Լրահոս
Օրվա լրահոսը

«Սխալ բան եմ տեսել, ծեծել եմ»

Հունվար 09,2013 13:23

Ասում է 29-ամյա կնոջը սպանած 58-ամյա ամուսինը

58-ամյա Ա. Դեմիրխանյանը 12 տարի եւ 6 ամսվա ազատազրկման է դատապարտվել 29 -ամյա կնոջը սպանելու համար: Թե Լոռու մարզի առաջին ատյանի, թե ՀՀ վերաքննիչ քրեական դատարանները կնոջը սպանելու մեջ մեղավոր են ճանաչել Ա. Դեմիխանյանին: Վերջինս, համաձայն չլինելով երկու ատյանների կայացրած որոշումների հետ, դիմել էր ՀՀ վճռաբեկ դատարան: 58-ամյա ամուսինը հայտարարել էր, որ ինքը միշտ էլ համատեղ կյանքի ընթացքում ծեծել է կնոջը, բայց սպանել չի ցանկացել:

«Ծեծել եմ, որ սխալ բաներ եմ տեսել, ծեծել եմ»,- ասել էր նա:

ՀՀ վճռաբեկ դատարանը, սակայն, նախագահությամբ դատավոր Դ. Ավետիսյանի, վերադարձրել է բողոքը՝ անփոփոխ թողնելով իր երկու նախորդների՝ 12 տարի եւ 6 ամիս սահմանած պատժաչափը: Համաձայն մեղադրական եզրակացության՝ 2011 թվականի աշնանը Ա. Դ.-ն Ստեփանավան քաղաքի հանգստյան տներից մեկի պահակակետում ալկոհոլային հարբածության վիճակում խանդի հողի վրա վիճաբանել է իր կնոջ՝ 29-ամյա Ի. Շիշլոյի հետ եւ նրա գլխի շրջանում մարմնական վնասվածքներ հասցնելով՝ կնոջը զրկել կյանքից: Վկաներից Լ. Բ.-ի դատաքննական ցուցմունքով պարզվել է, որ երբ ինքը մտել է պահակակետ, հատակին արյան հետքեր է նկատել, վարագույրի հետեւում էլ նկատել է տուժողին՝ արյունոտված:

«Շիշլոն հազիվ էր արձագանքում, վրան ուշք չկար, Ա. Դ.-ն էլ վախեցած էր, գույնը գցած, լարված, զրուցելիս ասում էր՝ էս ինչ արեցի, ու լացում էր հոնգուր-հոնգուր»,- դատարանում պատմել է վկան՝ ուշադրություն հրավիրելով այն հանգամանքին, որ Դեմիրխանյանը ալկոհոլային խմիչք ընդունած ժամանակ միշտ էլ աչքի է ընկել ոչ համարժեք վարքագծով:

«Որ խմում է, վիճակը կտրուկ փոխվում է, այլ ռեակցիաներ է սկսում մոտը»,- բացատրել է նա: Բոլոր վկաները միաբերան պնդել են, որ հաճախակի են տեսել Շիշլոյին կապտուկներով ու վնասվածքներով:

Ա. ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

Վանաձոր

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031