսակետ» ակումբում ասաց «Քայքայիչ պաշտամունքից տուժածների օգնության եւ վերականգնողական կենտրոնի» նախագահ Ալեքսանդր Ամարյանը:

Խոսելով կենտրոնի գործունեությունից` նա նշեց, որ նախորդ տարի դիմել էր մի երիտասարդ, որը տասը տարի առաջ դուրս էր եկել «Նոր Սերունդ» եկեղեցուց եւ շուրջ տասը տարի բուժվել հոգեբուժարանում. «Ընդ որում՝ նրա վիճակը գնալով վատանում էր: Վերականգնման համար տարիներ են պահանջվում: Առհասարակ, երբ մեկը դուրս է գալիս կրոնական կառույցից, վերջինս բոյկոտում է նրան, մարդիկ էլ արդեն իսկ իմանալով նրա աղանդավոր լինելը` արհամարհում են: Աղանդից դուրս եկածին մնում է ետ դառնալ` հայտնվելով ստրուկի կարգավիճակում, կամ, ինչպես հաճախ է պատահում, ինքնասպանություն գործել: Խնդիրն այն է, որ մենք չունենք համապատասխան մասնագետներ, որոնք կկարողանան արձանագրել կրոնական շարժառիթներով կատարված սպանությունները ու ինքնասպանությունները»:

Ամարյանի խոսքով. «Աղանդավորներն առկա են պետական եւ դատական համակարգերում, բիզնես եւ կրթական ոլորտներում: Առավել վտանգավոր են  բողոքական ճյուղի հետեւորդները` խարիզմատները, հոգեգալստականները, ադվենտիստները, որոնց թիվը Հայաստանում կազմում է շուրջ 180.000:  Առհասարակ, տարածաշրջանում աղանդավորների քանակությամբ Հայաստանն առաջին տեղում է: Հայաստանում ոչ Հայ առաքելական եկեղեցու հետեւորդների թիվը շուրջ 350.000 է»:

Ամարյանը նաեւ ասաց, որ 2012թ.-ի ընթացքում Հայաստանում ի հայտ է եկել չգրանցված երկու կրոնական կառույց` «Աստծո հարսնացուները» եւ «Կենդանի Հավատքը»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031