Լրահոս
Օրվա լրահոսը

Դեպի Սյունիք տանող ճանապարհը ձնաբքի պատճառով փակվել էր եւ մեքենաների կուտակումներ առաջացրել

Հունվար 09,2013 15:48

Այսօր առավոտյան, ժամը 11-ի սահմաններում, Երեւան-Մեղրի ավտոճանապարհի Վայոց Ձորի Սարալանջ գյուղի մոտակայքում, ձնաբքի պատճառով մեքենաներ էին արգելափակվել եւ անանցանելի էր դարձել դեպի Սյունիք տանող միջպետական ճանապարհը:

Սյունիք ուղեւորված վարորդների պատմելով` ճանապարհին հարյուրավոր մեքենաներ էին կուտակվել, ճանապարհը փակվել էր ձնաբքի հետեւանքով, տեսանելիությունը ցածր էր, իսկ ձյան առատ տեղումներն էլ շարունակվում էր: Որոշ վարորդներ էլ ճանապարհն այլեւս չեն շարունակել եւ կրկին վերադարձել են Երեւան:

Դժվարանցանելի էր նաեւ Երեւան-Մեղրի մայրուղու «Զանգեր» կոչվող հատվածը, որտեղ մոտ 5-6 մեքենա խցանման մեջ էր ընկել, սակայն կարճ ժամանակահատվածում ապահովվել էր նրանց տեղաշարժը:

«Սիսիան ճանշին» ՍՊԸ տնօրեն Հրաչիկ Գաբրիելյանի խոսքով` այս պահի դրությամբ ձյան տեղումները շարունակվում են, ճանապարհին առկա ձյան շերտը կազմում է 20-30 սմ, ամբողջ գիշեր տեխնիկան մաքրման եւ մշակման աշխատանքներ էր իրականացնում, այս պահին եւս միջպետական մայրուղու վրա աղ ու ավազով մշակման աշխատանքներ են տարվում, սակայն ձյունը պարբերաբար գալիս է եւ կատարած ամբողջ աշխատանքը զրոյի հավասարացնում: Պարբերաբար կրկնվող քամու, ինչպես նաեւ մառախուղի առկայությունը ժամանակ առ ժամանակ դժվարություններ են ստեղծում վարորդների համար: «Այս պահի դրությամբ Զանգերից դեպի Գորիս տանող ճանապարհը բաց է եւ երթեւեկելի, մեքենաների կուտակումներ չկան, բայց ձյունը դեռ շարունակում է տեղալ, իսկ մեր աշխատակիցները ներկա դրությամբ աղ ու ավազով մշակում են ճանապարհը», -«Առավոտ»-ին փոխանցեց Հրաչիկ Գաբրիելյանը:

Երեկվանից սկսած ձյան տեղումները շարունակվում է մարզի ամբողջ տարածքում եւ վարորդներին խորհուրդ է տրվում երթեւեկել ձմեռային անվադողերով:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031