Իտալիայի ամենահեղինակավոր մարզական հրատարակությունը՝ Gazzetta dello Sport-ն, իր ընթերցողների շրջանում հարցում է անցկացրել՝ իմանալու, թե ո՞վ է բոլոր ժամանակների եւ ազգերի լավագույն մարզիկը: Նախաձեռնությունը կեսկատակ, թե կեսլուրջ նվիրված է եղել աշխարհի վերջին, սակայն գաղափարի հեղինակները վստահ են եղել, որ մարզասերները վերջնական եւ անդառնալի վճիռ կկայացնեն: Ընթերցողները հարցմանը վերաբերվել են ամենայն լրջությամբ, հիշել նախկին մարզիկներին՝ չմոռանալով նաեւ գործողներին: Տարբերակներն այնքան շատ են եղել, որ արդյունքներն ամփոփելիս ձայների տոկոսային հարաբերությունը շատ փոքր է եղել:
Լավագույն մարզիկ ճանաչվել է «Մեծ սաղավարտի» 17 տիտղոս նվաճած շվեյցարացի թենիսիստ Ռոժե Ֆեդերերը, որն ստացել է ձայների 14,8%: Նա երկու տոկոսով առաջ է անցել 2012 թվականի լավագույն ֆուտբոլիստ Լիոնել Մեսսիից՝ 12,8%: Երրորդ տեղում ֆուտբոլի արքա Պելեն է՝ 12,2%, չորրորդում՝ Դիեգո Մարադոնան՝ 10,8%: Հնգյակը եզրափակել է Մոհամեդ Ալին՝ 10,6%:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ