Լրահոս
Օրվա լրահոսը

«Արամ Սարգսյանը ո՞նց էր ասում` միանշանակ 4 օրից հետո ռեժիմը տապալվելու է»

Հունվար 09,2013 17:04

«ՀԱԿ-ը մարտի դեպքերից հետո միշտ հայ հասարակությանը խոստացել է փոփոխություն եւ արմատական լուծում: Ընդ որում` Արամ Սարգսյանը ո՞նց էր ասում` միանշանակ 4 օրից հետո ռեժիմը տապալվելու է: Լեւոն Տեր-Պետրոսյանը ասում էր` տապալելու ենք: Հիմա ինչ են ասում: Ես այն ժամանակ ասում էի` հասարակության համար «միանշանակ» ոչինչ չի լինում»,- քաղաքագետ Լեւոն Շիրինյանն Aravot.am-ի հետ զրույցում այսպես մեկնաբանեց կոնգրեսականների քննադատությունները` Հրանտ Բագրատյանի նկատմամբ: Ըստ այդ տեսակետի, նրանք, ովքեր առաջադրվում են հիմա, լեգիտիմացնում են Սերժ Սարգսյանի ապօրինի ռեժիմը:

Քաղաքագետի դիտարկմամբ` «Մենք պիտի ռեալիստ լինենք: Կա հեղափոխության ճանապարհ, որն ամբողջ աշխարհում նույնն է: Հայաստանն այդ ռեսուրսը չունի: Մարդկային ռեսուրս չկա: Եթե դուք ուզում եք հեղափոխություն անեք, ձեր գրպանում գոնե պիտի 100 դրամ լինի, որ տրանսպորտ նստեք: Այս պարագայում փողը կարող է դրվել դրսից, որովհետեւ հեղափոխությունը ֆինանսավորում եւ ուրիշ բաներ է պահանջում: Հիմա եղած վիճակով կոնգրեսը կուսակցություն չի, որ կուսակցական կարգապահության հարց են դնում, Բագրատյանին էլ բան են ասում: Հիմա ինչպես ես, այնպես էլ Բագրատյանը ազատ քաղաքացի ենք: Ես իրենց այդ գաղափարները չեմ բաժանում: Իրենք դավաճան են բոլորին հանում, բայց իրենք են դավաճանել ժողովրդին, եթե դավաճանության մասին է խոսքը: Ոչ ոք ՀԱԿ-ին չի դավաճանել, իրենք որեւէ բան չկարողացան անել»:

Քաղաքագետը Հրանտ Բագրատյանի խոսքերից մի տող առանձնացրեց. «Նա մի փայլուն բան ասեց: Ասեց` մեր սխալն այն եղավ, որ ազատագրված տարածքները չվերաբնակեցրինք: Ո՞ր մի նախկին իշխանավոր է նման բան ասել: Սա Սերժ Սարգսյանից էլ է առանձին, Լեւոն Տեր-Պետրոսյանից էլ է առանձին եւ շատ շատերից: Այս առաջադրվածներից ամեն մեկը եթե մի դրական լիցք է բերում մեր հասարակություն, պիտի մնան: Ով որ 96-ին ԱԺ-ի դիմաց ժողովրդի վրա կրակեց ու ասեց իշխանափոխություն չի լինելու` նախապատրաստեց այս օրին, ինչի՞ մասին է խոսքը»:

Թե ինչ է լինելու ՀԱԿ-ի ճակատագիրը, ըստ քաղաքագետի, այն արդեն լուծված է. «ՀԱԿ-ը կուսակցություն չի: Հավաքվեցին գործող ռեժիմը տապալելու համար, չկարողացան, հիմա էլ պիտի ցրվեն, ի՞նչ է եղել: ՀԱԿ-ին մնում է վերականգնվել ու կուսակցություն կազմել: Թող ազատական եւ լիբերալ կուսակցություն ստեղծեն, հավաքվեն, հիմնադիր համագումար անեն: Դրանից Հայաստանը միայն կշահի: Մնացածը թե ով է դավաճան, ով չէ…եթե Բագրատյանը կարող է Ֆրանկլին Ռուզվելտի դերը խաղալ, հրաշալի է, թող խաղա»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031