«Դեկտեմբերի 19-ից հունվարի 13-ը Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում խաղում են ամանորյա հանդես-ներկայացումները, այդ թվում նոր պիես` Նաիրա Եդիգարյանի եւ Լարիսա Մանգասարովայի կողմից: Ներկայացումը բաղկացած է 2 մասից` հանդես տոնածառի շուրջ, որի ակտիվ մասնակիցն է երեխան, եւ բուն` երաժշտական եւ հերտաքրքրիր ներկայացումը: Երեխաները եւ ծնողները գոհ են ներկայացումից»,- այսօր «Տեսակետ» ակումբում ասաց տիկնիկային թատրոնի ռեժիսոր Ռուբեն Բաբայանը:
Նա նշեց, որ 2012թ-ին թատրոնը վերաբեմադրել է «Պոչատ աղվեսը», իսկ այս տարի կվերաբեմադրվի «Շունն ու կատուն». «Բեմադրել ենք նաեւ «Ալիսան հրաշքների աշխարհում» ներկայացումը, որը, կարծում եմ, լավ ճակատագիր կունենա: Թատրոնը կրում է Թումանյանի անունը, ինչը պարտավորեցնող է: Խաղացանկում ներառված է Թումանյանի 7 գործ: Ի դեպ, «Մաշան եւ արջը» մենք չունենք»:
Բաբայանի խոսքով. «Որքան շատ լինեն երեխաների եւ մեծահասակների համար նախատեսված հանդեսներ ու ներկայացումներ, այնքան մարդկանց կկտրենք սեղանից, Նոր տարին էլ հաճելի կանցնի: Տոնական օրերը շփման եւ զվարճանքի համար են: Անձամբ ես ձանձրանում եմ հյուր գնալուց եւ սեղանի շուրջ նստելուց: Ժամանցը ենթադրում է նաեւ դասական երաժշտություն, որը չի կարելի կապել միայն թաղումների հետ: Պետք է հասկանալ, որ ռաբիզով քաղաքացի չեն կրթում, որովհետեւ դա սահմանափակ, ստրուկ մարդու երաժշտություն է: Մենք տխրում ենք հայկական, եւ ուրախանում` թուրքական երաժշտության տակ, մինչդեռ ազգային հրաշալի երգեր ունենք, որոնցով կարելի է լավ քեֆեր անել»:
Ռեժիսորը նաեւ ասաց, որ երեխաներին սիրելու հարցում ձեւականություն է տեսնում. «Ուզում եմ այդ սերը գործնականում տեսնել: Չեմ հավատում երեխայի հանդեպ սիրուն, երբ տեսնում եմ փողոցը երեխայի հետ անթույլատրելի հատվածով հատող մորը: Երեխային սիրել` նշանակում է մտածել նրա ապագայի մասին: Տարեկան մի քանի անգամ սեղանի շուրջը խմող ծնողներին տեսնելու փոխարեն երեխան իր կյանքը նոր երեւույթներով պետք է լցնի»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ