Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Կնոջը «մի ապտակով» սպանած տաշիրցին դատապարտվեց 7 տարվա ազատազրկման

Հունվար 09,2013 13:20

Տաշիր քաղաքի բնակիչ՝ ազգությամբ եզդի 46-ամյա Սերգեյ Ախմեդովը 7 տարվա ազատազրկման է դատապարտվել կնոջը՝ Նատալյա Մովսիսյանին անզգուշությամբ կյանքից զրկելու համար:

ՀՀ վճռաբեկ դատարանը վերադարձրել է նրա փաստաբան Ալեքսանդր Ծատինյանի բողոքը` այդկերպ օրինական հողի վրա դնելով Լոռու մարզի  առաջին ատյանի դատարանի կայացրած որոշումը:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Սերգեյ Ախմեդովն իր տան բակում կենցաղային հողի վրա առաջացած վիճաբանության ընթացքում մի քանի անգամ ձեռքով հարվածներ է հասցրել կնոջ դեմքին եւ գլխին՝ դիտավորությամբ պատճառելով վերջինիս առողջությանը ծանր վնաս: Արդյունքում՝ Նատալյա Մովսիսյանը դեպքից 12 օր անց ներգանգային հեմատոմայից մահացել է «Տաշիրի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում:

«Առավոտը», անդրադառնալով այս դատաքննությանը,  դատական նիստերից մեկի ժամանակ արձանագրել էր, որ հակառակ առաջադրված մեղադրանքին՝ Սերգեյ Ախմեդովը պնդել է, թե  իր հասցրած ապտակը չէ կնոջ մահվան պատճառը. կինը տան աստիճաններից վայր է ընկել, ինքն էլ, ընտանեկան հանգամանքներից ելնելով, կարծել է, թե նա խուսափում է իրեն օգնելուց՝ այդ օրը մահացած մոր հանդերձանքը կարգի բերելու գործում, ուսերից բռնելով՝ մեկ անգամ հարվածել է կնոջը:

«Ուսերից բռնեցի ու ապտակեցի նրա քիթ-բերանին, էլ ոչ մի բան չեմ արել, աստիճաններից ընկնելուց է վնասվել»,- դատարանում բացատրել է Ախմեդովը՝ ափսոսանք հայտնելով կնոջ մահվան կապակցությամբ:

Նրա փաստաբան Ալեքսանդր  Ծատինյանը «Առավոտի» հետ զրույցում նշում է, որ դատարանները անտեսել են այնպիսի հանգամանքներ, որոնք  կարող էին  հօգուտ Ախմեդովի դիտվել:

Նա պնդում է, որ Նատալյա Մովսիսյանի մահը վրա է հասել ոչ թե ամուսնու պատճառած վնասի հետեւանքով, այլ տուժողի հետագա գործողություններն են մահվան պատճառ դարձել:

«Նա հրաժարվել է բուժում ստանալուց, բացի դրանից՝ բուժումը ստանալու ընթացքում օգտագործել է ալկոհոլի մեծ քանակություն: Բնականաբար, նման պայմաններում հնարավոր չէր, որ նա արդյունավետ բուժում ստանար: Այս հանգամանքին դատարանները ուշադրություն չեն դարձրել»,- բացատրում է Ա. Ծատինյանը:

Համաձայն փորձաքննության տվյալների՝ Նատալյա Մովսիսյանը «Տաշիրի բժշկական կենտրոն» ՓԲԸ ընդունվելու հաջորդ օրը ինքնակամ դուրս է գրվել, արդյունքում՝ բուժանձնակազմը զրկվել է բազմակողմանի հետազոտությունների եւ մահվան պատճառը պայմանավորող հիմնական մարմնական վնասվածքը՝ ներգանգային հեմատոման հայտնաբերելու հնարավորությունից:

«Տեսականորեն կարելի է նշել, որ եթե հիվանդ Մովսիսյանը ինքնակամ չհեռանար հիվանդանոցից, գտնվեր բժիշկների դինամիկ հսկողության տակ, հայտնաբերվեր հեմատոման, ապա չի բացառվում, որ ժամանակին կատարված վիրահատությամբ հնարավոր լիներ փրկելու նրա կյանքը»,- նշված է կատարված փորձաքննության հետեւության բաժնում:

ԱՆՈՒՇ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

Վանաձոր

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031