Լրահոս
Օրվա լրահոսը

Պաշտպանը չի շտապում արձագանքել նախագահի առաջադրված թեկնածուին

Հունվար 09,2013 16:55

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ չի շտապում նախագահական ընտրություններում առաջադրված թոշակառու թեկնածու Պավլիկ Սարգսյանի դիմումի առնչությամբ դիմել ՀՀ Սահմանադրական դատարան:

Ինչպես տեղեկացանք ՄԻ պաշտպանի մամուլի քարտուղար Նաիրա Կարմիրշալյանից, պաշտպանի գրասենյակում Պավլիկ Սարգսյանի դիմումը դեռ նոր է ստացվել։ Եվ ինչպես պարզաբանեց, նախ պետք է ուսումնասիրեն դիմումում բարձրացված խնդիրը, պարզեն արդյոք օրենքի վիճարկվող դրույթը հակասո՞ւմ է ՀՀ Սահմանադրությանը, ուսումնասիրեն նաև միջազգային փորձը, որից հետո միայն, անհրաժեշտության դեպքում, պաշտպանը կդիմի Սահմանադրական դատարան: Օրենքի համաձայն, այդ ամենի համար սահմանված առավելագույն ժամկետը 30 օր է:

Տեղեկացնենք, որ ԿԸՀ-ն հունվարի 8-ին կայացած նիստում ընդամենը 48 ժամ ժամանակ է տվել Պավլիկ Սարգսյանին` օրենքով սահմանված 8 միլիոն դրամ ընտրագրավը վճարելու համար:

«Ես չեմ կարող ասել, թե դա (դիմումի ուսումնասիրությունը և ՍԴ դիմելը կամ դիմելուց հրաժարվելը.- Ծ.Հ.) հնարավոր է այդ ժամկետում անել, հիմա ոչինչ չեմ կարող ասել»,- ասաց մամուլի քարտուղարը:

Վերջինս միաժամանակ տեղեկացրեց, որ Պ. Սարգսյանը պատրաստվում է դիմել առաջին ատյանի դատարան, իսկ ՄԻ պաշտպանին ուղղված դիմումում Սահմանադրական դատարանի անունը չի նշել: Պարզապես օգտվելով ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածով իրեն տրված սահմանադրական իրավունքից, պաշտպանից խնդրել է իր՝ սահմանադրական խախտված իրավունքները 3-օրյա ժամկետում դատական կարգով պաշտպանել, աջակցել իր իրավունքների պաշտպանությանը ՀՀ միջազգային պայմանագրերի, ՀՀ Սահմանադրության և ՀՀ օրենքների շրջանակում:

Նշենք, որ ըստ Պ. Սարգսյանի, ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված 8 մլն դրամ ընտրագրավի վճարման պահանջը հակասահմանադրական է, քանի որ խոչընդոտում է ընտրվելու իր իրավունքը, որն ամրագրված է ՀՀ Սահմանադրությամբ:

Ն. Կարմիրշալյանի հավաստմամբ, բացի Պավլիկ Սարգսյանից, նախագահական ընտրություններում առաջադրվածներից որևէ մեկը դեռ չի դիմել ՄԻ պաշտպանին:

Լուսանկարը՝ Ֆոտոլուրից

«Փաստինֆո»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031