Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի տվյալներով՝ ընտրողների 52 տոկոսն արդեն հետաքրքրված է ընտրություններով: Նրանց 34 տոկոսն անպայման կմասնակցի առաջիկա նախագահական ընտրություններին, իսկ 28 տոկոսն արդեն կողմնորոշվել է ՝ ում է ընտրելու: Այսօր «Պոստ սկրիպտում» ակումբում պարոն Ադիբեկյանը նաեւ ասաց՝ եթե ընտրողների 28 տոկոսը մասնակցի ընտրություններին, ՀՀ գործող նախագահը կհավաքի 72 տոկոս ձայն, Րաֆֆի Հովհաննիսյանը՝ 20 տոկոս, Պարույր Հայրիկյանը՝ 3 տոկոս, իսկ հարցականի տակ մնացած 5,6 տոկոս ձայնը կարող է հասնել կամ Հրանտ Բագրատյանին, կամ մնացած թեկնածուներին. «Րաֆֆի Հովհաննիսյանը որպես քաղաքական ուժ թույլ է երևում մյուսների նկատմամբ: Հմայքով նա առաջինն է, գաղափարները բավականին փայլուն են, բայց երկու շատ կարեւոր հանգամանքով՝ որպես քաղաքական ուժ եւ քաղաքական ղեկավար, նա զիջում է մյուս թեկնածուներին: Իսկ ընտրողների զգալի մասը ուզում են տեսնել ուժեղ իշխանություն, լավ ղեկավար: Նա կարող է հմայել կանանց, երիտասարդներին, ինտելեկտուալներին՝ մնալով ռոմանտիկ մեր քաղաքական դաշտում, երազելով հեղափոխության մասին, բայց լուրջ մրցակից նրան համարել չի կարելի»:
Սոցիոլոգի կատարած ուսումնասիրությունների արդյունքում նաեւ պարզվել է՝ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի չառաջադրման դեպքում բնակչության մեծ մասը հենց Րաֆֆի Հովհաննիսյանին է տեսնում որպես ընդդիմության միասնական թեկնածու, ինչը չեն տեսնում արմատական ընդդիմադիրները:
Պարոն Ադիբեկյանը նկատեց, որ շատ բան է կախված նաեւ ՀՅԴ-ից՝ Րաֆֆի Հովհաննիսյանի՞, թե՞ Հրանտ Բագրատյանի կողմը կուղղորդի Գերագույն մարմինն իր շարքային անդամներին:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ