Լրահոս
Օրվա լրահոսը

«Ծնողներ կան, ովքեր չեն կարողանում ամանորյա կենացներից կտրվել ու երեխային թատրոն բերել». Ռուբեն Բաբայան

Հունվար 09,2013 15:45

Ամանորի օրերին երեխաների ուրախ ու տոնական տրամադրությունն ապահովվում էին թատրոններում ցուցադրվող մանկական ներկայացումները: Ակնահայտ է, որ թատրոններն ամեն ինչ արեցին երեխաների հետաքրքրությունները բավարարելու համար, այլ հարց է՝ ծնողներն այդ օրերին կտրվեցի՞ն ամանորյա սեղանից ու իրենց երեխային դարձրի՞ն այդ ամենին մասնակից:

«Իմ 8-ամյա աղջիկը ներկայացումների սիրահար է, ես նրան հաճախ եմ թատրոն տանում՝ անկախ տոներից, այս Ամանորին էլ Խամաճիկների թատրոն էի տարել, նրա երազանքների Լապլանդիան տեսնելու», – ասում է  32-ամյա Թամարա Սամվելյանը:

52-ամյա Զարուհի Հարությունյանն էլ ժամանակ չի ունեցել տնից դուրս գալու, բայց ինչպես ասում է՝ ցանկություն ունեցել է երեխային թատրոն տանելու. «Շատ էի ցանկանում երեխաներիս տանել, բայց այդ օրերին ժամանակ չեղավ ներկայացում գնալու, բայց անպայման այդ բացը կլրացնեմ. ամանորյա թեժ օրերն անցան, այ հիմա ճիշտ ժամանակն է երեխաների հետ թատրոն գնալու», – կարծում է նա:

«Ներկայացումները շատ էին, բայց փորձել եմ գրեթե բոլորին մասնակից դարձնել երեխաներիս. Տիկնիկային թատրոն եմ տարել, Մհեր Մկրտչյանի անվան թատրոն, Երգի պետական թատրոնի ներկայացմանը նույնպես, և մի քանի այլ ներկայացումներ ևս, – ասում է 29-ամյա Անժելա Հայրապետյանն ու ավելացնում,-երեխան պետք է մանկուց ծանոթանա արվեստին, դա հաստատ իր ազդեցությունն ունենում է հետագայում»:

«Ամանոր նշելու գումար շատ ենք ունենում, որ մի հատ էլ ներկայացման տոմս գնենք», – ասում է 49-ամյա Ալինա Բարսեղյանը: Հարցին, թե տեղյա՞կ է արդյոք ինչ արժեք ունեն տոմսերը, տիկին Ալինան պատասխանում է՝ չեմ էլ փորձել ճշտել, մեկ է, թանկ կլինի:

«Տիկնիկային թատրոնի ներկայացումների տոմսերի արժեքը միշտ եղել է 600 – 900 դրամ, իսկ ամանորյա ներկայացումները արդեն որերորդ տարին է 700 դրամ են», – ասում է Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը: Տիկնիկային թատրոնում ամանորյա ներկայացումները սկսել են դեկտեմբերի 19-ից և կտևեն մինչև հունվարի 13-ը ներառյալ: Գեղարվեստական ղեկավարի խոսքով՝ Թումանյանի անունը կրող թատրոնն արդեն իսկ պարտավորեցնող է. «Մենք հնարավոր ամեն ինչ  անում ենք երեխաների Ամանորն ավելի ուրախ դարձնելու համար, իհարկե, ծնողներ կան, ովքեր չեն կարողանում ամանորյա կենացներից կտրվել ու երեխային թատրոն բերել»: Թատրոնի ղեկավարը մտահոգվում է, նշելով, որ հատուկ մտածված քաղաքականություն երեխայի հանդեպ գոյություն չունի:  «Բացի կենացի մակարդակով կենսաձևերից, մենք ավելի խորացված մոտեցում չունենք, -ասում է նա ու ավելացնում,- ես երեխայի հանդեպ սերը ուզում եմ տեսնել գործնական օրինակով. երեխային սիրել նշանակում է սիրել ապագան»:

Տիգրանուհի Թասլակյան

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031