ՀՀ նախագահի թեկնածու, «Քաշաթաղ» ՀԿ նախագահ Ռոբերտ Սիմոնյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ պատրաստվում է դատի տալ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին:
«Օրենք չեն ուզում կիրառել այդ մարդիկ. ես գումար ունեմ, հարցն այդ 8 միլիոնը չէ, բայց ինչո՞ւ վճարեմ, եթե օրենքով նման բան չի նախատեսվում: Ընտրական օրենսգրքի օրենքները Սահմանադրությանը հարմարեցնելու փոխարեն` Սահմանադրությունն են հարմարեցնում Ընտրական օրենսգրքին: Բացառվում է, որ ես վճարեմ այդ 8 միլիոնը. սա խաբեբայություն է, մարդուց դրամ են շորթում»,- ասաց Սիմոնյանը:
Նա նշեց, որ ինքն ընտրագրավի համար անհրաժեշտ 8 միլիոն դրամն ունի, ունի նաև բավարար միջոցներ` քարոզարշավի իրականացման համար, բայց չի վճարի, որովհետև օրենքով նման բան չի նախատեսվում.
«Ես ունեմ միջոցներ` քարոզարշավ իրականացնելու համար, 8 միլիոնն էլ կվճարեի, բայց ինչո՞ւ: Սահմանադրության մեջ հստակ ասվում է, որ Հայաստանի նախագահ կարող է ընտրվել 35 տարին լրացած, վերջին տասը տարում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, մշտապես բնակվող և ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք, ապա էլ ինչո՞ւմն է խնդիրը, ի՞նչ 8 միլիոն ընտրագրավի մասին է խոսքը:
Կարդացեք նաև
Փաստացի ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի գլխավորությամբ և իր աշխատակիցների մասնակցությամբ ու հանցակցությամբ, վերացնելով Սահմանադրության նորմերը, վերացնելով ժողովրդավարության սկզբունքները, պահանջները, խարդախությամբ օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը, խախտելով ՀՀ քրեական օրենսգրքի 143, 149, 119, 300, 304, 309, 223 հոդվածները` մարդկանցից գումար են շորթում անձնական նպատակների համար՝ քանդելով, քայքայելով պետական համակարգը»:
Ռոբերտ Սիմոնյանը նաև ասաց, որ պատրաստվում է բողոք ներկայացնել ՀՀ գլխավոր դատախազություն, ՀՀ հատուկ քննչական ծառայություն, Սահմանադրական դատարան, դատի է տալու Տիգրան Մուկուչյանին, որ ի վերջո` Հայաստանում սովորեն օրենք կիրառել: