«Կարծում եք կատա՞կ էր անում Լեւոն Տեր-Պետրոսյանը, երբ ասում էր՝ սպասում եմ դաբրոն ստանամ: Չէէէէ՜: Իմաստը նրանում էր, թե ես կկարողանա՞մ հիմա նրանց հետ համաձայնության գալ, թե՞ ոչ, թե՞ կհայտնվեմ Սահակաշվիլու դերում»,- այսօր «Հայելի» ակումբում ասաց ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանը:
ԲՀԿ անդամ Վարդան Բոստանջյանի գնահատմամբ՝ Հայաստանում ստեղծված է մի յուրօրինակ կամ տարօրինակ վիճակ. «Կարծում եմ, քաղաքական դաշտը կաթվածահար վիճակում է: Հետաքրքիր մի բան է առաջացել, ըստ էության երկու ընդգծված քաղաքական ուժեր հրաժարվեցին մասնակցել»: Ըստ Վարդան Բոստանջյանի, պետք է գնահատել Հայրիկյանի ավանդը, որը պայքարել է անկախության, ազատության համար:
Ինչ վերաբերում է Հրանտ Բագրատյանին, նրա խոսքերով՝ «Մենք մեր արժեքները երբեմն չենք հասկանում: Հրեաները կարող էին մինչեւ անգամ Բագրատյանին Նոբելյան մրցանակ տալ»: ՀԴԿ առաջնորդը արձագանքեց սրտի ցավով. «Վաաա՛յ: Ռեֆորմատորը…լսեք, մասնավորեցումը այն ձեւով, ինչ եղել է Բագրատյանի օրոք, որեւէ մեկն արե՞լ է»:
Բոստանջյանը շարունակեց սատարել Բագրատյանին՝ հորդորելով Արամ Սարգսյանին ֆիզիկա սովորել ու հասկանալ, որ բեւեռացումը պետք է՝ նոր զարգացման համար. «Լավ չեք սովորել»: «Ֆիզիկային լավ էլ ծանոթ եմ, դպրոցում լավ էլ սովորել եմ»,- ասաց Արամ Սարգսյանը:
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է Րաֆֆի Հովհաննիսյանին, պարոն Բոստանջյանի գնահատմամբ՝ նա էլ ժողովրդավարության դրոշակն է մեր երկրում՝ ուզենք դա, թե չուզենք:
Էպոսագետն էլ հետաքրքիր երեւույթ է: Aravot.am-ը խնդրեց կարծիք հայտնել մյուս թեկնածուների մասին էլ, մասնավորապես՝ Սերժ Սարգսյանի: Վարդան Բոստանջյանի խոսքերով՝ «Սերժ Սարգսյանը մի մարդ էր, որը մեր պայքարի առաջին օրվանից գտնվել է բարդ, հակասական երեւույթների մեջ եւ բոլոր պարագաներում եղել է հաղթող: Հիմա կմտածեք, որ գովում եմ էդ մարդուն: Ըտենց մտածեք: Ես հակված եմ մտածելու, որ այո, անցած ժամանակահատվածում մեր հասարակությունը չնպաստեց, որ նա կարողանար ամենաարդյունավետ ձեւերով ներկայանար հասարակությանը»: Մեր դիտարկմանը՝ հասարակությունը ի՞նչ մեղավոր էր, որ ասենք, նրա եղբորորդին այսօր կրակոցներ է անում քաղաքի կենտրոնում, ի՞նչ դեր ուներ հասարակությունը՝ նա պատասխանեց, որ «Ամեն ընտանիքում էլ կան…մինչեւ անգամ մեր տանն էլ կարող է լինել»:
Լրագրողները խնդրեցին մեկնաբանել այն, որ այսօր Գագիկ Ծառուկյանին ու Լեւոն Տեր-Պետրոսյանին համեմատում են շախմատային փղերի հետ: Վարդան Բոստանջյանը պատասխանեց, որ դա կդասի իր համեմատությունների զինանոցում:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Տեսանյութը՝ «Ա1+»-ի