Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարությունը դեմ է կարգազանց համարել բացակա պատգամավորի փոխարեն գրանցվող կամ քվեարկող պատգամավորին

Հունվար 09,2013 11:57

ՀՀ կառավարությունը դեմ է Ազգային ժողովի կանոնակարգ-օրենքում լրացումներ կատարելու մասին «Ժառանգություն» խմբակցության անդամների հեղինակած օրենքի նախագծի ընդունմանը: Օրինագծի վերաբերյալ կառավարության եզրակացության նախագիծն ընդգրկված է ՀՀ կառավարության հունվարի 10-ի նիստի օրակարգում:

Ընդդիմադիր պատգամավորներն առաջարկում են կարգազանց համարել բացակա պատգամավորի փոխարեն գրանցվող կամ քվեարկող պատգամավորին, և նրա նկատմամբ սահմանել ԱԺ կանոնակարգ-օրենքով նախատեսվածից առավել խիստ կարգապահական միջոց: Այն է` ԱԺ նիստը վարողն օրենքով սահմանված կարգով հանցագործության մասին պետք է հաղորդում ներկայացնի ՀՀ իրավապահ մարմիններին, քանի որ, ըստ հեղինակների, «նման արարքը համարվում է պաշտոնական կեղծիք»:

Ըստ կառավարության եզրակացության, առաջարկվող լրացումը չի բխում ՀՀ քրեական օրենսգրքի 5-րդ հոդվածի պահանջներից, որոնց համաձայն արարքի հանցավորությունը, դրա պատժելիությունը և քրեաիրավական այլ հետևանքները որոշվում են միայն քրեական օրենքով: Կառավարությունն ընդգծում է, որ այն չի բխում նաև ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի պահանջներից, որի 1-ին մասի համաձայն պաշտոնեական կեղծիք է համարվում պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակով կամ անձնական այլ դրդումներով կամ խմբային շահերից ելնելով՝ պաշտոնեական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելը, կեղծում, քերվածք կամ այլ թվական գրառումներ կամ փոփոխություններ կատարելը, ինչպես նաև կեղծ փաստաթղթեր կազմելը կամ հանձնելը:

Միաժամանակ կառավարությունը գտնում է, որ բացակա պատգամավորների փոխարեն գրանցվելու կամ քվեարկելու հարցերը պետք է լինեն Էթիկայի հանձնաժողովի քննարկման առարկա:

«Փաստինֆո»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել