Ռուբեն Թովմասյանը՝ ՀԱԿ-ի եւ իր ղեկավարած կուսակցության մասին
Անցյալ տարեվերջյան իր պլենումում Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտկոմի պլենումը եւս որոշեց, որ նպատակահարմար չեն գտնում 2013 թվականի նախագահական ընտրություններում սեփական թեկնածուի առաջադրումը, ինչպես նաեւ որեւիցե թեկնածուի սատարելը: ՀԿԿ-ն սույն որոշումը կայացրել է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ «վերջին 22 տարիների ընթացքում ՀՀ-ում բոլոր մակարդակների ընտրությունները չեն անցնում արդար, ազատ, թափանցիկ եւ ժողովրդավարական մթնոլորտում», այլ ուղեկցվում են «կեղծիքներով, ընտրակաշառքով, ընտրողների թվաքանակի ուռճացման պայմաններում, որի փայլուն ապացույցն էին 2012 թվականի մայիսի 6-ի ԱԺ ընտրությունները»: Տարեվերջյան իր հարցազրույցներից մեկում ՀԿԿ ԿԿ առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը խիստ քննադատության էր ենթարկել ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ նախագահական ընտրություններին չմասնակցելու որոշումը՝ ասելով, որ «վատ պարողին միշտ էլ ինչ-որ բան խանգարում է»: Ռ. Թովմասյանը նկատի էր ունեցել, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը պարզապես այս քրեաօլիգարխիկ համակարգի դեմ պայքարելու ռեսուրս չունի, հետեւաբար ինչ-որ անընդունելի պատճառաբանություններով հրաժարվեց պայքարից: Երեկ «Առավոտը» Ռուբեն Թովմասյանից հետաքրքրվեց՝ եթե փորձենք զուգահեռել ՀԿԿ ԿԿ պլենումի որոշումը եւ Լեւոն Տեր-Պետրոսյանին ուղղված իր քննադատությունը, արդյոք կարելի՞ է դրանք Կոմկուսին էլ վերագրել: Ռուբեն Թովմասյանը հակադարձեց. «Ես այդպես չէի համադրի, որովհետեւ առաջին նախագահը բավականին լուրջ պարտավորություններ ուներ ժողովրդի առջեւ եւ խոստումներ, որ նա տալիս էր, թե վերադառնալուց հետո ամբողջությամբ քանդելու, կազմաքանդելու է ավազակապետությունը, որ սա բանդիտների կազմակերպություն է, բանդիտներն են ղեկավարում երկիրը եւ այլն, եւ այլն: Ունենալով, ինչու՝ ոչ, բավականին մեծ փորձ՝ արտասահմանյան զանազան դեսպանատներում եւ պատրիարքությունների հետ, նա բոլոր հնարավորություններն ուներ առաջադրվելու: Տանել մասսաներին իր ետեւից չորս տարի, սպիտակ թաշկինակը ձեռքին՝ մենախոսությամբ ու մենապարով հանդես գալը՝ ասում էր, որ նա լուրջ հայտ է ներկայացնելու նախագահական ընտրություններին: Բայց բանից պարզվեց, որ այդ «լուրջ հայտը» թերթերից մեկի մի անկյունում տված հարցազրույցն էր, որ չի առաջադրվելու: Իսկ ի՞նչ պատասխան պետք է տա առաջին նախագահն այն մասսաներին, որոնք իրեն հավատացել են եւ, ցավոք, դեռ հավատում են: Ի՞նչ պատասխան պետք է տա այն 10 զոհերին եւ նրանց հարազատներին, ովքեր անմեղ տեղը զոհվեցին՝ նաեւ այս իշխանությունների հաբռգած լինելու պատճառով: Բայց այդ մարդիկ առաջին նախագահի ետեւից էին գնում, ու նա պարտավոր էր նրանց կողքին կանգնել. եթե ժամանակին այդպես վարվեին Կամոն, Ստեփան Շահումյանը եւ մյուսները, ապա հաստատ համոզված եմ, որ 1917 թվականի հեղափոխությունը կձախողվեր: Բայց նրանք իրենց կյանքի գնով կանգնեցին մինչեւ վերջ՝ ժողովրդի հետ ու ժողովրդի համար: Իսկ Տեր-Պետրոսյանը փախավ-գնաց մտավ սովետական տարիներին կառուցված դղյակը, որը Կենտկոմի ոչ մի հեռացված քարտուղար իրեն թույլ չէր տվել խնդրել, որովհետեւ 7-8 երեխայով նեղված վիճակում է ապրում»: Ռուբեն Թովմասյանի խոսքով՝ ՀԿԿ-ն նաեւ ֆինանսական խնդիրների պատճառով է որոշել ձեռնպահ մնալ նախագահական ընտրություններին մասնակցելուց: Իսկ ՀԱԿ-ի մասով հիշեցնում է, որ դեռ ամիսներ առաջ էր ինքն ասել, որ «ՀԱԿ-ն ազգային կատակերգություն է», իսկ այժմ՝ «կատակերգությունն ավարտված է, դիմակները՝ հանված»: Առաջիկայում ՀԿԿ-ի խնդիրն է լինելու ստեղծել «կազմակերպված բանվոր դասակարգ, այնպիսի գաղափարական իրավիճակ, որը կտանի դասակարգային պայքարի, ինչը կբերի մարդու կողմից մարդուն շահագործելու այս արատավոր համակարգի վախճանին»: Այս համատեքստում ենթադրվում է արհմիությունների դերի բարձրացում, որոնք այժմ միայն անունով են աշխատավորների շահերի պաշտպան: Թովմասյանը գտնում է, որ իրենց ընտրողները բնավ էլ պարտադիր չէ, որ որեւէ մեկի կողքին կանգնեն, մանավանդ, որ նախնական քննարկումներում միանգամայն կիսել են նման որոշում ընդունելու կուսակցական ղեկավարության տրամադրությունները: «Մեր խնդիրը բարդ է՝ մենք երկիր ենք կառուցել, կառավարել, մենք մտածում ենք, որ կուսակցությունը ամրապնդվի, երիտասարդներով թարմանա, որպեսզի առաջիկայում կարողանանք լուրջ պայքար մղել: Ես եկել եմ այն եզրակացության, որ ճշմարտությունը երբեք հանգիստ չես վերցնի՝ բռունցքներ են պետք»,- ասում է ՀԿԿ ԿԿ առաջին քարտուղարը: Թովմասյանի կարծիքով՝ «բռունցքները չեն ուշանա», քանի որ դրանք վեր բարձրացնելու համար բոլոր անհրաժեշտ նախապայմանները կան:
Իսկ ընդհանրապես, հետեւելով նախընտրական այս գործընթացներին, Ռուբեն Թովմասյանը «շոկի մեջ է»: «Մարդիկ տրնգի էին պարում՝ առաջադրվելու ենք, առաջադրվելու ենք… նախագահի ինստիտուտն այնքան է հասարակացել, որ ով ասես՝ կարող էր տեղից վեր կենալ եւ ասել, թե առաջադրվում է: Տո, մի ձեզ նայեք, ձեր անցած ճանապարհը նայեք ու նոր մտածեք, որ կարող է եւ նախագահ դառնաք: Ի՞նչ ասես այդ մարդկանց»,- վրդովվեց ընկեր Թովմասյանը՝ կանխատեսելով, որ այս ընտրություններում էլ «ստի տոպրակի հետ նաեւ դոլարի տոպրակն է բացվելու»: Այս համատեքստում ընկեր Թովմասյանը հիշում է կուսակցական առաջնորդներից Վլադիմիր Իլյիչին, ով Կոմկուսը մշտապես ջանում էր զերծ պահել սնապարծությունից, կաշառակերությունից եւ անգրագիտությունից: «Այդ թեկնածուների մեջ մարդ կլինի, որ իսկի իր ընտանիքը իր օգտին չի քվեարկի: Խոսքը երկրի, պետության ղեկավարի մասին է: Սա խայտառակություն է»:
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կարդացեք նաև
«Առավոտ» օրաթերթ