Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Բանավեճ՝ բալետային ընտանիքում

Հունվար 09,2013 13:34

Արտերկրում ստեղծագործող հայաստանցի արտիստները ձգտում են Ամանորը նշել հայրենիքում: «Առավոտը» հանդիպեց 2002 թվականից «Բալետ-Ցյուրիխի» մենապարող Արման Գրիգորյանի հետ, ով առայսօր միակ հայ պարողն է, որ 2008թ. արժանացել է Կաննի փառատոնի բարձրագույն պարգեւի: Եվ քանի որ Հայաստանում գտնվելու օրերին, հասկանալի պատճառով, Արմանի ուղեկիցները մշտապես ծնողներն էին՝ Երեւանի պարարվեստի ուսումնարանի տնօրեն Արմեն Գրիգորյանն ու մանկավարժ-պարուսույց Մարինե Գրիգորյանը, նրանք էլ մասնակցեցին զրույցին: Սա էլ առիթ հանդիսացավ մեր ներկայությամբ որդու ու ծնողների փոքրիկ բանավեճի՝ բալետային արվեստի շուրջ:

Բալետային արվեստում հնարավոր չէ հասնել բարձունքների՝ միայն ամենօրյա ուսումնական պարապմունքներ ու վարժություններ սերտելով: Մանավանդ փոքրիկները պետք է ամեն օր զգան բալետային թատրոնի շունչը, ապրեն կենդանի բեմով, բացահայտեն ոչ միայն սեփական եսը, այլ նաեւ դաստիարակվել անսամբլային արվեստի մշակույթով: Միայն գեղարվեստական կերպարի կերտման գաղափարը կարող է երեխային ստիպել աշխատել ու գնալ զոհողությունների, ինչը թելադրում է բալետային արվեստը: Մինչ ծնողները «կարդարանային», թե ինչու ոչ քոլեջում, ոչ էլ օպերային թատրոնում չկան մանկական բալետային ներկայացումներ, Արման Գրիգորյանն ասաց, որ աշխարհի բալետային ստուդիաներն ու թատրոնները իրենց խաղացանկում ունեն շուրջ 5 մանկական ներկայացում եւ աշխարհը գիտակցում է, որ հենց փոքրուց ապագա պարողները պետք է շփվեն ավագների հետ: Ընդհատելով որդուն՝ Արմեն Գրիգորյանը հիշեցրեց, որ ազգային օպերային թատրոնում վերջին մանկական ներկայացումները (Չայկովսկի՝ «Շչելկունչիկ», Պրոկոֆեւ՝ «Մոխրոտը») անվանի խորեոգրաֆ Մաքսիմ Մարտիրոսյանի բեմադրությամբ բեմ են բարձրացել 1980-ական թվականների սկզբին, նաեւ փաստեց, որ անցյալ տարվա վերջին քոլեջի սաները ներկայացրել են երկու համերգային ընդարձակ ծրագիր՝ քոլեջի մանկավարժներ Վիլեն Գալստյանի, Հովհաննես Դիվանյանի, Աննա Մարիկյանի, Էլվիրա Մնացականյանի, Հրաչյա Հովհաննիսյանի եւ այլոց ուժերով:

Արտերկրյա բեմերում մշտապես փայլող հայաստանցի իր գործընկերների մասին էլ Արմանն ասաց, որ օրերս իտալական պարբերականներից մեկն անդրադարձել է 5 հայ պարողների ստեղծած եւ աշխարհում ճանաչում գտած «Հզոր զգացմունքներ» խմբին: Մեր զրուցակիցը հայտնեց, որ իրենց ոգեւորել է իտալացի հոդվածագրի այն միտքը, թե հայկական բալետային դպրոցը, շնորհիվ Երեւանի պարարվեստի քոլեջի, իր տեղն ունի աշխարհի բալետային քարտեզի վրա:

Հաստատելով մեր տեղեկությունը, թե քոլեջի սաները օպերային թատրոնի արտիստների հետ գարնանը հայ ժամանակակից ստեղծագործողի երաժշտությամբ հանդես են գալու նույն բեմադրության մեջ, Մարինե Գրիգորյանը նախ պատասխանեց, թե նախնական «Շեկ Ավետարան» անվամբ նախագիծն իրականացնում են Նորայր Մեհրաբյանն ու Արմեն Գրիգորյանը՝ բեմադրիչ Արթուր Սահակյանի ռեժիսուրայով, որի երաժշտության հեղինակն է ճանաչված երգահան-երաժիշտ Դավիթ Ամալյանը, հետո էլ հավելեց. «Մեր քոլեջը ձեռնամուխ է եղել Օսկար Ուայլդի «Քենտերվիլյան ուրվականը» նովելի հիման վրա երկու մասից կազմված բալետային բեմադրության իրականացմանը: Ժամանակից առաջ ընկնելով՝ նշեմ, որ քոլեջի շուրջ 500 սաներ եւ ուսուցիչներ իսկապես ի զորու են բեմադրելու այս հանրահայտ գործը, ինչը ներառում է դասական երաժշտություն, դասական գրականություն եւ դասական պար: Սա յուրօրինակ եռամիություն է, որը համարյա բացակայում է մեզանում: Այս ներկայացումը, որը հանդիսատեսի դատին կհանձնվի հավանաբար այս տարվա  աշնանը, նվիրվելու է մեր պարարվեստի սյուներ հանդիսացող Թերեզա Գրիգորյանի ու Ազատ Ղարիբյանի ծննդյան 90-ամյակին»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031